ՀՌԱԿ-ի, Արա Աբրահամյանի եւ ԳԱ ակադեմիայի համագործակցությունը
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամուր պետություն կառուցելու համար, անշուշտ, անգնահատելի է զարգացած գիտություն ունենալու հանգամանքը։ Առ այսօր ծանր է հաշտվել այն մտքի հետ, որ խորհրդային տարիներին գիտության առաջատար մի շարք ճյուղերում մեծ նվաճումների հասած Հայաստանը, անկախության հռչակումից հետո, իշխանության գլուխ անցած գիտնական այրերի անտարբերության մեղքով պիտի կանգներ գիտության փլուզման ծանր փաստի առջեւ։ Թվում էր, թե հենց գիտնական քաղաքական գործիչները պիտի գնահատեին գիտության ու կրթության արժեքը ու ամեն գնով կանխեին դրանց հիմնահատակ քայքայումը։ Ավաղ, այդպես չեղավ, եւ այսօր գերլարված ճիգեր ու ֆինանսական հզոր ու կայուն միջոցներ են հարկավոր գիտության ավանդական ճյուղերի զարգացումն ապահովելու համար, քանզի առանց դրանց աներեւակայելի է երկրի տնտեսության ու արդյունաբերության հզորացումը։ Այս դժվարին խնդրի իրագործմանն են ձեռնամուխ եղել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ Ռուսաստանի հայերի միությունը, որոնց առաջարկությամբ ԳԱ ակադեմիայի ինստիտուտներում մշակված գիտական 10 լավագույն ծրագրերը կներկայացվեն լայն քննարկման։ Ակադեմիայի դահլիճում երեկ վերոհիշյալ խնդրի վերաբերյալ իրենց մտքերն արտահայտեցին ԳԱ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ Ներկա էին ակադեմիկոսներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական աշխատողներ։
Ակադեմիայի նախագահի գնահատմամբ, Արա Աբրահամյանի հետ երկամյա համագործակցությունը արդյունավետ պտուղներ է տալիս եւ ապագայում էլ շարունակական բնույթ կունենա, քանզի բազմաթիվ են այն թեմաներն ու ծրագրերը, որոնց վրա վերջին տարիներին տքնել են մեր գիտնականներըՙ երկրի տնտեսությունն ու հատկապես գյուղատնտեսությունը առաջ մղելու նվիրումով։ Նա հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներում կլինեն շոշափելի արդյունքներՙ կիրառելի տնտեսության մեջ։
Արա Աբրահամյանն իր խոսքում մեծապես կարեւորեց հայրենի գիտության զարգացումն ու մտավոր ներուժի պահպանումըՙ խոստանալով էլ ավելի աջակցել ու սատար կանգնել գիտական արժեքավոր ծրագրերին։ Ակադեմիային իր հարգանքի տուրքը մատուցելու համար Ռուսաստանի հայերի միությունը նախապատրաստվում է մեծ շուքով նշել ԳԱԱ 60¬ամյա հոբելյանը։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ռամկավարների հետ դպրոցներին համակարգիչներ նվիրելու ծրագրի իրականացմանըՙ նա ընդգծեց, որ դա որեւէ առնչություն չունի ընտրությունների հետ, պարզապես ծրագրի համաձայն նախատեսվում է բաժանել 3 հազար համակարգիչ։ Ռամկավար կուսակցության գաղափարախոսությունը հարազատ է իր միությանը, որն էլ դարձել է սերտ համագործակցության նախասկիզբ։
Նա չթաքցրեց իր ուրախությունը Հայաստանից գյուղմթերքներ արտահանելու վերաբերյալ Յակուտիայի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, որը մեծապես կբարելավի թշվառ պայմաններում հայտնված գյուղացու վիճակը։ Խոսքն ավարտելով, նա վերստին խոստացավ մշտական այցելությունների ընթացքում անել հնարավոր ամեն ինչՙ Հայաստանի հզորացման համար։
Լավրենտի Բարսեղյանը հիմնականում շեշտեց գիտության զարգացմանը առանձնահատուկ տեղ ու կարեւորություն տալու ռամկավարների դիրքորոշումը։ Նա խոսեց գիտության բնագավառում առկա մի շարք ցավոտ խնդիրների մասին, որոնք դուրս են մնացել կառավարության ու խորհրդարանի ուշադրությունից։ Նրա համոզմամբ, Ռուսաստանի հայերի միությունը, ռամկավարներն ու ակադեմիան միավորվելով կստեղծեն այն հուսալի ուժը, որն ի զորու կլինի առաջ մղելու գիտության զարգացումը։
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի ելույթը լի էր լավատեսությամբ, քանզի նա հավատում է Արա Աբրահամյանին, որը տեր է իր խոսքին, գործում է հավասարակշռված եւ խուսափում սին խոստումներից։ Ռամկավարները ձգտում են քաղաքականապես ապահովել բոլոր ծրագրերը, ստեղծել անհրաժեշտ օրենքներ եւ հետամուտ լինել դրանց իրագործմանը։