«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԳԱԱ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Մեր օրերում սրտառուչ բան է թվում, որ մարդիկ հրապարակավ երախտագիտություն են հայտնում մի մարդու, այս պարագայումՙ բարեգործի, որն իրենց օգնել է։ Նման դեպքերում երախտագիտության դաս է տրվում նաեւ ուրիշներին եւ, միաժամանակ, քաջալերանք ոչ միայն տվյալ բարեգործին, այլեւ ուրիշներիՙ հետեւելու նրա օրինակին։

Հայրենական արդյունաբերության կարկառուն ներկայացուցիչ, բարեգործ Հրանտ Վարդանյանին երախտագիտություն հայտնելու առիթն իրենք էին ստեղծելՙ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները, որոնք երեկ խորհրդանշական գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել իրենց նիստերի դահլիճումՙ պատվելու այն մարդուն, որն արդեն քանի տարի ոչ միայն ամենամսյա թոշակ է նշանակել ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին, այլեւ նյութական օգնություն է տրամադրում ԳԱԱ ենթակա գիտական հիմնարկներին եւ առաջին հերթինՙ Բյուրականի աստղադիտարանին։

ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը բացելով հանդիսությունըՙ դրվատանքի խոսքեր ասաց պրն Վարդանյանի հասցեին, շնորհավորեց նրան Մանթաշյանի եւ Ալեք Մանուկյանի ու մեր մյուս վավերական բարերարների օրինակին հետեւելու համար եւ հանձնեց ԳԱԱ բարձրագույն պարգեւըՙ ոսկյա շքանշանը ու ծաղիկներ տիկին Վարդանյանին, հիշեցնելով, որ յուրաքանչյուր լավ գործի հետեւում մի կին կա։

Այնուհետեւ խոսեցին բազմաթիվ ակադեմիկոսներՙ դրվատելով պրն Վարդանյանի ջանքերը մեր մշակույթին, արվեստին ու գիտությանը թեւ-թիկունք կանգնելու գործում, ավանդությունները վերականգնելու հարցում։ Շեշտվեց նաեւ այն միտքը, որ գործարար Հ. Վարդանյանը ոչ թե պարզ մեկենաս է մեր գիտության ու մշակույթի համար, այլեւ իսկական գործընկեր, քանի որ գիտության զարգացման մեջ է նա տեսնում հայրենիքի հզորացումը։

Վերջում Հ. Վարդանյանի խոսքը հնչեց սրտառուչ եւ տպավորիչ։ Նա իր կատարածի դիմաց շատ բարձր համարեց ոսկյա շքանշանով պարգեւատրումը, սակայն ավելացրեց, որ ինքն ունի կարողություններ, որոնք հետագայում ներդնելով գիտության ու մշակույթի զարգացմանը, իրեն արժանի կդարձնեն այդ պարգեւին։ Պրն Վարդանյանը մեկ այլ խոստում էլ տվեց. «Ոչ միայն ես, այլեւ իմ ժառանգորդները, ասաց նա, շարունակելու են սկսած գործըՙ իրենց կարողություններն ի սպաս դնելով հայոց գիտության ու մշակույթի զարգացմանը»։

Հիշեցնենք, որ այս պարգեւին նախապես արժանացել են 3 հոգիՙ Լուիզ Սիմոն Մանուկյանը, Նիկոլայ Ռիժկովը եւ Արա Աբրահամյանը։

Հ. Ռ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4