«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2003-04-30 | #82, 2003-05-01 | #83, 2003-05-02


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱՎՈՒՍԻՑ

Արավուսը Գորիսի ենթամարզի սահմանամերձ գյուղերից է։ 56 ծուխ, 213 բնակիչ ունի։ 55-ը դպրոցահասակ են։ «Ընթացիկ ուսումնական տարվա շեմին 4 ընտանիք թողեց գյուղը, դպրոցահասակ երեխաների թիվը միանգամից 13-ով պակասեց։ Հեշտ չէին այդ բաժանումները։ Նրանց փոքր-ինչ հասկանալու համար գոնե մի գիշեր պիտի մնալ գյուղում եւ տեսնել, թե առավոտները ո՞ր ժամին են գյուղի երեխաները խմբվում ու ճանապարհվում դեպի մեր գյուղից 2,5¬3 կմ հեռու գտնվող Տեղ գյուղ։ Հիմա դեռ ոչինչՙ օրերը երկարել են։ Ձմռանը ժ. 6.30¬7-ին, երբ դեռ աստղազարդ գիշեր է, երեխեքը հավաքվում են ու մահակներով ճանապարհ ընկնում. լեռնոտ երկիր, դաժան, ձյունառատ ձմեռ, սոված գել ու գազան, որ մինչեւ գյուղամեջ են հասնում։ Գյուղի դպրոցը եռամյա էՙ իր 12 երեխայով, 43-ը սովորում են Տեղում։ Եռամյա կոչվածը դպրոցի տնազ էլ չէ, փայտաշեն այս հյուղակում ե՛ւ դպրոցն է, ե՛ւ իմ ընտանիքը, ե՛ւ... գյուղապետարանը», պատմում է գյուղապետ Արգամ Հովսեփյանը եւ հավելում. «Խմելու ջուրը գյուղից 1,5 կմ ներքեւ էՙ Նաղդալի ձորում։ Ոռոգման ջուր ասվածը մարող հիշողություն է։ Գրադարանն ու ակումբի շենքն էլ հրետակոծությունից կիսավեր են։ Թե խմելու ջուրը գյուղ հասնի, ինչպես 10¬15 տարի առաջ էր, գուցե մեղմվի գյուղը թողնելու մարդկանց ցանկությունը։ Երեւի շատ բանՙ խողովակաշարերից բացի, պետք չէ. ահագին բան պահպանվել է։

«Ազգի» մշտական ընթերցողներից եմ։ Վերջերս հաճախակի եմ կարդում, որ ՀՌԱԿ-ը համագործակցում է Ռուսաստանի հայերի միության հետ, որ ինքն էլ մեծ ծրագրեր ունի, որ Սյունիքին, սահմանամերձ գյուղերին, առանձնապես դպրոցներին ուշադրություն է դարձվելու։ 96 թ.-ից գյուղապետ եմ։ Բազմիցս տասնյակ ատյանների ենք դիմել, խոստացել են ու հանգստացրել, բայց դպրոցահասակ երեխաներով երիտասարդ ընտանիքների այս արտահոսքը մեզ վախեցնում է, չնայած այսօր գյուղում դեռ շատ երիտասարդներ կան, դեռ հարսանիք ու ծնունդ կա, բայց հենց դպրոցի հերթը գա, գիտեմՙ գնալու են։ Իմ, ողջ գյուղի, արդեն իսկ ճամպրուկային տրամադրությամբ ընտանիքների անունից ահազանգում-խնդրում ենք (գուցե կառավարությունն էլ ականջ դնի)ՙ փորձեք զգալ մեր գյուղի ցավը եւ մի բան մտածել, օգնել։ Հիշե՛ք, խնդրում ենք, ոչ մի արավուսցի առանց արցունքի չի թողնում իր հայրական տունը»։

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4