ԲԱՔՈՒ, 15 ՄԱՅԻՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այն կարծիքին է, որ Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործում։ Այսօր, ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսումՙ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի հավակնում եւ չի մասնակցի այդ հակամարտությունների լուծմանը, բայց «մենք հասկանում ենք, որ առանց դրսից օժանդակության դրանք դժվար կլինի կարգավորել»։ Այդ առնչությամբ Ռոբերտսոնն ընդգծել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի համագործակցության կարեւորությունըՙ գոհունակություն հայտնելով, որ «այդ բնագավառում առաջխաղացում կա»։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համագործակցությունը նույնպես կնպաստի Հարավային Կովկասի հակամարտությունների, այդ թվումՙ ղարաբաղյան խնդրի լուծմանը։
Անդրադառնալով կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանըՙ Ռոբերտսոնն ասել է. «ՆԱՏՕ-ն ոչ մի ցանկություն եւ ձգտում չունիՙ մասնակցելու դրա լուծմանը»։ Նրա կարծիքով, դա հակամարտող կողմերի հարցն է, որոնք պետք է կարգավորման հասնեն փոխզիջումների ճանապարհով։ Ըստ նրա, ՆԱՏՕ-ի դերակատարությունը կարող է դրսեւորվել հետհակամարտային շրջանում։ Ռոբերտսոնն ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի շահագրգռությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարելով, որ «այդ հակամարտությունը թուլացնում է տարածաշրջանը եւ նոր սպառնալիքներ է ստեղծում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատկապես նշել է տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը Ադրբեջանը դիտում են որպես կարեւոր գործընկեր տարածաշրջանում։