«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2003-05-01 | #83, 2003-05-02 | #84, 2003-05-03


ՏՅՈՒՄԵՆԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

Բնական պաշարներով թերեւս ամենահարուստ ռուսաստանյան Տյումենի մարզում ապրող հայության քանակը հասնում է մոտ 25 հազարի։ Դաժան կլիմայական պայմաններ ունեցող Տյումենը ամենահյուրընկալ մարզը չէ Ռուսաստանում, սակայն հայերն այստեղ ոչ միայն զգալի թիվ են կազմում, այլեւ բավական ազդեցիկ պաշտոններ են վարում։

Ապրիլի 30-ին երկօրյա այցով մարզում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որի այցի հիմնական նպատակը տեղի հայ համայնքի խնդիրներին ծանոթանալն ու իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծում տալն էր։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էր ՀՀ դեսպանության գլխավոր հյուպատոս Արման Աղաջանյանը։

Տյումենի օդակայանում դեսպանին դիմավորեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Համլետ Փաշայանի գլխավորությամբ։ Համայնքի հետ հանդիպման եւ կայացած զրույցի ընթացքում դեսպանին ներկայացվեցին տյումենցի հայերի խնդիրները, որոնք հիմնականում շոշափում էին դեսպանության աշխատանքների հյուպատոսական ոլորտը։ Դեսպանը հանձնարարական տվեց գլխավոր հյուպատոսինՙ ներկայացված հարցերը խմբավորել եւ լուծման ներկայացնել ըստ առաջնահերթության։

Մարզի ղեկավարության, նահանգապետի առաջին տեղակալ Պ. Միտրոֆանովի եւ քաղաքապետ Ս. Կիրիյչուկի հետ հանդիպումների ժամանակ շոշափվեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խնդիրը։ Կողմերը նկատեցին, որ աբխազական երկաթգծի վերագործարկումը կտրուկ կմեծացնի համագործակցության հեռանկարը, քանի որ Հայաստանն ի վիճակի է մարզին մատակարարել մրգեր եւ բանջարեղեն, ինչը հյուսիսային երկրամասի համար չափազանց կարեւոր խնդիր է, իսկ Տյումենը փոխարենը կարող է Հայաստան մատակարարել նավթամթերք։

Այցի ընթացքում Ա. Սմբատյանն այցելեց նաեւ երկու հայկական դպրոցներ, որոնք արդեն մի քանի տարի գործում են Տյումենում։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Տյումեն-Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4