«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Իսկ նրանց մի մասը միայն գործում է

ԱԺ Շիրակի մարզի 48-րդ մեծամասնական ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների հետ մամուլի ասուլիսը հերթականն էր Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախաձեռնած համանման նախընտրական ասուլիսների շարքում։ Այս տարածքում մրցակից թեկնածուների թիվը 9-ն էր, որոնցից 4-ը, ինչպես հետո պարզվեց, մինչեւ այդ օրվա երեկոյան հանել էին իրենց թեկնածությունը։ Մյուսներից հրավերին արձագանքել էին երեքը, որոնք չորրորդի փոխարեն ներկայացած վստահված անձի մասնակցությանը կտրականապես դեմ եղան։ Առարկությունը մասնավորապես այն էր, թե այդ թեկնածուն անձամբ պիտի ներկայանար, որ լրագրողներն էլ տեսնեինՙ գոնե կարո՞ղ է խոսել (ընտրվելուց հետոՙ նաեւ ԱԺ-ում), պատասխանել հարցերի։

Ասուլիսին ներկա թեկնածուներիցՙ մինչեւ վերջերս Շիրակի ռազմական ոստիկանության պետ, այժմ «Հանրապետություն» կուսակցության անդամ, չաշխատող Աշոտ Զաքարյանը հայտարարեց, թե ինքն առաջադրվել է եւ ուզում է գնալ խորհրդարան, որպեսզի պայքարի արդարության եւ հանրապետությունում, իր արտահայտությամբ, տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար։ Նա ավելորդ համարեց նախընտրական ծրագիր ներկայացնելը, ասելով, թե ամենալավ ծրագրերն իսկ ի չիք կլինեն, քանի դեռ Հայաստանում «գործում է կլանային համակարգը»։ Մյուս թեկնածունՙ ՀՀՇ անդամ, տարիներ առաջ մաքսատանն աշխատած, մասնագիտությամբ գրականության ուսուցիչ Շալիկո Զորյանը խոսեց հանրապետությունում տիրող, իր գնահատմամբ, վախեցնող բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքական դաշտի ծանր վիճակի, նախընտրական «մարդորսի» մեծ չափերի մասին։ Նա հայտնեց, թե տարիներ առաջ Բավրայի մաքսատունը ամսական 250-260 հազար դոլար էր փոխանցում պետական բյուջե, իսկ հիմա եղել է ամիս, որ այստեղից ոչինչ մուտք չի եղել։ Ըստ Զորյանի, այսօր ամբողջ հանրապետությունում ներկրումը միայն 4-5 մարդու ձեռքում է կենտրոնացված, մյուսներին մոտ չեն թողնում, ու բերված ապրանքի միայն 15-20 տոկոսն է հարկվում։ Եւ խնդրեմ. վերջին հինգ տարում մեր երկրում պետական բյուջեի աճ տեղի չի ունեցել։ Ի դեպ, ասուլիսում խոսք եղավ նաեւ այն մասին, թե որոշ թեկնածուներ եւս թող նախ մտնեն հարկային դաշտ, հետո նոր առաջադրվեն պատգամավորության թեկնածու։ Շ. Զորյանն այլ հարցադրումների թվում ցավ հայտնեց, որ Գյումրիում այսօր դպրոց կարող է փակվել, մինչդեռ սա միայն ինքն իր համար մի քաղաք չէ, եւ եթե Գյումրին չլինիՙ դիցուք Ջավախքը չի ապրի... Ասուլիսի մասնակից երրորդ պատգամավորական թեկնածունՙ անկուսակցական, գործարար Մարտին Հայրապետյանը, կարեւորեց պատգամավորի կարգավիճակում աշխատանքը համայնքների հետ, որպեսզի կարելի լինի երկիրն այսօրվա ծանր վիճակից դուրս բերել։ Որպես գյուղի ծնունդ եւ գյուղի հետ կապված մարդ, նա կցանկանար մասնակցել այնպիսի քաղաքականության մշակմանը, որը մասնավորապես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գտնվող շիրակցի գյուղացուն կօգներ ոտքի կանգնել։ Այլապես, նրա համոզմամբ, մեր երկիրն առաջընթաց չի ունենա։

Չհավատալով ազատ, արդար ընտրության հնարավորությանը եւ բողոքելով, թե մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարարիՙ մարզ կատարած այցելությունից հետո վարչական ապարատը լրիվ գործում է որոշակի թեկնածուների օգտին, ասուլիսի մասնակից թեկնածուներն ասացին, թե իրենք այնուամենայնիվ ձգտում են որոշ չափով կասեցնել դա։

Նորմալ Ազգային ժողովը Նախագահի հետ ամեն ինչ կանի մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այս լավատեսական գնահատականն էլ հնչեց հաջորդՙ 49-րդ ընտրատարածքի թեկնածուների խմբային ասուլիսում, պատգամավորության թեկնածու Մարզպետունի Մարգարյանի կողմից։ Մ. Մարգարյանը Շիրակի մարզպետարանի բաժնի վարիչ է, քաղաքականության մեջ ոչ նոր մարդ։ Նա կարծում է, որ Գյումրու ու մարզի վերաբերյալ մինչեւ այժմ ընդունված օրենքները հիմնականում չգործող են, ուստի այս առումով եւս խորհրդարանում խնդիրներ կան։ Ցավոք, այս ասուլիսին էլ 8 թեկնածուներից միայն երեքն էին ներկայացել։ Իրենց առաջադրվելու դրդապատճառներին ու ծրագրային հիմնադրույթներին անդրադարձան նաեւ պատգամավորության մյուս երկու ներկա թեկնածուներըՙ անկուսակցական Կարապետ Եգորյանը, նույնպես անկուսակցական, Գյումրու ավագանու անդամ Հրաչ Մելքոնյանը։ Վերջինս մասնավորապես նշեց, թե պետք է նաեւ աշխատանք կատարել, որ Հայաստանը չկենտրոնացվի միայն Երեւանում, որը դարձել է քաղաք-հանրապետություն։

Այստեղ էլ պատգամավորության թեկնածուները ցավ հայտնեցին, թե Շիրակի մարզն աչքի է ընկնում ընտրակաշառքի զանգվածային չափերով։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4