«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2003-05-01 | #83, 2003-05-02 | #84, 2003-05-03


«ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐՈՂ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՐԿԻՐ»

Իմ զրուցակիցը ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, Կենտրոն համայնքի ՀՌԱԿ «Այգեստան» ակումբի նախագահ, թիվ 15 ընտրատարածքում ԱԺ պատգամավորական թեկնածու Արմեն Ստեփանյանն է։ Մտավորականՙ գործարարի հատկանիշներով, արվեստագետի երեւակայության եւ մտքի ստեղծագործական որոնումների, նորի ու ավանդականի յուրահատուկ սինթեզումների շնորհիվ մի շարք ինքնատիպ իրագործումների հեղինակ։

¬ Յուրաքանչյուր կուսակցության գործունեություն, բնականաբար, միտված է քաղաքական դաշտի վրա ունեցած ներազդեցությունների միջոցով իր ծրագրերի իրականացմանը։ Որպես ՀՌԱԿ վարչության անդամ եւ ԱԺ պատգամավորական թեկնածու, ի՞նչ խնդիրների եք հետամուտ լինելու հաջողության դեպքում։

¬ Մեր կուսակցության գլխավոր նպատակը ազգին, պետությանը ծառայելն է, որի իրագործման ճանապարհներից մեկը գործունեությունն է Ազգային ժողովում։ Որքան կուսակցական ֆրակցիան մեծ լինի, բնականաբար, կարող ենք մեր խոսքերն իրեղեն դարձնել եւ ազդել ընդհանուր քաղաքական դաշտի վրա։

¬ Խորհրդարանական ընտրություններին դուք մասնակցում եք ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով։

¬ Իմ համոզմամբ, ընտրությունները պետք է անցնեին միայն համամասնական եղանակով։ Իշխանությունը միտումնավոր մեծամասնական տեղերն ավելացրեց, որպեսզի իր կամակատարներին նշանակի։ 56 մեծամասնական տեղՙ սա նշանակում է առնվազն Ազգային ժողովի հետ կապ չունեցող 50 պատգամավորական մանդատ։ Համամասնականի դեպքում նրանցից քչերը տեղեր կգրավեին կուսակցական ցուցակներում, որովհետեւ քիչ թե շատ ազգային մտածելակերպ ունեցող կուսակցությունները կխուսափեն տեղ տալ վարկաբեկվածներին։ Ազգային ժողովը կմաքրվեր ինչ-որ չափով, սակայն կատարվեց հակառակը։

¬ Այդ դեպքում ձեր անվան հայտնվելը մեծամասնական ցուցակում ի՞նչ անհրաժեշտություն ունի։

¬ Ես իմ թեկնածությունը դրել եմ քաղաքի կենտրոնում, որ ապացուցեմ ինքս ինձ եւ ժողովրդին, որ, այնուամենայնիվ, ընտրություն կա։ Ես լավատես եմ։

¬ Չնայած մեծ ու փոքր ընտրակաշառքներին, զանազան անգիր սերտած խոստումներին, առհասարակ ընտրությունների նկատմամբ խիստ թերահավատ եւ արդեն անտարբեր դարձած մթնոլորտի՞ն։

¬ Այո, չնայած այս ամենին, ես չեմ պատրաստվում ոչ ընտրակաշառք տալ, ոչ անիրեղեն խոստումներ, ոչ պոպուլիզմով զբաղվել, ոչ էլ ամբոխավարությամբ։ Իմ պայքարն ինքնանպատակ չէ։ Ես ուզում եմ ասել, որ մենք ստեղծում ենք երկիր, որ մեր երկրում ուրվագծվում է ժողովրդավարության ճանապարհը։ Սա կփորձենք եւս մեկ անգամՙ մայիսի 25-ի արդյունքներով։

Ծրագրերի մասին եք հարցնում։ Կարո՞ղ եք նշել որեւէ ծրագիր, որ լավը չլինի։ Փայլուն ծրագրեր որքան ասես կարելի է գրել, օրենքներ էլ, բայց իրագործողը որտե՞ղ է։ Ոչ թե ծրագրի մասին պիտի խոսել, այլ թե ո՞վ ես դու, կարո՞ղ ես որեւէ բան անել։ Կատարյալ օրենքներ չեն լինում։ Դրանք հիմնականում թերի են լինումՙ հաճախ համապատասխանեցնելով ինչ-ինչ շահերի։ Այս տարիների ընթացքում վարած քաղաքականության հետեւանքով ձեւավորվել է հոգեբանական մի ստերեոտիպՙ փողի, ուժի, կեղծիքի իշխանություն, մի իրականություն, որում գաղափարական, ինտելեկտուալ, առողջ մտածող մարդիկ ստվերում են մնացել. 15 տարեկան պատանու մոտ այսօր ձեւավորվել է մարդկային մի նոր ստերեոտիպ, որում համամարդկային, ազգային արժեքները գլխիվայր շրջված են։

¬ Եթե ծրագրերի շուրջ խոսակցությունները հավատ չեն ներշնչում, երկխոսությունը մարդկանց հետ ի՞նչ բնույթ պիտի կրի, ինչի՞ն վստահեն ընտրողներըՙ լոզունգների՞ն, կարգախոսների՞ն։

¬ Ամեն կուսակցություն իր դրոշի վրա ազդարարում է, թե գալիս է երկիրը շենացնի, «օրինաց» դարձնի, արդարություն հաստատի, աշխատավարձ բարձրացնի, աշխատատեղ ստեղծի։ Պետք է նայել կուսակցության անցած ճանապարհին։ ՌԱԿ-ն ունի 118 տարվա պատմություն, փորձ, կենսագրություն, իր ողջ գործունեության ընթացքում զբաղվել է ազգապահպան հարցերով, մշակութային խնդիրներով, ունի հերոսական անցյալ։ Երկու ազգային ավանդական կուսակցություններ կանՙ ՌԱԿ եւ ՀՅԴ, յուրաքանչյուրն իր անցած պատմությամբ, ուրույն գաղափարախոսությամբ, որոնց կառույցները սփռված են ամբողջ աշխարհում, այսինքնՙ պատկանում են համայն հայությանը, եւ ոչՙ մի հատվածի միայն։ Շատ կարեւոր է նաեւ այն ինֆրաստրուկտուրան, որ ունեն այս կուսակցությունները։ Հարկավոր է հավատալ քաղաքական այս միավորումներին, ոչ թե օրվա պահանջից ծնված, գրպանային, «գաճաճ» կուսակցությունների խոստումներին։

Այսօր Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատությամբ շատ ավելի բարվոք վիճակում է բազում առումներով, որի համար նպաստաբեր է եղել քաղաքական ներքին կայուն վիճակը, սակայն, անշուշտ, սա դեռ գոհացուցիչ չէ։ Չպետք է բավարարվենք համեմատությամբ, պետք է համընթաց գնանք համաշխարհային զարգացմանը, որովհետեւ մենք եվրոպական մշակութային արժեքներ կրող ազգ ենք։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ նկարչի, փիլիսոփայի, բանաստեղծի, գիտնականի միտքը գնահատվի, որտեղ մտածող մարդու խոսքը լինի երկրի շարժիչ ուժը։ Մեր զարգացման առաջընթացի երաշխիքներից առաջնայինը մարդկային ներուժի ճիշտ օգտագործումն է։ Ու ես գտնում եմ, որ պետք է հեղափոխություն կատարենք մեր մտածողության մեջ։ Հայաստանի պես երկրին հարկավոր են գերազգային մտածողությամբ գերզարգացած անհատներ։

¬ Հրաշալի, սակայն ինչպե՞ս իրականացնել այդ ծրագիրը։

¬ Կան այսպիսի անհատներ հասարակության մեջ։ Եթե նրանք տեսնեն, որ փարոսը վառվում է, կհավաքվեն շուրջը։ Եթե ՌԱԿ-ը վառում է այդ ջահը, մտավորականները կհավաքվեն նրա շուրջը։ Նորընտիր նախագահի թիվ մեկ խնդիրն ազգային կուսակցություններին տեղ տալը պետք է լինիՙ հասարակության մեջ նրանց դերի բարձրացումը։ Մենք այսօր պետք է հող նախապատրաստենք ապագա ազգային գործիչների համար։ Պետական անվտանգությունը չի սահմանափակվում զորք կամ միլիցիա ունենալով միայն, պետական անվտանգություն նշանակում է նաեւ երկրի մտավոր ներուժը պահպանել եւ օգտագործել, եւ առաջին հերթինՙ նրանց տեղ տալ պետական կառույցներում։

Սոցիալ-տնտեսական, մշակութային մնացած հարցերը բխում են սրանից, դրանք ածանցյալ են։ Մեր ազգային հարցերը լուծվում են Ազգային ժողովում։ Ապազգային տարրերից ձեւավորված ԱԺ-ն ազգի զարգացման ամենամեծ արգելակն է։ Կա մի հսկայական պատնեշ, մի խավՙ կարծրացած, որ տարիներ շարունակ թալանել ու զբաղվել է ամբոխավարությամբ եւ ամեն գնով ուզում է իշխանական օթյակներում մնալ։ Արմատական վերափոխումներ կատարելու համար նեղանձնական շահերից դուրս եւ մտածողությամբ ազգային մարդկանց է պետք ընդգրկել պետական կառույցներում։ Թիվ մեկ ծրագիրը սա է։ Երբ ասում ես, որ սա է առաջնահերթ խնդիրը, սառած աչքերով նայում են։ Բոլորին թվում է, թե թիվ մեկ խնդիրն աշխատատեղ ստեղծելն է, ինչպե՞ս կարելի է կոռուպցիան վերացնել, աշխատատեղ ինչպե՞ս ստեղծել, երբ այս մարդիկ դեռ պաշտոններում են։

¬ Պրն Ստեփանյան, գլոբալիզացիա եւ ազգային արժեքներ, անկախ պետականություն եւ միջազգային, եվրոպական կառույցներին անդամակցում, ինչպե՞ս պիտի կատարվի այս հարաբերակցումը։

¬ Միջազգային կառույցներին անդամակցելու համար մի՞թե պետք է հրաժարվենք մեր ազգային արժեքներից։ Մեր ամենամեծ արժեքն անկախ պետականությունն է, իսկ անդամակցում ենք այնպիսի կազմակերպությանը, որից ստանձնած պարտավորությունները մեր պետության շահերին չեն հակասում։ Ո՞ր օրենքի մասին է խոսքը։ Մահապատժի վերացմա՞ն, ճի՛շտ է, պետք է վերացնել. սեռական փոքրամասնությունների՞, կրոնական խմբավորումների շահերի պաշտպանությա՞նը։ Այդպես է, բայց գտնում եմ նաեւ, որ եթե որեւէ խմբավորման գործունեության կամ երեւույթի հետեւանքները հակամարդկային, ազգավնաս են, պետք է իրավունքները սահմանափակել։

Ես ազգային մտածող եմ, բայց եւ հստակ գիտակցում եմ, որ ընդհանուրի մեջ է մեր շահը, մեկուսացված, առանձին չենք կարող լինել։ Իմ ընտանիքի բարեկեցությունից է կախված իմ անձնական բարեկեցությունը, իմ ընտանիքի բարեկեցությունը կախված է երկրի բարեկեցությունից։

Ես փորձում եմ խոսել հիմնահարցերի մասին, համամարդկային արժեքների, բարոյականության, որոնց վրա կառուցվում է տեսությունը, մշակույթը, կյանքն ընդհանրապես։ Իմ ելույթներն ուզում եմ կառուցել այս հարթության վրա։ Քիչ է, որ այս մասին մեկը խոսի, իսկ գորշ ու միապաղաղ հարց ու պատասխանից հոգնել ենք։

¬ Պրն Ստեփանյան, մեր հասարակության պառակտումները վտանգավոր միտումներ ունեն։ Ինչի՞ շուրջ պետք է համախմբվեն հայերը։

¬ Հայերին համախմբե՞լ։ Հայերը վաղուց համախմբված են։ Սփյուռքում համախմբված են Ցեղասպանության գաղափարի եւ Հայ դատի շուրջ։ Հայաստանում մենք պետություն ունենք, որի շուրջ է պետք համախմբվել։ Ես պետականամետ եմ, սա նշանակում է ազգային լինել։ Պետությունը մեր ազգային արժեքն է, մեր տունը. իշխանությունն ընդամենը չինովնիկների մի խումբ է, որ գալիս ու գնում է։

Երկիր-Հայաստան, որտեղ ապրում է հայ էթնոսը, որն ունի իր մշակույթը, պատմությունը, իր նկարագիրը եւ իր դերը երկրագնդի վրա, հակառակ դեպքում այսքան փորձություններից հետո չէր լինի, բնության պահանջն է, որ այս ազգը գոյատեւի։ Բայց այսօր մեզ պետք է շատ աշխատելՙ կատարելով հիմնական քայլը, որ Հայաստանը դառնա համամարդկային արժեքներ կրող բարեկեցիկ երկիր։

¬ Եվ ո՞րն է դա։

¬ Նախեւառաջ քաղաքական դաշտ պիտի մտնեն իրապես ազգային գործիչները։

Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4