Գերմանիայում գործող «Խոսենք նույն լեզվով» հանձնախումբը ապրիլի 24-ը հայտարարելով միջազգային ցեղասպանության օրՙ քայլարշավ է իրականացրել Բեռլինի Քուրֆուստդամ փողոցում, որտեղ գտնվում է թուրքական հյուպատոսությունը։ Հյուպատոսության առջեւ երթին մասնակից կազմակերպություններըՙ Փոքր Ասիայի հույների ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, Ասորական միությունը, Արամեացիների դաշնակցությունը Գերմանիայում, Բեռլինի հայ եկեղեցականների համայնքը, Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության հանձնախումբը, Բեռլինի հայկական տեղեկատվության եւ փաստագրության կենտրոնը, Հայկական հարցերի հաստատությունը, Բեռլինի պոնտացիների միության ներկայացուցիչներն իրենց ելույթներում դատապարտել են թուրքիայի ցեղասպան անցյալը տեղաբնակ ազգերի նկատմամբ։ Քայլարշավի կազմակերպիչ, Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության հանձնախմբի համանախագահ Ժիրայր Քոչարյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ելույթ ունեցողները բարձրացրել են նաեւ Եվրամիության անդամությանը Թուրքիայի անհարիրության հարցը։
Երթին մասնակից 1000-ից ավելի ցուցարարները, որոնք ժամանել են Գերմանիայի տարբեր քաղաքներից ու այլ երկրներիցՙ «զինված» ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ու դրոշներով, շարունակել են իրենց երթը դեպի Հարդնբերգ շտրասեՙ այն վայրը, որտեղ 1921 թ.-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը սպանեց դահճապետ Թալեաթ փաշային։ «Մի խումբ ասորիներ շուրջպար բռնեցին երիտթուրք ոճրագործի պատժման վայրում։ Ցեղասպանված ժողովուրդների ներկայացուցիչները դատապարտեցին ներկայիս Թուրքիայի քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ցեղասպանության ուրացումը, երիտթուրք ոճրագործների նկատմամբ հարգանքն ու նրանց հերոսների շարքին դասելը, թշնամական կեցվածքը բոլոր հարեւանների, հատկապես, Հայաստանի նկատմամբ», հայտնեց պրն Քոչարյանը։ Նա տեղեկացրեց, որ Ժամը 16-ին թուրքական հյուպատոսության առջեւ ցուցարարների մի ուրիշ խումբ է հավաքվելՙ 60-70 հոգանոց, որոնց մեծամասնությունը թրքահպատակ քրդեր են եղել։
Նույն օրը երեկոյան Շոյնեբերգի քաղաքապետարանի Վիլի Բրանդ սրահում հրավիրվել է կլոր սեղանՙ հայ, հույն, արամեալեզու քրիստոնյաների եւ գերմանացի մասնագետների մասնակցությամբ։ «Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ մարդու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում. հավանականություն եւ իրականություն» թեմայով կլոր սեղանի աշխատանքը ղեկավարել է ցեղասպանության մասնագետ դոկտոր Թեսա Հոֆմանը։ Հայոց ցեղասպանության 88-ամյակի միջոցառումներն ավարտվել են հաջորդ օրըՙ հույն ուղղափառ եկեղեցում կազմակերպված հոգեհանգստյան արարողությամբ։ Ապրիլի 24-ի երթն ու միջոցառումները լուսաբանել են տեղի թուրքական ու գերմանական լրատվամիջոցները։
Ս. Մ.