«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ԳԻՏԵՆՔ ԻՆՉ ԱՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆՔ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌԱԿ-ի հանդիպումները Սյունիքում

Սյունյաց աշխարհում վաղահաս ամառ է, մաքուր ու ջինջ օդում հստակ երեւում են լեռնազանգվածների արտառոց գծագրությունները, քարաժայռերի ծերպերին, ամենաանսպասելի հատվածներում ծաղկած ծաղիկն ու կանաչը։ Միայն այս լեռնաշխարհին հատուկ արտասովոր գեղեցկությունների տերըՙ Սյունիքի բնակիչն էլ հայտնվել է նախընտրական իրականության իրարանցումների մեջ։

Գորիսում ու Կապանում էլ, ինչպես այսօր Հայաստանի ցանկացած անկյունում, զգացվում է նախընտրական շունչը։ Շենքերի պատերին քարոզչական պաստառների խայտաբղետ ցուցադրություն է, որը վկայում է, թե նախընտրական տենդով համակված քանի կուսակցություն է անցել այս վայրերով։

ՀՌԱԿ ներկայացուցիչները, ատենապետ Ռուբեն Միրզախանյանի առաջնորդությամբ, առաջինն այցելեցին Կապան։ Ինչպես այստեղ, այնպես էլ Գորիսում կուսակցության համակիր ընտրողների հետ զրույցներն անցան լեփ-լեցուն դահլիճներում։ Այստեղ էլ ընտրազանգվածի մտահոգության հիմնական առարկան աշխատատեղերն են։ ՀՌԱԿ ատենապետը նրանց ներկայացրեց կուսակցության ներկա գործունեության առանձնահատկությունները, հետընտրական ժամանակաշրջանի անելիքների հարուստ տեսականին։ Ռուսաստանի հայերի միությունն անելիքների մեծ ծրագիր ունի Հայաստանում, որ մտադիր է իրականացնել ՀՌԱԿ աջակցությամբ։ Ատենապետի հավաստմամբ, կուսակցությունն այսօր ուզում է խորհրդարան մտնելՙ նաեւ արտաքին ներդրումները պաշտպանելու առաքելությամբ։ Պաշտպանելու իշխանության տարբեր մակարդակներում բուն դրած տարաբնույթ ավազակներից, ովքեր տկար օրենքները ծառայեցնում են լոկ իրենց շահերին, ովքեր ներդրումի անունը լսելով առաջինը մտածում ենՙ իսկ մենք ի՞նչ օգուտ ունենք։

ՀՌԱԿ-ի եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության առաջին արտահայտությունը Հայաստանի դպրոցների համակարգչայնացումն է։ Այս ծրագիրը ե՛ւ ապագա աշխատատեղերի ապահովման, ե՛ւ կրթության արդիականացման կարեւոր բաղադրամաս է։ Այսօրվա դպրոցականը եթե համակարգիչ չիմանա, 10 տարի անց ինքն էլ աշխատանք չի ունենալու, քանի որ հայտնվելու է գրեթե այբուբեն չիմանալուն համարժեք խեղճ ու կրակ վիճակում։

Համամասնական ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող, Գորիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Յուրի Սաֆարյանն իրավամբ հաստատեց, որ ազգային կրթություն հասկացության ընկալումն այսօր չի կարող սահմանափակվել միայն հայոց պատմության ու լեզվի իմացության նեղ շրջանակով։ Կրթական նոր ժամանակների պահանջը նաեւ եվրոպական չափանիշներին մերձեցումն է, որ անհնար է առանց համակարգչային գրագիտության։ Ի դեպ, բացի Յուրի Սաֆարյանից, գորիսեցիները մեծամասնական ընտրակարգով ներկայացվող եւս 3 թեկնածու ունեն։ Այնպես որ նրանց համար ստեղծվել է խորհրդարանում 2 ներկայացուցիչ ունենալու բացառիկ հնարավորությունՙ ովքեր կարող են ներկայացնել իրենց խնդիրները։

Pentium-4 մակնիշի առաջին 4 համակարգիչները տեղադրվել են Կապանի թիվ 13 դպրոցում։ Ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտության երախտիքն այս առիթով անսահման էր։ DCA եւ JCA ադամանդագործական ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը, որ ՀՌԱԿ համամասնական ցուցակի առաջատարներից է, դպրոցում համակարգչային ուսուցումը կազմակերպելու նպատակով խոստացավ նաեւ մասնագետներ ուղարկել այստեղ։

Կապանում, հետո նաեւ Գորիսում Գագիկ Աբրահամյանն ընտրողներին ներկայացրեց տնտեսական իրադրությունը, հայկական աշխատաշուկան բարեփոխելու իր դիտանկյունը։ Նրա համոզմամբ, հանրապետության գործարար խավը դեռեւս չի կայացել։ Դեռեւս մարդիկ գործ են ձեռնարկումՙ առանց շուկայի իրադրությանը լավատեղյակ լինելու։ Մինչդեռ պետք է սկսել պահանջարկի ուսումնասիրությունից, արտադրել այնպիսի ապրանք, որը նաեւ կարելի լինի արտահանել, քանի որ շուկան ներմուծվող ու արտադրվող բազմազան տեսականիով գերհագեցած է։ Առայժմ պետք է սկսել փոքր ձեռնարկություններից, քանի որ մեծի ստեղծումը շուկայի խոր հետազոտություն է պահանջում։ Այդ շուկան տեղում ուսումնասիրելու, հետագա գործողությունների ծրագրեր մշակելու համար մայիսի 19-ին Ռուսաստանից Հայաստան կգա 40¬45 գործարարներից բաղկացած մի խումբ։ ՀՌԱԿ-ը, Ռուսաստանի հայերի միության հետ, արդեն տարորոշել է իր անելիքները։ Ունի տնտեսական խնդիրների որոշ մասի լուծման հստակ ծրագիր, եւ ունի դրանց իրականացման հնարավորությունները։

Ընտրողների հոգսերն ու հետաքրքրությունները Գորիսում էլ նույն պատկերն ունեին, ինչ Կապանում։ «Թթենի» մանկապատանեկան ակումբի ղեկավար Նունե Ավետիսյանն անդրադարձավ քաղաքում ռամկավարների նախընթաց շրջանի գործունեությանը։ «Թթենին» հովանավորում է 100-ից ավելի անապահով ընտանիքների երեխաների։ Ֆրանսիական մի կազմակերպության նախաձեռնությամբ քաղաքում գործում է նաեւ «Համագործակցություն-Հայաստան» միությունը, որի աջակցությունից օգտվում են 200 տարեցներ։ Երկու տարի առաջ այս 2 կազմակերպությունները ծանր վիճակում հայտնվեցին։ Սեփականաշնորհման հետեւանքով երկուսն էլ զրկվեցին տանիքից։ Անելանելի դրությունից նրանց փրկեց ռամկավարների գործնական աջակցությունը։ Ռամկավարները լավ են գիտակցում, որ մասնակի լուծումները, մեկին աշխատանքով ապահովելը, մյուսի կրթաթոշակի վճարումը, ամենեւին չեն թեթեւացնի հիմնախնդիրները։ Այդ բեռն ավելի ծանրանալու է, եթե չլինեն աշխատատեղերի ստեղծումը երաշխավորող համակարգային ծրագրեր։ Դրանց առայժմ մի փոքրիկ բաժնեմասն է դպրոցների համակարգչայնացումը։ Հայաստանի դպրոցների համակարգչայնացման ծրագրին տրամադրվել է 500 հազար դոլար։ Ծրագրի իրականացման հետագա փուլերը կընդգրկեն նաեւ նախակրթարաններն ու մշակույթի օջախները։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4