«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԻԼԻԱ Բ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայիսի 7-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն։ Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, «Զվարթնոց» օդանավակայանից Գարեգին Բ-ն եւ Իլիա Բ-ն մեկնել են Էջմիածին, ուր տեղի է ունեցել բարիգալստյան արարողություն։

Իջման Սուրբ սեղանի առջեւ Ամենայն հայոց հայրապետն իր ողջույնն է փոխանցել վրաց պատրիարքինՙ նշելով երկու ժողովուրդների եւ եկեղեցիների դարավոր բարեկամությունը, որի «նախանձավոր երաշխավորն է Վրաստանի հայ համայնքը»։

«Քրիստոնյա Վրաստանում հայ ժողովրդի զավակներն իրենց մշտապես ապահով ու ազատ են զգացել, վստահությամբ հիմնել եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու թատրոն, բարեգործական հաստատություններ։ Այսօր եւս վայելելով վրաց պետության, եկեղեցու եւ ժողովրդի անկեղծ բարեհաճությունըՙ հայորդիք հնարավորություն ունեն ապրելու իրենց ազգային-եկեղեցական կյանքով, եւ իբրեւ Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, իրենց ազնիվ մասնակցությունը բերելու երկրի հասարակական կյանքի զարգացմանն ու առաջընթացին», ասել է Վեհափառ հայրապետը։

Նորին սրբություն Իլիա Բ պատրիարքը եւս հավաստել է երկու եկեղեցիների եղբայրական բարեկամության մասին։

Իլիա Երկրորդին Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ երեկ ընդունել է նախագահ Ռ. Քոչարյանը։ Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, ողջունելով Իլիա Երկրորդի այցը Հայաստան, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ եւ վրացի ժողովուրդների պատմականորեն ձեւավորված եղբայրական կապերն այն բաղկացուցիչն են, որի վրա երկու երկրները կառուցում են իրենց հարաբերությունները։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների, աղանդների դեմ պայքարի վերաբերյալ։

Այնուհետեւ հովվապետները միասին այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար։ Այստեղ Իլիա Բ-ն նշեց, որ այցը բարեկամական է եւ այս կերպ զարգանում է ավանդական բարեկամությունը վրաց ու հայ եկեղեցիների միջեւ։ Մայր տաճար մտնելուց հետո արդեն եկեղեցում հնչեց «Հայր մերը»։ Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը դիմելով վրաց պատրիարքին, հավաքվածներին մաղթեց իր օրհնությունը, ուրախություն հայտնեց այցելության կապակցությամբՙ ավելացնելով իր օրհնությունը վրաց ժողովրդին, վրաց պետությանը։

Իլիա Բ-ն նույնպես ուրախություն հայտնեց, որ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում եւ ընծայեց Սուրբ Գեւորգի մի սրբապատկերՙ ի նշան խոր հարգանքի։

Այնուհետեւ հայ եւ վրաց հայրապետները շարժվեցին դեպի Նորագավթի վրաց ուղղափառ եկեղեցի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4