«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2003-04-29 | #81, 2003-04-30 | #82, 2003-05-01


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՄԲ

«Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը ներկայանում է

Աջ ու ձախ ուժերը միավորած, բազում լիդերներով այս դաշինքը նորընտիր խորհրդարանում իր անկյունը նվաճելու լուրջ մտադրություններ ունի։ Նախորդ ընտրություններում քիչ էր մնում, որ դաշինքի սիրտը կազմող «Արժանապատիվ ապագան» հասնի 5 տոկոսի սահմանագծին։ Չհասավ, հիմա պակասը լրացնելու հույս ունի։ Կուսակցության երկրորդ (կամ առաջին) նշանավոր դեմքըՙ Արմեն Դարբինյանը երեկ լրագրողներին թվարկեց դաշինքի առանձնահատկությունները, որ այլ խոսքով բարեմասնություններ կարելի է անվանել։ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» (ԱԺՀ) դաշինքն իրեն համարում է մտավորականության մունետիկը, որին վերջինս գործուղել է խորհրդարան։ Իրենց համոզմամբ, հայ քաղաքականության նոր պատմության մեջ առաջին անգամ երկու կուսակցությունները միավորվել են ոչ թե կոնյունկտուրային հենքով, այլ գաղափարական ընդհանրությամբ։ «Մենք կոնստրուկտիվ ուժ ենք, առաջարկում ենք լուծումներ եւ քաղաքական ու մասնագիտական լիդերներ ունենք բոլոր ասպարեզներում», ասում է Արմեն Դարբինյանը։ Իբրեւ հերթական բարեմասնություն նշվեց նաեւ դեռեւս «վարկաբեկված չլինելու» փաստը, քանի որ իրենք ասել են բացառապես այն, ինչ կարեւոր են համարել։ Դաշինքի կազմում «օլիգարխներ» չկան, «քանի որ քաղաքական կուսակցությունը երբեք չպետք է զբաղվի բիզնեսով» (իսկ կուսակցության առաջնորդները կարո՞ղ են)։ Այս հանգամանքը հատկապես ընդգծեց Լյուդմիլա Հարությունյանը։ Քաղաքական շահերի վրա տնտեսականի գերիշխումն, ըստ սոցիոլոգի, պատճառ է դարձել, որ երկիրը հայտնվի ռիսկային գոտում։ Ընտրությունների արդյունքում իրապես օրենսդիր մարմին ակնկալելը դժվար է, քանի որ Հայաստանում ընտրությունների որոշակի մշակույթ է ձեւավորվել։ Մինչդեռ դրանք պիտի լինեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական մրցակցության գործընթացներ։ Մեր ընտրաիրականության մյուս վտանգավոր առանձնահատկությունը Լ. Հարությունյանը համարում է «ֆյուրերիզմի» երեւույթը, այսպես ասածՙ բուրգային իրողությունը մշտապես երեւում է միայն ամբոխը, որի գլխին մեկ անձ է կանգնած։ Այնուամենայնիվ, «ԱԺՀ»-ն համարում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան, եւ դրա համար պետք է ձեռնարկել ամեն հնարավորը։

ԱԺՀ-ն խուսափում է ծայրահեղ բնորոշումներից։ Իրենք փրկության կամ հակաճգնաժամային ծրագիր չեն առաջարկում։ Իրենցը բարենորոգումների սատարումն է, ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործադիր իշխանությունում իրենք քաղաքական նոր մշակույթի կրողներ են։

Իբրեւ քարոզարշավի ներկա ընթացքի բնորոշիչ դաշինքի ղեկավարները նշեցին արհեստական, կեղծ իրողությունների առկայությունը, երբ սոցիալական ոլորտից մղոններով հեռու կուսակցություններն ու թեկնածուները դրանց ջահակիր են ներկայանումՙ անիրական խոստումներով մոլորեցնելով ընտրողին։ Անկախ ամեն ինչից, ԱԺՀ-ն, այդուհանդերձ, հույս ունի, որ հասարակությունը խելոք է այնքան, որ զանազանի ուժեղին ու արժանավորին, այսինքնՙ նաեւ իրենց։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4