Անձի բարօրության ապահովումը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության նախընտրական պլատֆորմի առանցքային դրույթներից է։ Գաղտնիք չէ, որ առանց զարգացած տնտեսության այդ դրույթը իրագործելն անհնար կլինի։ Իսկ ի՞նչ է նախատեսում պլատֆորմի տնտեսական քաղաքականության բաժինը։
Ազատական տնտեսության մասին խոսելիս ընդգծվում է այդ գաղափարի իսկական էությունը, որը տարբերվում է այն պատկերացումներից, որոնք ունեին եւ որոնք դժբախտաբար կենսագործեցին 90-ական թթ.-երին նախորդ իշխանության ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ հիմնարար սկզբունքն էր, որ պետությունն ընդհանրապես պետք է հրաժարվի տնտեսական հարաբերությունների կարգավորման գործառնությունից։ Մինչդեռ ազատական տնտեսություն ասելիս ենթադրվում է, որ պետությունը պետք է ունենա կարգավորման (ոչ թե կառավարման) որոշակի դեր ու համակարգ։ Այսինքնՙ պետությունը պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, ապահովի ազատ մրցակցություն, ստեղծի ձեռնարկատիրական եւ ներդրումային բարենպաստ մթնոլորտ։
ՀՌԱԿ ծրագրով ենթադրվում է նաեւ պետության կողմից ներդրումներ կատարելու իրավունք։ Խոսքն այն ոլորտների մասին է, որտեղ մասնավոր կապիտալը կամ ի վիճակի չէ ներդրումներ կատարել, կամ դրանք նվազ եկամտաբեր են։ Կարծում ենք, որ այստեղ առավել նպատակահարմար կլիներ այլ լուծումը։ Ոչ թե պետությունն ինքը ներդրումներ կատարեր, այլ տարբեր ձեւերով (հարկային դրույքաչափերի նվազեցում, արտոնյալ վարկերի երաշխավորում եւ այլն) խրախուսեր մասնավորի ներդրումները նաեւ այդ ոլորտներում։
Հակառակ սրան, թերեւս արդարացված է կուսակցության պլատֆորմում նշված այն դրույթը, որ պետությունը կարող է միջամտել այնպիսի ոլորտում, ինչպիսին գյուղատնտեսությունն է, քանի որ ցանկացած, անգամ ամենազարգացած եւ ազատական տնտեսություն ունեցող երկրներում պետությունը տարբեր ձեւերով իր հոգածությունն է ցուցաբերում այս ճյուղի նկատմամբ։ Գյուղատնտեսությունն ինքնին համարվում է ոչ եկամտաբեր կամ նվազ եկամտաբեր, եւ հատկապես հայաստանյան բնակլիմայական պայմաններում պետությունը բոլոր հնարավոր միջոցներով պետք է օժանդակի այս ճյուղին։
Բնականաբար, արդարացված եւ անգամ պարտադիր պետք է համարել պետական ներդրումները գիտակրթական ոլորտում։ Բոլոր դեպքերում, ըստ ՀՌԱԿ պլատֆորմի, պետությունը չպետք է մրցի մասնավորի հետ, այլ պետք է հանդես գա «արբիտրի» դերում։
Նոր աշխատատեղերի ստեղծման հարցին ՀՌԱԿ պլատֆորմն անդրադառնում է այլ տեսանկյունից։ Ըստ այդմ, նշվում է, որ գործարարի խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը։ Դա պետք է անի պետությունը հետեւյալ կերպՙ բարենպաստ պայմաններ ապահովի տնտեսության տարբեր ոլորտներում որքան հնարավոր է շատ ձեռներեցների ներգրավման համար։ Դա մի կողմից կզարգացնի փոքր եւ միջին բիզնեսը, կստեղծի նոր աշխատատեղեր, իսկ մյուս կողմից արհեստական մենաշնորհներին լուրջ այլընտրանք կդառնա։ Սա էլ իր հերթին նշանակում է նպաստավոր պայմաններ միջին խավի ձեւավորման համար, ինչը ՀՌԱԿ գործունեության գլխավոր նպատակներից է։ Պլատֆորմում հռչակվում է միջին խավիՙ պետության ներքին կայունության, ռիսկից զերծ լինելու եւ օրինաչափ զարգացման գրավականը լինելու հանգամանքը։
Կուսակցությունը տնտեսական քաղաքականության բաժնում կարեւորում է մեր հասարակարգի ժողովրդավարացման անհրաժեշտությունը, այն շաղկապելով տնտեսության ազատականացման հետ։ Առանց առաջինի տնտեսական ազատությունը չի կարող անհատի, հետեւաբար նաեւ հասարակության երջանկությանը ծառայել։ Եվ ընդհակառակը, առանց տնտեսական ազատության ժողովրդավարությունը չի կայանա եւ հասնի գիտակցված ու կազմակերպված մակարդակի։ Վերոնշյալն, անշուշտ, այն ամբողջը չէ, ինչ առաջարկում է ՀՌԱԿ նախընտրական պլատֆորմը տնտեսական քաղաքականության ասպարեզում։ Սրանք այն հանգուցային հարցերն են, որոնք մեր կարծիքով, առավել մեծ հասարակական հետաքրքրություն կառաջացնեն։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ