Մայիսի 1-ից սկսվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումը, որի վերջնաժամկետն է մայիսի 4-ի ժամը 18.00-ն։ Այսինքնՙ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ձեւավորած տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորված կլինեն մինչեւ երկուշաբթիՙ մայիսի 5-ը։
Մայիսի 5-ին, ժ. 12-ին կկայանան տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը։ Առաջին նիստում հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ քարտուղար։
Ընդհանուր առմամբ կարեւորելով տեղամասային ընտրական հանձնաժողովների կատարած աշխատանքը, նշենք, որ հենց այս մակարդակի հետ էր կապված նախորդ ընտրությունների ժամանակ ստացված դիմում-բողոքների զգալի մասը։ Ուստի հատկապես մեծ նշանակություն է ձեռք բերում տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման հարցը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական այս ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններում կտեղադրվեն ոչ թափանցիկ քվեատուփեր։
Ա. Հ.