«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ԿԸՀ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպվել էր ոստիկանության ներկայացուցիչների եւ ԿԸՀ անդամների խորհրդակցություն։ Ներկա էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Արտակ Սահրադյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախկին 1864 տեղամասի փոխարեն կունենանք 1885-ը։ Եվ դա այն պատճառով, որ որոշ տեղամասեր նախորդ ընտրությունների ժամանակ ունեին 2000-ից ավելի ընտրող։ 2000-ը նախորդ ընտրություններում գերազանցվել էր, որովհետեւ որոշ քաղաքացիներ դատական կարգով վերականգնել էին իրենց ընտրական իրավունքը, ինչպես նաեւ ընտրացուցակները 40 օրվա ընթացքում ճշտվել էին։

Արտակ Սահրադյանը հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների համեմատ առաջընթաց կլինի դատական կարգով ընտրական իրավունքը վերականգնողների թվի փոքրացման առումով։

Անդրադառնալով օրվա թեմային, Արտակ Սահրադյանը նշեց, որ առայժմ դիտարկված խախտումները հիմնականում վերաբերում են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմնակիցների գործողություններին։ Օրինակ, Կոտայքի մարզի թիվ 45 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներից մեկի նախընտրական շտաբը հրդեհելու փորձի վերաբերյալ տարվում է քննություն։

Արտակ Սահրադյանի ներկայացմամբ, փոքրիկ միջադեպեր են եղել թիվ 33 ընտրատարածքում, նաեւ Գորիսում։ Ինչ վերաբերում է թիվ 43 ընտրատարածքում, իսկ ավելի կոնկրետՙ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում մայիսի 14-ի կեսգիշերին տեղի ունեցած սպանությանը, ապա ԿԸՀ նախագահը ներկայացրեց պաշտոնական պատասխան, համաձայն որի սպանությունը կապ չունի ընտրությունների հետ, այլ դժբախտ պատահար է։ Ոստիկանական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի ներկայացմամբ, գարնան ամիսները ոստիկանության համար ծանր էին, աշխատանքները լարված էին։ Չնայած դրան, ոստիկանության պետի տեղակալը կրկին հարց բարձրացրեց ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով իրենց ընտրական իրավունքն իրականացնել չկարողացող ոստիկանների մասին եւ նշեց, որ տարբերակներ առայժմ չեն գտել։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Հովհաննես Վարյանը նշեց, որ Հայկ Բաբուխանյանի հետ կապված միջադեպի, ինչպես նաեւ Արամ Կարապետյանին ՀՀ-ում 5 տարի մշտապես գրանցվելու տեղեկանք տալու առումով ծառայողական քննության նյութերով պատասխանատու ոստիկանները պատժվել են։ Եվ դա, ըստ պրն Վարյանի, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի հետեւանք է։

Ինչ վերաբերում է տեղամասում ոստիկանի գտնվելու խնդրին, ապա, ըստ Արտակ Սահրադյանի, հնարավոր է հակասություն Ընտրական օրենսգրքի հետ։ Բայց թերեւս հնարավոր է, որ ոստիկանը կանգնի տեղամասի մուտքի մոտՙ գոնե ընտրախախտում կատարողի փախուստը կանխելու։

Այս եւ շատ այլ հարցեր ավելի մանրամասն կքննարկվեն հետո։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4