Արմեն Ստեփանյանը ֆեդերացիայի նոր նախագահ
Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ներկա իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին էր նվիրված երեկ ժուռնալիստի տանը կայացած մամուլի ասուլիսը։ Ավելի քան 3 տարի է, ինչ հիմնադրվել է հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան (ՀՊԲՖ)։ Օրերս ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել նկարիչ-ձեւավորող եւ գործարար Արմեն Ստեփանյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է ԱԺ պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանին։ Վերջինս ֆեդերացիայի պատվավոր նախագահն է։ Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՀՊԲՖ-ն գործնական քայլեր է ձեռնարկում հայ բռնցքամարտիկներին միջազգային պրոֆեսիոնալ ռինգ դուրս բերելու համար։ Արդեն արձանագրվել են որոշ հաջողություններ, որոնք Հայաստանում այս մարզաձեւի արմատավորման համար լավ հեռանկարներ են խոստանում եւ կարող են պետական եկամուտների առանձին աղբյուր դառնալ։ Գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն ահռելի գումարներ են վաստակում, իսկ այդ գումարներից գանձվող հարկերը կարող են հարստացնել պետական գանձարանը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտն էապես տարբերվում է սիրողականից, քանի որ գործում է այլ ֆինանսաիրավական հարթությունում։ Ֆեդերացիայի նախագահը մտահոգություն հայտնեց, որ որոշ հայազգի մարզիկներ չլինելով կազմակերպության անդամ, հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Դրանով նրանք ոչ միայն խախտում են պրոֆեսիոնալ սպորտում ընդունված չափանիշները, այլեւ դուրս են մնում հարկային դաշտից։ Ուստի ՀՊԲՖ-ն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որ Հայաստանի դրոշի ներքո իրավունք ունեն հանդես գալ միայն ֆեդերացիայի ներկայացրած մարզիկները, անկախ նրանց ազգությունից կամ քաղաքացիությունից։
Արմեն Ստեփանյանը նաեւ տեղեկացրեց, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացման նպատակով ստեղծվել է համահայկական հիմնադրամ, որի նախագահն է անցյալում մեր փառաբանված բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, իսկ գործադիր տնօրենըՙ սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանը։ Դավիթ Թորոսյանն արդեն 12 տարի բնակվում է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում հիմնադրել է բռնցքամարտի «Հայկական աստղեր» ակումբը, նրա սաները նշանակալից հաջողությունների են հասել միջազգային ասպարեզներում։ Ներկայում էլ Դավիթ Թորոսյանը զբաղվում է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների պատրաստմամբ։ Նա տեղեկացրեց, որ այսօր ֆեդերացիայի հովանու ներքո մրցումների են մասնակցում պրոֆեսիոնալ երեք բռնցքամարտիկներՙ 27-ամյա Արթուր Գեւորգյանը (61,5 կգ), 24-ամյա Տիգրան Հակոբյանը (64 կգ) եւ 23-ամյա կիսածանր քաշային Արտյուշա Տեր¬Հովսեփյանը։ Արթուր Գեւորգյանն արդեն 8 մենամարտ է անցկացրել, առայժմ նա 10 ռաունդանոց մենամարտի է մասնակցում, իրեն լավագույն կողմերով է դրսեւորել։ Տիգրան Հակոբյանն իր առաջին մենամարտն անցկացրել է դեկտեմբերին, եւս լավ հեռանկար ունի, ինչպես եւ նորեկ Արտյուշա Տեր¬Հովսեփյանը։ Դավիթ Թորոսյանը նշեց, որ ԱՄՆ-ում, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեծ զարգացում է ապրել, ընդունում են Հայաստանի ֆեդերացիային։ Նա եւս մտահոգություն հայտնեց, որ շատ հայ բռնցքամարտիկներ փորձում են միայնակ լուծել իրենց խնդիրները, բռնել պրոֆեսիոնալ ուղին, մեկնում են տարբեր երկրներ, որտեղ, ցավոք, անհաջողության են մատնվում։
Իհարկե, ամեն բռնցքամարտիկ չէ, որ կարող է դառնալ պրոֆեսիոնալ։ 12 ռաունդանոց մենամարտ անցկացնելու համար հատուկ ֆիզիկական, նաեւ հոգեբանական պատրաստություն պիտի անցնեն։ Բացի այդ, ֆինանսական բավական միջոցներ են ծախսվում, որոնք բռնցքամարտիկը հետագայում պետք է կարողանա ոչ միայն փոխհատուցել, այլեւ եկամուտ բերել հաջող մրցելույթների շնորհիվ։ Ներկա 3 բռնցքամարտիկների պատրաստման, մրցումներին մասնակցելու համար մոտ 100 հազար դոլար է ծախսվել, հիմնականումՙ Արմեն Ստեփանյանի անձնական միջոցներից։ Ֆեդերացիան առաջիկայում ծրագրել է Ֆրեզնոյի հայ համայնքի խնդրանքով կազմակերպել շոու հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ։
Անդրադառնալով սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի փոխհարաբերությանը, Դավիթ Թորոսյանը նշեց, որ սիրողական բռնցքամարտիկներն այն հերթափոխն են, որոնք հետագայում համալրելու են պրոֆեսիոնալների շարքերը։ Սակայն պարզվում է, որ հայկական սպորտի ղեկավարները չեն խրախուսում ՀՊԲՖ-ի նախաձեռնությունըՙ գտնելով, որ շատերը գայթակղվելով խաղարկվող բարձր գումարներով, կարող են թողնել սիրողական բռնցքամարտը։ Դավիթ Թորոսյանը գտնում է, որ յուրաքանչյուր մարզիկ ինքն է իր ճակատագրի տերը։ Եվ եթե նա վճռել է անցնել պրոֆեսիոնալների շարքերը, ապա դժվար է այդ քայլն արգելելը։ Բացի այդ էլ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հոնորարների հարկային վճարումներից մի մասը կարելի է ուղղել սիրողական բռնցքամարտի ֆինանսավորմանը, որի կարիքն այսօր շատ է զգացվում։