Երեւանը կհյուրընկալի Եվրոպայի առաջնության մասնակիցներին
Հայաստանի անկախացումից հետո մեկ անգամ չէ, որ Երեւանը դարձել է միջազգային խոշոր մրցաշարերի թատերաբեմ։ Մայիսի 3¬4-ը «Կարեն Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում» կանցկացվի ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունը։ Այս առթիվ երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայում մամուլի ասուլիս էր հրավիրել ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Ալեքսան Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ օլիմպիական մարզաձեւերից սա առաջին միջազգային պաշտոնական մրցաշարն է, որ անցկացվելու է Հայաստանում։ Բնականաբար, առաջնության կազմկոմիտեն կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է կատարել մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մոսկվայից արդեն ստացվել են չորս տատամիները, որոնց վրա անցկացվելու են մրցումները, ինչպես նաեւ լուսատախտակներն ու էլեկտրոնային կշեռքները։
Հարկ է նշել, որ նախկինում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն չի անցկացվել։ Մրցաշարը Երեւանում անցկացնելու որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերին Մոնտե Կառլոյում կայացած մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսում։ Ճիշտ է, մրցաշարն իր մոտ անցկացնելուն հավակնում էր Ֆրանսիան, սակայն հաշվի առնելով, որ այս տարի լրանում է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը, եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի աջակցությամբ նախապատվությունը տրվեց Երեւանին։
Այսօր ձյուդոյի եվրոպական ֆեդերացիան ընդգրկում է 49 երկրներ։ Շուրջ 40 երկրների հրավեր է ուղարկվել մասնակցելու երեւանյան մրցաշարին։ Նախնական հաշվարկներով Երեւանում տատամի դուրս կգան մոտ 20 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հունգարիան, Լատվիան, Հունաստանը, Լիտվան, Բուլղարիան, Իտալիան, Հարավսլավիան, Էստոնիան եւ այլն։ Հայաստանը կմասնակցի լրիվ կազմովՙ 7-ական մարզիկ-մարզուհի։ Ալեքսան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հրավեր է ուղարկվել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ֆեդերացիաներին, սակայն մինչ օրս վերջնական պատասխան չի ստացվել։
Հայաստանի ձյուդոյի հավաքականներն առաջնությանը կմասնակցեն հետեւյալ կազմով։ Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Արմեն Նազարյանը (60 կգ), Ղազարոս Գրիգորյանը (66 կգ), Վարուժան Իսրայելյանը (73 կգ), Սամվել Իրիցյանը (81 կգ), Գագիկ Շահբազյանը (90 կգ), Արթուր Գասպարյանը (100 կգ) եւ գերծանր քաշային Գեւորգ Բարսեղյանը։ Հավաքականի մարզիչներն են Տիգրան Բաբայանը, Դավիթ Մխիթարյանը, Հարություն Ամիրխանյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Անդրադառնալով տղամարդկանց հավաքականին, ֆեդերացիայի նախագահն առանձնացրեց հատկապես Արմեն Նազարյանին։ 21-ամյա ձյուդոյիստն անցյալ տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավել էր 7-րդ տեղը, այս տարի Թբիլիսիում եւ Տալլինում կայացած միջազգային մրցաշարերի մրցանակակիր է։ Մարզիչները մեծ հույսեր են կապում Արմեն Նազարյանի հետ, որը համարվում է մեր օլիմպիական հույսը։ Ի դեպ, Արմենն արդեն օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել (45 միավոր)։ Նրան անհրաժեշտ է եւս 55 միավորՙ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար։ Ցավոք, այս մրցաշարը վարկանիշային չէ։ Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ ունեն նաեւ Ղազարոս Գրիգորյանը, Վարուժան Իսրայելյանը եւ Արթուր Գասպարյանը։
Կանանց հավաքականում ընդգրկված են ՀՀ չեմպիոնուհիներ Ինեսա Առաքելյանը (48 կգ), Անուշ Հակոբյանը (52 կգ), Արաքսյա Կարախանովան (57 կգ), Գայանե Պետրոսյանը (63 կգ), Կարինե Ղեւոնդյանը (70 կգ), Սվետլանա Անտոնյանը (78 կգ) եւ գերծանր քաշային Ռուզաննա Սարկիսովան։ Մեր աղջիկներից մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ են պահպանում Անուշ Հակոբյանն ու Կարինե Ղեւոնդյանը։
Եվ այսպես, մայիսի 3¬4-ը ձյուդոյիստները կվիճարկեն Եվրոպայի առաջնության պարգեւները։ Մրցումները կսկսվեն ժամը 11-ին, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ գոտեմարտերը կկայանան ժամը 17-ին։ Մրցումների հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա կգտնվի ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 16-ին։ Մնում է հուսալ, որ հայ ձյուդոյիստները անմասն չեն մնա խաղարկվող պարգեւներից։