Իսկ կանխավճարների հավաքման սովորույթը չի վերանում
Այս տարվա առաջին չորս ամիսներին հարկային մուտքերը կազմել են 33,1 մլրդ դրամ, ինչը մոտ 4 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանը։ Նրա հավաստմամբ, այդ 4 միլիարդից մոտ 2¬2,4 մլրդ դրամը հարկման դաշտ է բերվել ստվերային տնտեսությունից, իսկ մնացածըՙ տնտեսական աճի հաշվին։ Ամբողջ տարվա կտրվածքով նախատեսվող 13 մլրդ դրամ լրացուցիչ մուտքերից 7¬8 մլրդ դրամը, ըստ նախարարի, պետք է տեղի ունենա հենց ստվերային տնտեսության հաշվին։
Ըստ հարկատեսակների, ցուցանիշները հետեւյալն ենՙ ավելացված արժեքի հարկի գծով աճը կազմել է 34 տոկոս, շահութահարկի գծովՙ 16 տոկոս, եկամտահարկի գծովՙ 13 տոկոս, ակցիզային հարկի գծովՙ 4 տոկոս, պետական տուրքի գծովՙ 11 տոկոս, հաստատագրված վճարների գծովՙ 14 տոկոս։ Երվանդ Զախարյանը նշեց, որ աճել են մուտքերը սպիրտային խմիչքների, տոնավաճառների, խաղատների, ավտոտրանսպորտի մասով։ Խաղատների վերաբերյալ տեղեկացվեց, որ դրանք գտնվում են խիստ հսկողության տակ եւ տեղադրված 37 սեղանները հաշվառված են։
Վնասով աշխատող եւ ապառքներ ունեցող ձեռնարկությունների վնասը 2001 թ. 94 մլրդ դրամ էր։ 2002 թ., նախարարի հավաստիացմամբ, այդ թիվը կրճատված կլինի։ Այդ մասին տվյալները կհրապարակվեն։
Խոշոր հարկատուներն ապահովել են հարկային մուտքերի 58¬60 տոկոս։ Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի գերավճարներին, ապա այս տարի տնտեսվարող սուբյեկտներին է վերադարձվել 5¬6 մլրդ դրամ։
Անդրադառնալով 2003 թ. միջոցառումներին, հարկային ծառայության պետը թվարկեց այն օրենքները, որոնք պետք է խորհրդարանին ներկայացվեն։ Դրանք են «Հարկային ծառայության մասին», «Առեւտրի իրականացման վայրերի մասին», «Ֆիզիկական անձանց գույքի հայտարարագրման մասին», «Հարկային մարմինների կողմից ստուգումների մասին» եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին»։ Երվանդ Զախարյանը կարեւորեց վերջին օրենքի անհրաժեշտությունը, քանի որ 2004 թ. պետք է տեղադրվեն նոր ՀԴՄ-ներ։
«Ազգի» հարցը վերաբերում էր հատկապես փոքր ձեռնարկատերերից հավաքվող հարկային կանխավճարներին։ Հարկային ծառայության պետը, չհերքելով կանխավճարների հավաքման երեւույթը, նշեց, որ, այդուհանդերձ, լայնածավալ բողոքներ չկան։ Լինում են որոշակի դեպքեր, բայց դրանք շատ քիչ են, եւ դա արվում է պլանային ցուցանիշների կատարման համար կամ օրենքով նախատեսված շահութահարկի մասով։ Ասելով, որ այստեղ ծառայությունն անելիքներ ունի, Երվանդ Զախարյանը շեշտեց, որ, միեւնույն է, տարվա կտրվածքով գործարարն իրեն հասանելիք հարկի չափից ավելի չի վճարում։
Հարկային դրույքաչափերի հնարավոր փոփոխման հարցի վերաբերյալ նշվեց, որ դրանց բարձրացում առաջիկա տարիներին չի սպասվում։ Ընդհակառակըՙ միտում կա գնալու դեպի իջեցում։ Հարկային ծառայության պետն անընդունելի համարեց առանց տնտեսական հաշվարկների քաղաքական ուժերի կողմից հարկային դրույքաչափերի իջեցման մասին ծրագրային խոստումները։ Մյուս կողմիցՙ նա հանգիստ է վերաբերվում դրանց, քանի որ ընտրողների համակրանքը շահելու խնդիր կա։
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ խնդիր է դրված արտաքին եւ ներքին ներդնողների համար հարկային դաշտը հավասարեցնել։ Հարկային ծառայության պետը կարեւորեց «Եկամտահարկի մասին» օրենքի անհրաժեշտությունը, քանի որ այս հարկատեսակն առեւտրի եւ սպասարկման ոլորտում 70¬80 տոկոսով չի վճարվում։ Նոր օրենքը պետք է նպաստի եկամտահարկը հարկման դաշտ բերելուն։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ