«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2003-05-01 | #83, 2003-05-02 | #84, 2003-05-03


ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏԱԼԻ Է

Սա ոչ թե մերկապարանոց պնդում է, այլ, դժբախտաբար, դառն իրականություն։ Երբ անց է կացվում մեր նախորդ հրապարակման մեջ հիշատակված ուսումնասիրությունը (IBM-ի եւ «Էկոնոմիստի» կողմից), նկատի են առնվում մի շարք գործոններ։ Առաջինը կապի գինն է եւ որակը։ Հայաստանում կապի գինը 5 անգամ բարձր է, քան Վրաստանում եւ 4¬5 անգամ բարձր, քան Ադրբեջանում։ Մեր կապի որակի մասին, թերեւս, հարկ չկա լրացուցիչ խոսելու։ Երկրորդը բջջային հեռախոսների այսպես կոչված ներթափանցումն է կյանք, որը նույնպես անուղղակի ձեւով ցույց է տալիս երկրի հնարավորություններն այս բնագավառում։ Հայաստանում կապի այդ տեսակից օգտվում է բնակչության 1,5¬2 տոկոսը (մոտ 50¬60 հազար մարդ)։ Սահմանամերձ շրջաններում օգտվում են վրացական եւ թուրքական ընկերությունների ծառայություններից, իսկ արտերկրից Հայաստան եկող հյուրերի համար ռոմինգի ծառայությունը դարձյալ կատարվում է թուրքական ընկերության միջոցով։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում եւ Ադրբեջանում բջջային հեռախոսներ ունի բնակչության 15¬20 տոկոսը։ Հաջորդը համակարգիչների քանակն է երկրում, որ դարձյալ չի գերազանցում բնակչության 10 տոկոսի չափին։ Այս ցուցանիշը եւս ցածր է մեր հարեւանների ցուցանիշից։ Հայաստանը, ըստ էության, չունի նաեւ տվյալների փոխանակման ներքին ցանց։ Այս ամենին ծանոթանալուց հետո բնական է, որ ոլորտի որեւէ լուրջ ուսումնասիրող Հայաստանը չի համարի տեղեկատվական տեխնոլոգիաների առումով զարգացած երկիր։

Այդուհանդերձ հարկ ենք համարում նաեւ նշել, որ Հայաստանն ունի առավելություններ։ Դրանցից առաջինն այն է, որ այստեղ առկա է այս ոլորտի մասնագետների հին, խորհրդային տարիների լավագույն դպրոց։ Երկրորդըՙ շատ հայեր լուրջ հաջողությունների են հասել արտերկրում եւ նրանց ընկերություններն իրենց մասնաճյուղերն են բացում նաեւ այստեղ։ Օրինակ, «Էյ Փի Ջի Լեբսը», «Լեդա սիստեմսը» եւ այլն։ Երրորդըՙ կրթական համակարգում անընդհատ ավելացող ուշադրությունն է այս ոլորտի նկատմամբ։ Եվ վերջապես չորրորդըՙ մեր ժողովրդի մտավոր ներուժը եւ հակվածությունը դեպի այս ոլորտը։

Ամփոփելով այս ամենը, կարող ենք միայն ցավ ու ափսոսանք հայտնել, որ սուբյեկտիվ խոչընդոտների պատճառով չենք կարողանում զարգացնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող առավելություններն այս ոլորտում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4