Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները
Սահմանադրության նոր նախագծի խմբագրման գլխավոր նշանակությունը, կարելի է ասել, մարդու իրավունքների եւ ազատությունների առավել պաշտպանվածության համակարգի ստեղծման մեջ է։ Հետեւաբար բնական պետք է համարել գործող սահմանադրության երկրորդՙ մարդու իրավունքները սահմանող գլխում արված փոփոխությունները, որոնց ուզում ենք անդրադառնալ հանգամանորեն։
Առաջին կարեւոր խնդիրըՙ քաղաքացիության ձեռքբերման կարգը ընդհանրապես այս գլխից հանելը եւ «Սահմանադրական կարգի հիմունքների» բաժնում ամփոփելն է։ Դրանով փաստորեն որդեգրվել է մարդու քաղաքացիության հարցիՙ որպես սահմանադրական կարգի անխախտ սկզբունքը։ Իսկ թե ինչ նոր մոտեցում է ներդրվել նոր նախագծում, արդեն նշել ենք նախորդ նյութի մեջ։
Սակայն սահմանադրության երկրորդ գլխի հիմնական փոփոխությունը պայմանավորված է մահապատժի սկզբունքորեն մերժման հանգամանքով։ ի տարբերություն գործող սահմանադրության, որտեղ ուղղակի նշվում է, որ մահապատիժը մինչեւ դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով, նոր նախագիծը միայն նշում է, թե «յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»։ Այսինքնՙ մահապատժի հասկացությունը ընդհանրապես հանվել է սահմանադրության նախագծից, ինչը Եվրոպայի խորհրդի պահանջն է նաեւ։ Սակայն այս առումով պետք է նշել, որ եթե հանրաքվեով ընդունվի փոփոխությունների այս նախագիծը, ապա հնարավոր են նոր հարցադրումներ կապված նոր ընդունված «Քրեական օրենսգրքի» հետ։ Օրենքը երեք բացառիկ դեպքեր է նախատեսում մահապատժի կիրառման համար։ Սակայն, քանի որ սահմանադրությունը բոլոր դեպքերում գերակայություն ունի օրենքների նկատմամբ, ապա նման հարցադրումների հիմնավորվածության դեպքում հստակ դրվելու է «Քրեական օրենսգիրքը» վերջինիս համապատասխանեցնելու հարցը, որի հիմնական դրդողը կլինի Եվրախորհուրդը։
Ինչեւէ, մյուս կարեւորագույն փոփոխությունը կապված է մարդու անձեռնմխելիության իրավունքի հետ։ Գործող սահմանադրությունը միայն նշում էր, որ մարդուն չի կարելի ձերբակալել այլ կերպ, քան սահմանվում է օրենքով։ Իսկ օրենքն ավելի հեշտ փոփոխելի է, ինչը նշանակում է, որ փոփոխելի է նաեւ ձերբակալման դեպքերի սահմանը։ Մինչդեռ նոր նախագծով ընդամենը վեց նման դեպք է սահմանվում. երբ անձն ազատազրկման է դատապարտվում դատարանի կողմից, երբ անհրաժեշտ է հնարավոր փախուստը կանխել, անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ դատարանին ներկայացնելու համար, հանրապետություն հանցագործի մուտքը արգելելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով եւ այլն։ Մանրամասնվում եւ սահմանադրության մակարդակի է հասցվում նաեւ ձերբակալվածին 48 ժամվա ընթացքում դատարան բերման ենթարկելու եւ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նրա նկատմամբ որոշում կայացնելու ընթացակարգը։
Նոր մոտեցում է ներդրվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանիՙ օմբուդսմենի առումով։ Նախագծի հոդված 18-ի երկրորդ մասը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք պետք է ունենա օրենքով սահմանված կարգով ստանալու օմբուդսմենի աջակցությունը։ Հիշեցնենք, որ խորհրդարանը վերջերս քննարկեց մարդու իրավունքների պաշտպանի մասին օրինագիծը, սակայն խնդիրներ առաջացան դրա սահմանադրականության հետ կապված, եւ այժմ փաստորեն օրենքի նախագիծը գործարկելու համար անհրաժեշտ է նոր սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը։
Ըստ էության նորություն է նաեւ նախագծի 27-րդ հոդվածը, որն ամրագրում է զանգվածային լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության եւ պատասխանատվության սկզբունքը։ Նման որեւէ ակնարկ անգամ գործող սահմանադրության մեջ գոյություն չունի։ ԶԼՄ-ների իրավունքները եւ պատասխանատվությունը, ըստ նոր նախագծի, պետք է կարգավորվեն համապատասխան օրենքով։
Որպես սկզբունքային նորամուծություն, կարելի է նշել նաեւ քաղաքացիների ստանալիք նոր իրավունքըՙ դիմելու Սահմանադրական դատարան, եթե գտնում է, որ դատական ատյանների որոշումները հակասահմանադրական են։
Այսքանով, սակայն, փոփոխությունները եւ լրացումները չեն ամբողջանում։ Պետք է նշել, որ հատկապես այս գլխին հատուկ ուշադրություն է դարձվել, ինչի արդյունքում կարծես կենսագործվել է այն սկզբունքը, համաձայն որի պետական իշխանությունների հիմնական խնդիրը պետք է լինեն մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ու ապահովագրումը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ