«Սա չի նշանակում վատ հարաբերություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ»
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Սեփական սահմանների անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծում, Հայ դատ, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչում եւ դատապարտում, արտաքին ներդրումների ներհոսք, Հայաստանից դեպի արտաքին աշխարհ ձգվող տրանսպորտային ուղիների հուսալիություն», սրանք են մեր երկրի արտաքին քաղաքականության գերխնդիրներն ըստ ՀՌԱԿ նախընտրական պլատֆորմի, որը կուսակցությունը ներկայացնում է մեր հասարակությանը ԱԺ ընտրությունների շեմին։
Այս խնդիրների լուծման ճանապարհին Ռամկավար Ազատական կուսակցությունը կարեւորագույն հարց է համարում վերջին տարիներին Հայաստանի որդեգրած փոխլրացման քաղաքականության առաջնահերթությունների վերստին ճշգրտումը։ Այլապես, «համահարթեցման», միակողմանիորեն հարցերը լուծելու գործելակերպը սպառնում է նաեւ մեր տարածաշրջանին, որտեղ առկա հակասությունների նոր սրացումներ են ակնկալվում, ընդհուպՙ քաղաքական քարտեզի «ճշգրտումներ», ասված է պլատֆորմի մեջ։
Թե ինչո՞վ է կուսակցությունը պայմանավորում քաղաքական քարտեզի «ճշգրտումների», միակողմանի գործելակերպի վտանգը, մանրամասնում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։
Ըստ նրա, իրաքյան պատերազմը սրությամբ զգացնել տվեց միաբեւեռ աշխարհի փաստնՙ իր բոլոր հետեւանքներով։ Նախ, պարզ դարձավ, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, չունեն իրենց նախկին հեղինակությունն ու ազդեցությունը։ Երկրորդՙ իրաքյան պատերազմը վեր հանեց ԱՄՆՙ երկակի չափանիշներով առաջնորդվելու պրակտիկան, որն, ըստ Ռ. Միրզախանյանի, հատուկ է այդ գերտերության արտաքին քաղաքականությանը։ «Քանզի Սադդամ Հուսեյնը բացարձակ բռնապետ էր եւ կեղեքում էր սեփական ժողովրդին, բայց նման ուրիշ բռնապետներ էլ կան, որոնցից ոմանք հենց ԱՄՆ հովանավորությամբ են գալիս ու մնում իշխանության»։ Ի վերջո, ըստ ՀՌԱԿ ղեկավարի, իբր զանգվածային ոչնչացման զենքի գոյության փաստով ամիսներ շարունակ հասարակական կարծիքը շփոթության մեջ պահած այս պատերազմը տարածաշրջանային էթնիկ ու քաղաքական լուրջ վերաձեւումների առաջացման պատճառ է։
Այս պայմաններում ավանդական կուսակցությունն անխուսափելի է համարում մեր երկրիՙ արտաքին քաղաքականության կոմպլեմենտար գիծը։ Մասնավորապես, ըստ ՀՌԱԿ-ի, պիտի ընդգծենք, որ կոմպլեմենտարիզմը ոչ միայն չի բացառում, այլեւ ենթադրում է առաջնահերթությունների հստակեցում։ «Հայաստանի համար այդ առաջնահերթությունը Ռուսաստանն է։ Փոխլրացումըՙ փոխլրացում, եւ մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք բոլոր պետությունների, մանավանդ հզոր երկրների հետ, հնարավորինս ինտեգրվենք եվրոպական կառույցներին։ Բայց Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Այս գործընկերությունը, նորից եմ կրկնում, չի բացառում լավ հարաբերություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ», ասաց Ռուբեն Միրզախանյանը։
Նման հստակեցումներ չմտցնելու դեպքում, քաղաքական գործչի կարծիքով, որպես ոչ մեծ, սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ ունեցող երկիր, մենք կարող ենք վտանգել անգամ մեր անկախությունը, «քանի որ իսկապես կան իրաքյան պատերազմի դասերը»։