ՓԱՐԻԶ, 7 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ի Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի ներկայացուցիչներիՙ այսօր Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել են հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը վերաբերող նոր առաջարկությունները, որոնց բովանդակությունը չի բացահայտվում։ Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահ երկրներիՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Ռուսաստանից հանդիպմանը մասնակցել է առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը։
Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվել է 1993 թվականին եւ նպաստել հակամարտությունը քաղաքական կարգավորման որոնման փուլ փոխադրելուն։ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ 2001 թվականին Փարիզում կայացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի բանակցություններ։