«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ՄՐՑՈՒՅԹ «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

Երեկ ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնում հրավիրված ասուլիսը վերաբերում էր մայիսի 9¬13-ը Հայաստանում կայանալիք ռուսաց լեզվի երկրորդ միջազգային մրցույթին։

Ասուլիսին մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի տնօրեն Գուրգեն Բարիկյանը եւ ռուսաց լեզվի զարգացման Մոսկվայի կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կիսելյովը։

Ըստ Վլադիմիր Աղայանի, արդեն երկրորդ տարին ԱՊՀ եւ բալթյան երկրների հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնակցությամբ Հայաստանում անցկացվում է նման մրցույթ։ Ի տարբերություն նախորդ տարվա 10 երկրի, այս տարի կմասնակցեն 12 երկրի 71 աշակերտներ։

«Ռուսաստանը եւ ռուսաց լեզուն իմ կյանքում» նշանաբան ունեցող մրցույթի գլխավոր հովանավորն է Ռուսաստանի հայերի միությունն ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի։ Մրցույթի նպատակն է ամրապնդել ԱՊՀ եւ բալթյան երկրների երիտասարդության համագործակցությունը եւ բարեկամական կապերը, բարձրացնել ռուսաց լեզվի իմացության կուլտուրան եւ հեղինակությունը նշված երկրներում։

Հայաստանում արդեն կազմակերպվող մրցույթը կանցկացվի Ծաղկաձորում։ Եվ որպես մրցանակ նախորդ տարվա 20-ի փոխարեն 22 հաղթողներին կտրվեն հավաստագրերՙ առանց մրցակցության ընդունվելու Ռուսաստանի Դաշնության առաջավոր բուհերՙ ուսումնառելու բանասիրական եւ հումանիտար մասնագիտություններով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգեւատրվեն դիպլոմներով եւ մրցանակներով։ Կլինեն նաեւ 6 առանձին անվանակարգեր, ինչպես նաեւ առանձին մրցանակներ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ռուս-հայկական համալսարանի, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության կողմից։

Մրցույթի կազմկոմիտեի կազմում կլինեն ՌՀՄ նախագահը եւ փոխնախագահը, ռուսաց լեզվի զարգացման հայկական ու Մոսկվայի կենտրոնների տնօրենները, ՌԴ եւ ՀՀ կրթության նախարարները, արտաքին գործերի փոխնախարարները, տարբեր բուհերի ռեկտորներ։

Նախկին ԽՍՀՄ երկրներից մրցույթին, բացի Ռուսաստանից (քանի որ այնտեղ ռուսաց լեզուն մայրենի է), չեն մասնակցում Թուրքմենստանը եւ Ադրբեջանը։ Վերջինս ոչ մերժել, ոչ էլ ընդունել է մրցույթին մասնակցելու հրավերը, իսկ Թուրքմենստանի պարագայում եղել են տրանսպորտային խնդիրներ։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4