Երեկ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչների հյուրն էին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրություններում ՀՌԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը։
Քաղաքի պետական մանկավարժական համալսարանում, «Ֆոտոն» վարժարանում, թիվ 40, 23 եւ այլ դպրոցներում, ինչպես նաեւ քաղաքի ուրիշ ձեռնարկություններում կայացած հանդիպումների ընթացքում ՀՌԱԿ ատենապետը եւ ճանաչված գիտնականը խոսեցին կուսակցության պատմության, քաղաքական դիրքորոշումների, ՀՌԱԿ-ի եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության, նրանց համատեղ ներդրումների մասին։
Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի հայերի միությունը 50 միլիոն դոլար գումարի չափով ներդրումներ է անում Հայաստանում, որոնց մի մասը ծախսվելու է գյուղատնտեսության զարգացման, բարձրագույն եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների վերազինման համար։ Միայն երկու օրվա ընթացքում Շիրակի մարզի մի շարք դպրոցներում եւ վարժարաններում տեղադրվեցին Pentium-4 համակարգիչներՙ ընդհանուր առմամբ 85 հազար դոլար գումարի արժողությամբ։ Բացի մարզի գյուղական դպրոցներից, համակարգչային դասարաններ բացվեցին Գյումրու թիվ 4, 8, 20, 22, 23, 30, 31, 40 դպրոցներում եւ «Ֆոտոն» վարժարանում։
Մանկավարժական համալսարանում կայացած Գյումրու աշխատավորների, հատկապես մտավորականների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը շեշտեց, որ դպրոցները համակարգիչներով զինելու ծրագիրը բնավ նախընտրական շոու չէ, ոչ էլ քարոզարշավի բաղադրիչ մաս։ «Դպրոցների տեխնիկական վերազինումը սկսվել է դեռեւս 2003 թվականի առաջին ամիսներից եւ կապված է ՀՌԱԿ-ի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ կնքված երկարատեւ պայմանագրի իրականացման հետ։ Այդ գործընթացը կշարունակվի նաեւ ԱԺ ընտրություններից հետո», ասաց Ռուբեն Միրզախանյանը։
Իսկ պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը շեշտեց, որ, այո, ծրագիրը կշարունակվի անկախ ընտրությունների արդյունքներից։
Ուրախանալու առիթ ունեցան նաեւ մանկավարժական համալսարանի դասախոսները եւ ուսանողները, երբ ՀՌԱԿ ատենապետը հայտարարեց, որ բանակցություններ են վարվում ՌՀՄ-ի ղեկավարության հետ Գյումրու հնագույն բարձրագույն այս ուսումնական հաստատության վերանորոգման ծախսերի համար մեկուկես միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելու համար։ «Իհարկե,¬ շեշտեց Ռուբեն Միրզախանյանը,¬ առայժմ բանակցություններ են վարվում»։
Գյումրու «Սուրբ Թարգմանչաց» թիվ 30 միջնակարգ դպրոցի տնօրեն Լ. Մանուկյանը եւ մանկավարժական կոլեկտիվն ԱԺ գալիք ընտրությունների ժամանակ լիակատար հաջողություն մաղթեցին դպրոցի նկատմամբ ցուցաբերված մշտական հոգատարության համար։ Նույնպիսի շնորհավորական խոսքով հանդես եկան Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը, «Ֆոտոն» վարժարանի, մյուս դպրոցների տնօրենները։
Ի դեպ, հանդիպումների դադարների ժամանակ ՀՌԱԿ Շիրակի շրջանակի վարչության անդամ, Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրեն Արփինե Արարքցյանը «Ազգի» թղթակցին տեղեկացրեց, որ կուսակցությունը մշտական հոգատարություն է ցուցաբերել մարզի եւ քաղաքի բնակիչների հանդեպ։ Մեկ ամիս առաջ տեխնիկապես վերազինվել են Գյումրու թիվ 18 եւ 24 դպրոցները, թիվ 1 կրթահամալիրը։ Վերջերս 16 գյումրեցիներ 12-օրյա հանգիստ վայելեցին Սոչիի հանգստյան տներից մեկում։ Իսկ Գյումրու Թեքեյանի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվն արդեն 4-րդ տարին հավելյալ վարձատրություն է ստանում Թեքեյան մշակութային միությունից եւ կարողանում է փոքրիշատե նորմալ կյանքով ապրել։
Քանի որ Արփինե Արարքցյանը նաեւ ԱԺ ընտրությունների ՀՌԱԿ-ի Գյումրու քաղաքային շտաբի պետն է, խնդրեցինք տեղեկություններ տալ այսօրվա իրավիճակի մասին։
¬ Բնավ չեմ ուզում չափազանցել,¬ ասաց զրուցակիցս,¬ բայց փաստն այն է, որ մեր քաղաքում ոչ միայն ավելանում են կուսակցության անդամները եւ համակիրները, այլեւ այն մարդիկ, ովքեր վճռականորեն են տրամադրված ընտրությունների ժամանակ ՀՌԱԿ ներկայացուցիչների թեկնածությունները պաշտպանելու համար։
Արփինեի խոսքերի հավաստումն էին այն լեփ-լեցուն դահլիճները, մարդկանց ոգեւորությունը, որ նկատելի էին երեկ։
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը նշեց այն կոնկրետ անելիքները եւ ծրագրերը, որոնք իրականացվելու են ԱԺ-ում ՀՌԱԿ-ի ներկայության դեպքում։ Դրանք իրական ծրագրեր են, որոնք արդեն սկսել են իրագործվել։
Ս. Մ.