«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2003-05-14 | #92, 2003-05-15 | #93, 2003-05-16


ԿԸՀ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՒ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ իրեն

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկի նմուշը, ներառելով մեզ արդեն հայտնի 21 կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների անվանումները։

Հաջորդ հարցը, որն օրակարգով հաստատեց եւ քննարկեց ԿԸՀ-ն, պաշտոնական պարզաբանում էր «Հանրաքվեի մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների միաժամանակյա կիրառման դեպքում հակասություններ չառաջանալու կապակցությամբ։ Ըստ որոշման նախագծի, «Հանրաքվեի մասին» օրենքով տեղամասային ընտրական հանձնաժողովն անհատական ծանուցման թերթիկների միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառվածՙ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման հետ կապված միջոցառումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին։

Մինչդեռ, ըստ Ընտրական օրենսգրքի, տեղամասային հանձնաժողովները նման լիազորություն չունեն։ Ուստի «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն գործում է Ընտրական օրենսգրքի նորմը։

«Հանրաքվեի մասին» օրենքի այլ դրույթով քաղաքացին լրացրած քվեաթերթիկը քառապատիկ ծալած քվեարկության խցիկից դուրս է բերում եւ մոտենում հանձնաժողովիՙ քվեաթերթիկների համար պատասխանատու անդամին։ Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը, ապա բացում է քվեատուփի ճեղքը, մասնակցին հնարավորություն ընձեռելով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ։

Մինչդեռ, ըստ Ընտրական օրենսգրքի, ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում քվեաթերթիկը քառապատիկ ծալած, մոտենում է քվեատուփին։ Եվ երբ քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է ճեղքը, քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ։ Այսինքնՙ Ընտրական օրենսգրքով կրկին փաստաթուղթ ստուգելու պարտավորություն չի սահմանվում։

Հանձնաժողովի անդամ Արտաշես Ավոյանը կարծիք հայտնեց, որ փաստաթուղթ ստուգելու առումով հակասություն չկա Ընտրական օրենսգրքի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի միջեւ։ ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանն էլ նախ նշեց, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ վատ է լուսաբանվել, ուստի եւ անհրաժեշտ է ծանուցել մարդկանց այդ մասին։

Չնայած արտահայտված կարծիքներին, հանձնաժողովը քվեարկեց եւ հաստատեց ներկայացված նախագիծը, երկու ձեռնպահ տարբերակով, ընդ որում ձեռնպահ մնացին վերը նշված կարծիքների հեղինակները։

Թե ինչպես է ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացվում, հանձնաժողովին զեկուցեց Զավեն Պլուզյանը։ Հանձնաժողովն էլ միաձայն հաստատեց։

Նիստի սկզբում ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանն առաջարկեց օրակարգ մտցնել որոշման նախագիծՙ թիվ 50 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մայիսի 15-ին ընդունված երկու որոշումների առնչությամբ։ Որոշումները վերաբերում են ինքնաբացարկ հայտարարած երկու թեկնածուներին։ Եվ ինչպես ներկայացրեց Աննա Ալեքսանյանը, որոշման նախագիծը պետք է վերաբերեր այդ որոշումների ձեւակերպումներին։ Մասնավորապես, մի թեկնածուի դեպքում հանձնաժողովը որոշում է կայացրել անվավեր ճանաչել գրանցումը, մինչդեռ պետք էր ուժը կորցրած ճանաչել։ Իսկ երկրորդ դեպքումՙ հանձնաժողովը համարելով, որ ինքնաբացարկ հայտարարելու ժամկետը լրանում է մայիսի 14-ին, ժամը 18-ին, մյուս ինքնաբացարկ հայտարարող թեկնածուի հայտարարությունն ընդունվել էր ի գիտություն, սակայն որոշվել է քվեաթերթիկում թողնել նրա անունը։

Բայց քանի որ ինքնաբացարկ հայտարարելու ժամկետը լրանում էր մայիսի 15-ին, առավոտյան ժամը 8-ին, ուստի Աննա Ալեքսանյանն առաջարկեց նշված ինքնաբացարկի հեղինակի անունը չմտցնել քվեաթերթիկի մեջ, այսինքնՙ վերացնել տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման այդ մասը։ Որոշումն ընդունվեց միաձայն։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4