Երեկ իր նիստի 7 հարցերից բաղկացած օրակարգը միաձայն հաստատելովՙ սկսեց աշխատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Օրակարգի առաջին 3 հարցերը վերաբերում էին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, ձերբակալվածների, կալանավորվածներիՙ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ԱԺ ընտրությունների քվեարկության նախապատրաստման եւ անցկացման կարգը սահմանելուն, ինչպես նաեւ վերը նշվածին վերաբերող ԿԸՀ 2 որոշումներում լրացումներ կատարելուն։ Միաձայն քվեարկությամբ նշված 3 նախագծերով ըստ էության ԱԺ ընտրություններին վերաբերող կարգերում ավելացվեցին նաեւ հանրաքվեի անցկացման մանրամասներ։
Օրակարգի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերով ներկայացված նախագծերը վերաբերում էին համապատասխանաբար ԿԸՀ-իՙ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգերը հաստատելու մասին որոշումներում փոփոխություններ կատարելուն։
Նախորդ ընտրություններում այդ կանոնակարգերով աշխատելու պարագայում ինչո՞վ է պայմանավորված դրանցում փոփոխություն մտցնելը։ Նշենք, որ փոփոխությունը վերաբերում էր այն դրույթը հանելուն, համաձայն որի ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ եւ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում։
Նախագծերը ներկայացնող ԿԸՀ քարտուղարը պարզաբանեց, որ նախորդ 2 ընտրություններում էլ եղել են տարբեր բողոքներ, համաձայն որոնց հենց այս դրույթի առնչությամբ Ընտրական օրենսգիրքը եւ հաստատված կանոնակարգերը նույն խնդրի վերաբերյալ տարբեր բաներ են ասում։
Ի վերջո, միաձայն քվեարկությամբ հաստատվեցին նաեւ օրակարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ հարցերը։
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր քվեատուփի ձեւը հաստատելուն, եւ նախագիծը ներկայացրեց ԿԸՀ անդամ Զավեն Պլուզյանը։ Համաձայն նախագծի, այս ընտրություններում քվեատուփը կլինի ուղղանկյուն զուգահեռանիստ, 700 մմx500 մմx500 մմ չափերով, քվեատուփի ճեղքի լայնությունը 3 մմ, երկարությունըՙ 100 մմ։ Այնուհետեւ, ըստ որոշման նախագծի, նշվում է, որ թույլատրելի լինի քվեատուփերի չափերի շեղումը 10 տոկոսի չափով, հնարավորության դեպքում քվեատուփերը պատրաստվեն թափանցիկ նյութից։
Այս հարցի կապակցությամբ հանձնաժողովը երկար քննարկում ունեցավ։ Նախ առաջարկը ներկայացնելովՙ Զավեն Պլուզյանը առաջարկեց ԿԸՀ նախագահին, որ եղած մոտ 10¬օրյա ժամկետում թափանցիկ քվեատուփեր ձեռք բերելու հնարավորությունները ստուգի։ Այս կապակցությամբ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը նշեց, որ արդեն 3 ամիս բանակցություններ վարել են եւ, ցավոք, չի գտնվել հնարավորություն, որպեսզի դոնորների տրամադրած գումարով հնարավոր լինի պատրաստել անհրաժեշտ չափի թափանցիկ քվեատուփեր։
Խնդիրն այն է, որ մայիսի 25-ի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներ կլինեն ե՛ւ կուսակցական ցուցակի, ե՛ւ մեծամասնական թեկնածուների, ե՛ւ հանրաքվեի կապակցությամբ։ Եվ քանի որ այդ բոլոր քվեաթերթիկները հնարավոր չի լինի տեղավորել նախկին թափանցիկ քվեատուփերում, ուստի անհրաժեշտություն կա պատրաստելու շատ ավելի մեծերը։
Այնուհետեւ ԿԸՀ անդամները սկսեցին քննարկել նախատեսվող քվեատուփի ճեղքի լայնության, ինչպես նաեւ երկարության հարցը։ Առաջարկություն եղավ նաեւ որոշման նախագծից հանել թափանցիկ քվեատուփեր պատրաստելու մասին կետը։
ԿԸՀ անդամ Արտաշես Ավոյանը կրկին անդրադարձավ այն խնդրին, որ կարելի է օգտագործել 2 թափանցիկ քվեատուփ, այլապես հարցը կկապվի պետության վարկի հետ։ ԿԸՀ նախագահը, ի պատասխան նշեց, որ այս ընտրություններում անգամ եղած 2 թափանցիկ քվեատուփերը բավարար չեն, քանի որ անհրաժեշտ է նման առնվազն 3 քվեատուփ։
Պավել Եդիգարյանը, պաշտպանելով Արտաշես Ավոյանի առաջարկը, նշեց, որ հանրաքվեն ու ԱԺ ընտրությունները տարբեր են եւ կարելի է կիրառել 2 տուփ։ Արտակ Սահրադյանը կրկին միջամտեց, որ 2 թափանցիկ քվեատուփ ունենալու դեպքում դրանցից մեկը պետք է մի քանի անգամ մեծ լինի մյուսից։ Նախագծի հեղինակ Զավեն Պլուզյանը, ամփոփելով ասվածը, հիշեցրեց, որ թափանցիկ քվեատուփերի հարցը բարձրացվել է հենց իր կողմից, եւ նա չի ցանկանում, որ ստացվի, թե դեպի հետ քայլն ինքն է կատարում։ Խնդիրն այն է, որ այս հարցը բազմիցս քննարկվել է եւ, ըստ Զավեն Պլուզյանի, եղել է եզրակացություն, համաձայն որի այս ընտրություններում կարիք կլինի յուրաքանչյուր տեղամասում ունենալ գոնե 3 քվեատուփ, եթե օգտագործվեն եղած թափանցիկները։
Նախ հանձնաժողովը, անցնելով քվեարկության, ընդամենը 3 կողմով չընդունեց «հնարավորության դեպքում քվեատուփը պատրաստել թափանցիկ նյութից» կետը որոշման նախագծից հանելու առաջարկը։ 8 կողմ, 1 դեմ (Արտաշես Ավոյան) քվեարկությամբ ներկայացված որոշման նախագիծն ընդունվեց այն առաջարկությամբ, որ քվեատուփի ճեղքի լայնությունը լինի 4 մմ, երկարությունըՙ 120։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ