Փոթորկված ծովի ալիքների վրա խրոխտ ու անսասան կանգնած, ինքնամոռաց արարման տարերքի մեջ, իր նոր կտավն է կերտում հայ մեծ ծովանկարիչը։ Այսպիսի դրվագով է պատկերել Հովհաննես Այվազովսկուն քանդակագործ Յուրի Պետրոսյանը։
1987-ին կայացած մրցույթում արձանի մանրակերտը շահել էր առաջին մրցանակ, դրամական միջոցներ չլինելու պատճառով ուշացումով «լույս աշխարհ» եկավ։ Այսօր մայրաքաղաքի մյուս արձանների շարքում Այվազովսկու արձանն ունենալու համար արվեստասերները երախտապարտ կմնան արձանի հովանավորինՙ «Պրոմեթեւս» ՓԲԸ նախագահ Սենիկ Գեւորգյանին։ Ի դեպ, նա երկրորդ արձանն է (Արամ Խաչատրյանի արձանից հետո) պարգեւում քաղաքամայր Երեւանին։
3,5 մ բարձրությամբ Այվազովսկու բրոնզյա արձանը տեղադրվել է Երեւանի Կամերային երաժշտության տան մոտ։ Գրանիտե պատվանդանի ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։
Արձանի բացման հանդիսավոր արարողությունըՙ այսօր, ժամը 11-ին։
ԱՐԹՈՒՐ ԽԱՆՋՅԱՆ