Նախընտրական շրջանում էլ շարունակվում է մարդկանց, մանավանդ երիտասարդների անդամագրումն ավանդական կուսակցության շարքերը։ Այդ առումով երեկվա օրը եւս նշանակալից էր. 235 երեւանցիներ Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի եւ Կենտրոն համայնքներիցՙ անցնելով երդմնառության արարողությանը, Ռամկավար Ազատական կուսակցության մաս կազմեցին։ Ողջունելով նորագիրների որոշումը, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը նշեց, որ նրանք դառնում են քաղաքական մի ուժի մաս, որի անցած ճանապարհը սերտորեն կապված է մեր ժողովրդի նորագույն պատմության փառավոր էջերի հետ։ Խոսելով ներկա գործունեության մասին, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամը նշեց մի քանիսն այն օրենսդրական նախաձեռնություններից, որ մայիսի 25-ից հետո կներկայացնի կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։ Մասնավորապես նշեց պատգամավորների անձեռնմխելիության վերացման անհրաժեշտությունը, տարեկան պետբյուջեով խորհրդարանական կուսակցություններին հատկացվող տասնյակ միլիոնները կենսաթոշակային ֆոնդ ուղղելու ՀՌԱԿ մտադրությունը։
ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը նշեց, որ նորագիրներիՙ ռամկավար դառնալու որոշումը նաեւ պարտավորեցնող էՙ ժողովրդավարության եւ ազատականության գաղափարների տարածման ճանապարհով նպաստել երկրի բարեկեցիկ ապագայի կառուցմանը։
Մ. Հ.