«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ՄԱՅԻՍԻ 18-Ը ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Նվիրյալըՙ Լավրենտի Բարսեղյան

Թանգարան...

Մեզնից ո՞վ սրտի թրթիռով ու երկյուղածությամբ չի անցել, ինչպես հույներն էին ասում, մուսաների այդ տաճարների խորախորհուրդ սրահներով, չի հիացել անցյալի եւ ներկայի հիշարժան իրադարձություններով ու պատմական դեմքերով, չի երազել նմանվել այս կամ այն հերոսին...

Երիցս ճիշտ է ժողովրդական այն իմաստնությունը, թե լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, քանզի տեսողական տեղեկությունը առավել երկար ու հիմնավոր է տպավորվում մարդու ուղեղում։ Պատահական չէ, որ մարդկությունը դեռեւս իր պատմության արշալույսին ստեղծեց առաջին թանգարանները։ Թանգարանաստեղծ գործունեությանն են իրենց կյանքի մեծ մասը նվիրել մեր ժողովրդի նշանավոր զավակներ Մխիթար Սեբաստացին ու Խաչատուր Աբովյանը, Թորոս Թորամանյանն ու Լեոն, Մարտիրոս Սարյանն ու Կարո Ղաֆադարյանը եւ մյուսները։

Հայաստանում եւ արտերկրում գիտությանն ու մշակույթին առնչվող քիչ մարդ կգտնեք, որ չճանաչի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Լավրենտի Բարսեղյանին։ Մարդու, որի մատնահետքերը կան վերջին գրեթե քառասուն տարում Հայաստանում բացված բոլոր թանգարանների, վերականգնված պատմական հուշարձանների վրա։ Սակայն ինչո՞ւ միայն դրանց։ Ժամանակին Լավրենտի Բարսեղյանը մշակույթի նախարարության, հետագայում նաեւ կառավարության համար մի տեսակ «շտապ օգնություն» էր. որ կառույցում գործերը վատ էին կամ սահմանված ժամկետները սեղմ, փրկարար առաքելությամբ այնտեղ էր ուղարկվում Բարսեղյանը։

1968 թ. աշնանը հանդիսավորությամբ նշվում էր Երեւանի հիմնադրման 2750-ամյակը։ Անհրաժեշտ էր կարճ ժամանակում վերականգնել Էրեբունի ամրոցը, բացել նույնանուն թանգարանը։ Աշխատանքների ղեկավարումը վստահվեց Պետշինի հուշարձանների պահպանության եւ վերականգնման վարչության պետի երիտասարդ տեղակալ Լ. Բարսեղյանին, որն այդ ժամանակ զբաղված էր Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնմամբ եւ Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ։ Էրեբունի ամրոցի վերականգնումն ու թանգարանի բացումը տոնակատարության նախօրեին ապահովված էին։ Ընդսմին, չտուժեցին նաեւ Գառնու տաճարի վերականգնման եւ Թումանյանի թանգարանի կառուցման աշխատանքները։

Սարդարապատի հուշահամալիրի եւ թանգարանային համակառույցի շինարարական աշխատանքներն ավարտելու, թանգարանի բացումն ապահովելու նպատակով մշակույթի նախարարության կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչության պետ Լ. Բարսեղյանը 1978 թ. նշանակվեց Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն։ Կարճ ժամանակում ավարտվեց շինարարությունը եւ ցուցադրության կազմակերպումը, թանգարանը դարձավ մեր հանրապետության կուլտուր-լուսավորական ամենաճանաչված ու այցելուներով ամենահարուստ հաստատությունը, Հայաստանում թանգարանագիտական աշխատանքների գիտամեթոդական կենտրոնը։ Ազգագրության թանգարանը հայ ժողովրդի ճարտարապետությունը, կիրառական եւ դեկորատիվ արվեստի այլեւայլ հարցերը լուսաբանող ցուցահանդեսներ կազմակերպեց ԱՄՆ-ում, Ավստրիայում, Արգենտինայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆիլիպիններում եւ այլուրՙ ամենուրեք արժանանալով ջերմ ընդունելության, իր շուրջը համախմբելով օտար ափերում դեգերող մեր հայրենակիցներին։ Թանգարանի համար այդ ամենաբեղուն տարիներին արտերկրից ավելի քան 30 ցուցահանդես հանգրվանեց Սարդարապատի հուշահամալիր-սրբավայրում։ Պատահական չէ, որ Սարդարապատի ազգագրության թանգարանը Լ. Բարսեղյանի տնօրինության բոլոր տարիներին արժանացավ ԽՄԿԿ կենտկոմի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի եւ ՀամԿԽ-ի փոխանցիկ դրոշին, որն այն ժամանակվա բարձրագույն պարգեւն էր պետական հիմնարկների համար։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի արժանացավ նաեւ թանգարանի տնօրենը։

1985 թ. «Կումայրի» պատմամշակութային արգելոցի կազմակերպման գիտական աշխատանքները ղեկավարելու եւ «Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության» թանգարանի, ինչպես նաեւ Ս. Մերկուրովի տուն-թանգարանի գիտական ցուցադրությունների ստեղծման համար Լ. Բարսեղյանն արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Ավելորդ չէ ասել, որ այս թանգարաններն առաջիններից էին Խորհրդային Միությունում, ուր համարձակորեն հրաժարվեցին թանգարանային նյութերը ցուցափեղկերում «խեղդելուց», այլ դրանք դրվեցին այցելուին ի տես, մատչելի, իր շրջապատով հանդերձ, կոչմանը համապատասխան։ Պատահական չէ, որ հայ գործընկերների փորձն արագորեն տարածվեց Միության առաջնակարգ թանգարաններում։

1985 թ. փետրվար... Մի քանի րոպեում հրո ճարակ դարձան Երեւանի մարզահամերգային համալիրի դահլիճներն ու աշխատասենյակները։ Գեղեցիկ շինությունը թաղվեց չարագուշակ խավարի ու լռության մեջ։ Շուտափույթ վերականգնել էր անհրաժեշտ։ Աշխատանքները ղեկավարելու ընտրությունը կանգնեց Լ. Բարսեղյանի վրա։ Նորանշանակ տնօրենն իրեն հատուկ նվիրումով, օրնիբուն աշխատանքով ոչ միայն վերականգնեց նախկինը, այլեւ նոր, առավել բարետես ու ժամանակակից դարձրեց համալիրի թե ներսը, թե շրջապատը։

Երկու տարի «Հայգլխհամերգ» միավորման գլխավոր տնօրեն աշխատելուց հետոՙ 1988 թ. ապրիլին Լ. Բարսեղյանը նշանակվեց Նախարարների խորհրդին առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների գլխավոր վարչության պետ։ Ընդամենը մի քանի ամիս էր պաշտոնավարում, նոր էր սկսել պատմական հուշարձանների վերականգնման ու ամրացման իր վաղուց փայփայած ծրագրերն իրագործել, երբ հասավ 1988 թ. դեկտեմբերյան աղետը։ Երկրաշարժի առաջին օրվանից Լ. Բարսեղյանը զինվորական երկարաճիտ կոշիկները հագին շրջում էր Հայաստանի հյուսիսային շրջաններում, կազմակերպում մշակութային օջախների, դրանց աշխատակիցների փրկության գործը, տեղափոխում ավերված շենքերում փլատակների տակ մնացած թանգարանային իրերն ու գրքերը։

1995 թ. ապրիլին լրանում էր Հայոց մեծ եղեռնի 80-ամյակը։ Այն հավուր պատշաճի նշելու, մեր միլիոնավոր զոհերի հիշատակը խնկարկելու համար Հայաստանի կառավարության կազմած միջոցառումների շարքում էր նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցումն ու ցուցադրության բացումը։ Արդեն 1995 թ. մարտն էր, իսկ թանգարանի բացման ոչ մի իրական հեռանկար չէր ուրվագծվում։ Հանրապետության նախագահը ստիպված էր դիմել ոչ իր «թիմակից», բայց աշխատանքային հարուստ փորձով իմաստնացած Լավրենտի Բարսեղյանին։ Եվ ահա, 1995 թ. մարտին ԳԱԱ պրեզիդենտի տեղակալ Լ. Բարսեղյանը նշանակվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենՙ հանձնառելով ընդամենը մեկ ամսվա ընթացքում ապահովել խնդրո առարկա թանգարանի բացումը։ Նորից աշխատանքային տքնանքի օրեր ու գիշերներ։ Գործընկերներն ու շինարարները, գիտաշխատողներն ու նկարիչ-ձեւավորողները զարմանքով ու հիացմունքով էին հետեւում ճերմակահեր տնօրենի աշխատանքային առօրյային, երբեմն փորձում դժգոհել, հանգիստ խնդրել։ Բայց ինչպե՞ս։ Մի՞թե Բարսեղյանի հետ աշխատելիս հնարավոր էր գլուխ պահել։ Նրանք էլ, ուզած թե չուզած, վարակվելով տնօրենի աշխատասիրությամբ ու եռանդով, ապահովեցին թանգարանի բացումն ապրիլի 24-ին։

Թանգարան-ինստիտուտում այսօր էլ աշխատանքային նույն եռուզեռն ու աշխույժ մթնոլորտն է։ Պարբերաբար թարմացվում, նոր նյութերով է լրացվում գործող ցուցադրությունը, հրատարակվում է թանգարանի գիտական ուսումնասիրությունների պարբերականը, ժողովածուներ, նոր ուսումնասիրություններ, պաշտպանվում են գիտական թեզեր։ Ինչպես միշտ, կոլեկտիվը զբաղված է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, թանգարանային եւ գիտական արժեք ներկայացնող նյութերի հավաքմամբ, Մեծ եղեռնը վերապրածների հուշապատումների տեսագրման ու ձայնագրման գործով։

Լ. Բարսեղյանի անմիջական նախաձեռնությամբ Երեւանում վերջին տարիներին հրավիրվեցին մի շարք միջազգային գիտաժողովներ, որոնք նվիրված էին հայ ժողովրդի օտարերկրյա բարեկամների հիշատակին։ Այդ գիտաժողովները, ինչպես նաեւ մեծ հայասերներ Յ. Լեփսիուսի, Հ. Մորգենթաուի, Ֆ. Վերֆելի, Ֆ. Նանսենի եւ մյուսների հուշաքարերի բացումը թանգարանում, նշանավոր պետական հասարակական գործիչների պսակադրությունները եղեռնի զոհերի հուշարձանին, անվանական ծառատունկերը, ծանոթությունը թանգարան-ինստիտուտի ցուցադրությանն ու հրատարակած աշխատություններին, մեծապես նպաստեցին Հայ դատի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, մի շարք պետությունների խորհրդարանների կողմից ցեղասպանության փաստի ընդունմանը։

Այդ գործընթացը շարունակական է, եւ անընդհատ նոր մարդկանց ու պետություններ է ընդգրկում։ Լ. Բարսեղյանի գործուն մասնակցությամբ հուշարձան-թանգարան բացվեց Սիրիայում, Դեր-Զորի անապատում։

Երբ ծանոթանում ես Լ. Բարսեղյանի կենսագրությանը, ապշում ես, թե ե՞րբ է բազմազբաղ այս մարդը հասցրել նաեւ թեկնածուական եւ դոկտորական թեզեր գրել ու պաշտպանել, ե՞րբ է 10 գիրք ու 80-ից ավելի հոդվածներ հեղինակել, ինչպե՞ս է հասցնում հասարակական մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների ղեկավար կամ գործունյա անդամը լինել, մասնակցել գիտական մի շարք խորհուրդների նիստերին։

Հայաստանում գործող կուսակցությունների համամասնական ցուցակները թերթելիս Ռամկավար Ազատական կուսակցության ցուցակում հանդիպեցի Լավրենտի Բարսեղյանի անվանը, 3-րդ հորիզոնականում։ Գիտեի, որ Բարսեղյանը պատահական, օրախնդիր քայլեր կատարողը չէ, ուստի վերստին ուսումնասիրեցի 118-ամյա այս կուսակցության պատմությունն ու համոզվեցի, որ ՀՌԱԿ-ի դավանած գաղափարների ու նրան անդամագրված այս մարդու անցած կյանքի ճանապարհի ու աշխարհայացքի միջեւ լուրջ ընդհանրություններ կան։ Հայ դատն ու Հայոց ցեղասպանության փաստն աշխարհի կողմից ընդունելուն նպաստելը տարիներ շարունակ եղել ու մնում է ՀՌԱԿ-ի սրբության սրբոցը։ Դրան է նվիրել իր կյանքի մի զգալի մասը նաեւ Լավրենտի Բարսեղյանը։

Տարիների փորձը ցույց է տվել, որ Բարսեղյանն ուր էլ գնում է, հաղթանակն ապահովված է։ Չենք կասկածում. մայիսի 25-ը բացառություն չի լինի։

Վաղը ողջ աշխարհում նշվելու է թանգարանների միջազգային օրը։ Թանգարանաստեղծ գործունեությանն է նվիրել իր գիտակցական կյանքի մեծ մասը Լավրենտի Բարսեղյանը։ Նրա աշակերտների ու գործընկերների անունից ուզում եմ ասելՙ տոնդ շնորհավոր սիրելի ուսուցչապետ, երկար-երկար տարիների առողջ ու ստեղծագործ կյանք, հաղթանակների նորանոր բերկրալից պահեր։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4