«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հաստատվել են Հայաստանի հանրակրթական դպրոցների 2002-2003 ուստարվա ավարտական եւ փոխադրական քննությունների օրերը։ Ինչպես հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը, տարրական դպրոցն ավարտելուց հետոՙ 3-րդ դասարանում, գիտելիքների ստուգում է անցկացվելու հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից. հունիսի 2-ին երեխաները քննություն կհանձնեն հայոց լեզվից (թելադրություն), հունիսի 5-ինՙ մաթեմատիկայից (գրավոր առաջադրանք)։ Քննատոմսերը կազմելու են դպրոցների մեթոդական կենտրոններըՙ նախարարության նմուշի համաձայն։

8-րդ դասարանում աշակերտները հանձնելու են 3 քննություն. հունիսի 2-ինՙ մաթեմատիկա (գրավոր), հունիսի 6-ինՙ հայոց լեզու (փոխադրություն), հունիսի 10-ինՙ օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն կամ իսպաներենՙ աշակերտի ընտրությամբ, բանավոր)։ Հայոց լեզվի փոխադրության թեման եւ մաթեմատիկայի առաջադրանքը կհաղորդվեն ռադիոյովՙ քննությունից կես ժամ առաջ։ Օտար լեզվի հարցատոմսերը կազմելու են դպրոցների մեթոդական միավորումներըՙ նույնպես նախարարության նմուշի համաձայն։

3-րդ եւ 8-րդ դասարանների քննական աշխատանքները գնահատվելու են 5 բալանոց համակարգով։

Տասներորդցիները հանձնելու են 6 քննություն, որոնցից 3-ըՙ հայոց լեզու (հունիսի 1-ին), մաթեմատիկա (հունիսի 3-ին) եւ բնագիտություն (հունիսի 9-ին) առարկաներըՙ գրավոր։ Բնագիտության քննությունըՙ ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն, կանցկացվի աշակերտի ընտրությամբ։ Հայոց լեզվի առաջադրանքը յուրաքանչյուր աշակերտի համար նախարարությունը առանձին ծրարով ուղարկելու է դպրոցները, իսկ մաթեմատիկայի առաջադրանքը հաղորդվելու է ռադիոյով։ Բնագիտության քննությունն անցկացվելու է նախարարության կազմած քննատոմսերով։

Շրջանավարտների հայ գրականության, հայ ժողովրդի պատմության եւ օտար լեզվիՙ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն կամ պարսկերեն (աշակերտի ընտրությամբ), բանավոր քննությունները կազմակերպվելու են դպրոցներումՙ հունիսի 1-ից մինչեւ հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածում մանկավարժական խորհրդի սահմանած ժամկետներում։ Գրավոր քննությունները գնահատվելու են 20 բալանոց համակարգով, իսկ բանավորներըՙ 5 բալանոց համակարգով։

Ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներում 3-րդ դասարանցիները բացի վերը նշված քննություններից հանձնելու են նաեւ ռուսերեն թելադրություն։ 8-րդ դասարանցիները նույնպես հանձնելու են նախարարության կողմից սահմանված բոլոր քննություններըՙ ավելացրած ռուսերեն փոխադրությունը, նաեւ օտար լեզվի քննության ժամանակ պարտադիր հանձնելու են ռուսերեն։ Տասներորդցիները նույնպես հանձնելու են շրջանավարտների համար սահմանված բոլոր քննություններըՙ ավելացրած ռուսերեն թելադրություն եւ ռուս գրականություն (բանավոր) քննությունները։

Բուհերի որոշ ֆակուլտետներում անցողիկ են լինելու դպրոցում հանձնած հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի քննությունների միավորները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4