Երեկ Երեւանի եւ Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցները 5-ական գերժամանակակից համակարգիչներ նվեր ստացան։ Երկու կրթօջախների համար էլ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի այցելությունն առաջին անգամ չէր, առավել եւս առաջինը չէ դպրոցներին կուսակցության կողմից ցուցաբերվող աջակցությունը. ավանդական կուսակցությունն արդեն տասը տարուց ավելի ստանձնել է մեծանուն գրողի, ՌԱԿ առաջին ատենապետի անունը կրող հանրապետության չորս դպրոցների հովանավորությունը։ Երեկվա նվերը ՀՌԱԿ եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում էր։
Երեւանի Թեքեյան դպրոցում համակարգչային դասարանի բացման արարողությանը ներկա էին նաեւ գործարար Գագիկ Աբրահամյանը, ՌԱԿ Ֆրանսիայի կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանը։ Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ նաեւ հանդիպում մանկավարժների, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության հետ։
Իր ելույթում ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ կուսակցությունն անկախության ողջ տարիներին ստանձնել է Թեքեյանի անվան դպրոցների հովանավորությունըՙ անկախ ընտրություններից կամ կուսակցության քաղաքական հաջողություններից, քանի որ կրթական գործը միշտ ՀՌԱԿ ուշադրության կենտրոնում է եղել։ Եվ պատահական չէ, որ կուսակցությունն ու Ռուսաստանի հայերի միությունը սկսել են դպրոցների տեխնիկական զինման գործը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Թեքեյանի անունը կրող դպրոցներին, այլեւ հարյուրավոր դպրոցների ամբողջ հանրապետության տարածքում։
DCA եւ JCA ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը եւս կարեւորեց երեխաների համակարգչային գրագիտությունն ապահովելու անհրաժեշտությունըՙ նշելով հայաստանցի երեխաների մտավոր ներուժը եւ անթույլատրելի համարելով նորագույն տեխնոլոգիաների դարում համակարգչային տարրական գիտելիքներ չունենալը։
Գործարարի խոսքով, դպրոցների համակարգչային զինումն ընդամենը մի մասն է լայնածավալ այն ծրագրերի, որ ՀՌԱԿ-ն ու Ռուսաստանի հայերի միությունն իրականացնում են։
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին խոսք եղավ նաեւ քաղաքականության վերաբերյալ։ ՀՌԱԿ ատենապետը նշեց երրորդ գումարման խորհրդարանի այլ որակ ունենալու անհրաժեշտությունը։ Ռուբեն Միրզախանյանի խոսքով, անհրաժեշտ է խորհրդարան, որն ունակ է երկրի բարեկեցությանն ուղղված օրենքներ ընդունել։ ՀՌԱԿ ընտրացուցակում չկան մականուններով, քրեական անցյալով թեկնածուներ, այլ մտավորականներ են, գործարարներ, գիտության, մշակույթի գործիչներ, մարդիկ, որոնց անուններն արատավորված չեն։
Ռուբեն Միրզախանյանին եւ Գագիկ Աբրահամյանին մի շարք հարցեր ուղղվեցինՙ քաղաքական եւ մասնավոր բնույթի։ Ինչպե՞ս են բանախոսները տեսնում երկրի զարգացումը կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում։ «Ցանկացած ոլորտ զարգացում կունենա, եթե զարգանա տնտեսությունը, դա է ցանկացած ոլորտում հաջողությունների իրական ճանապարհը», նշեց Ռուբեն Միրզախանյանը։
Ելույթ ունեցողները հաջողություն էին մաղթում եւ իրենց աջակցությունը հայտնում ռամկավարներինՙ ներքաղաքական դաշտում առավել ծանրակշիռ դեր ստանձնելու համար։
Կարբի գյուղի Թեքեյանի անվան դպրոցում ՀՌԱԿ ատենապետին որպես լավագույն բարեկամի ընդունեցինՙ նշելով, որ իրենց միշտ զորավիգ եղած քաղաքական ուժին, բնական է, վճռորոշ այս ժամանակաշրջանում իրենք էլ զորավիգ կլինենՙ աջակցություն հայտնելով նաեւ մեծամասնական ընտրակարգով ՀՌԱԿ Կարբիի թեկնածու Լյովա Խաչատրյանին։
Եթե Երեւանի Թեքեյան դպրոցի համակարգչային դասարանին երեկ նվիրված համակարգիչներն առաջինն էին, Կարբիումՙ ոչ։ Դե ռ 1990 թվականին, երբ նույնիսկ մայրաքաղաքի դպրոցներում համակարգիչներ չկային, կրթօջախը ռամկավարներից ստացավ այդ նվերը։ Գերժամանակակից տեխնիկան եկավ փոխարինելու իր դարն ապրածին։
Ս. Հ.