«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ՔԱՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը թեւակոխել է վճռական փուլ։ Պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակում են չորս թիմեր։ Մայիսի 17-ին եւ 18-ին անցկացվելիք «Շիրակ»¬«Միկա» եւ «Բանանց»¬«Փյունիկ» խաղերը, ինչպես նաեւ 22¬23-ին կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները կանվանեն եզրափակիչի մասնակիցներին, որոնք էլ մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում կվիճարկեն բյուրեղապակյա գավաթը։ Ընթերցողներին ենք ներկայացնում կիսաեզրափակիչ զույգերին։

«Բանանց»-«Փյունիկ»

Գավաթային համբավ ունեցող թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում։ Մրցակիցներն ընթացիկ մրցաշրջանում արդեն հանդիպել են առաջնությունում։ Այդ խաղում դարպասները մնացին անառիկ, թեեւ «Բանանցը» հաշիվը բացելու շատ ավելի նպաստավոր պահեր ունեցավ։ «Փյունիկը» ՀՀ կրկնակի գավաթակիր է, իսկ «Բանանցը» Հայաստանի առաջին գավաթակիրն է։ Հետաքրքրական է, որ գավաթի անդրանիկ խաղարկությունում «Բանանցը» եզրափակիչում հաղթել է հենց «Փյունիկին», որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ։ 1992 թ. նորաստեղծ երկու թիմերն էլ հաճելի անակնկալ մատուցեցին ֆուտբոլասերներին իրենց հաջող ելույթներով ու գրագետ խաղով։ Եվ զարմանալի չէր, որ գավաթի մրցաշարում էլ հասան մինչեւ եզրափակիչ։ Մայիսի 28-ին «Հրազդանում» նրանց միջեւ կայացած վճռորոշ խաղում հաղթեց «Բանանցը» (2¬0)ՙ արժանանալով գավաթին։ Այդ խաղում հաշիվը 79-րդ րոպեին բացեց Արա Նիգոյանը, 8 րոպե անց Աշոտ Ավետիսյանը 2-րդ անգամ գրավեց ՀՄԸՄ-ի դարպասը։ Դա գավաթի խաղարկություններում թիմերի միջեւ կայացած առաջին խաղն էր։

Հաջորդ անգամ նրանց ուղիները հատվեցին անցյալ տարիՙ քառորդ եզրափակիչում։ Առաջին խաղում «Բանանցն» արդեն 13-րդ րոպեին շնորհիվ Գոռ Աթաբեկյանի գոլի, բացեց հաշիվը, որը պահպանվեց մինչեւ հանդիպման 70-րդ րոպեն, երբ աչքի ընկավ Մամադու Դիավարան։ 5 րոպե անց նա 2-րդ գոլը խփեց եւ հաղթանակ պարգեւեց «Փյունիկին»։ Պատասխան խաղում էլ հաղթեց «Փյունիկը», շնորհիվ Վարդան Մինասյանի եւ Արման Քարամյանի խփած 2 անպատասխան գոլերի։ Եզրափակիչում հաղթելով «Զվարթնոցին» (2¬0), «Փյունիկը» 2-րդ անգամ նվաճեց գավաթը։

«Փյունիկը» 8 անգամ է հանդես եկել կիսաեզրափակիչում եւ 4 անգամ կարողացել է մտնել եզրափակիչ։ «Բանանցը» 1992¬94 թթ. հանդես է եկել կիսաեզրափակիչում եւ միայն անդրանիկ խաղարկությունում է կարողացել հաղթահարել այդ փուլի արգելքը։

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» 1/8 եզրափակիչում 2 անգամ հաղթել է «Միկա¬2»-ին (6¬0, 2¬1), իսկ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է մղել «Կոտայքին» (1¬0, 0¬0)։ Այդ խաղերում բոլորից արդյունավետ է գործել Իսա Տրաորենՙ խփելով 3 գոլ։ 2 գնդակ է խփել Էդգար Մանուչարյանը, մեկականՙ Դիավարան, Մինասյանը, Լոմբեն ու Հակոբյանը։

«Բանանցը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսեց «Նորք-Մարաշի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակներով (6¬0, 7¬0), ապա պայքարից հանեց «Դինամո¬2000»-ին (4¬0, 2¬3)։ Թիմի լավագույն ռմբարկուն Արամ Սարգսյանն է, որը բոլոր չորս խաղերում էլ դաշտից չի հեռացել առանց գոլիՙ խփելով 6 գնդակ։ 5 գոլի հեղինակ է Արա Հակոբյանը, 2-ական գոլ են խփել Սամվել Մելքոնյանը, Վահե Դավթյանն ու Արամ Հակոբյանը։ Մեկական անգամ էլ աչքի են ընկել Սերգեյ Առաքելյանն ու Ռոմեո Ջենեբյանը։

«Շիրակ» - «Միկա»

Այս զույգի մասին կարելի է հետեւյալն ասել. հանդիպում են գավաթային մրցավեճերի ամենաանհաջող թիմը («Շիրակ») եւ վերջին տարիների գավաթային համբավ ունեցող ակումբը։ Դատեք ինքներդ. արդեն եռակի սուպերգավաթակիր «Շիրակը», 3 անգամ հանդես գալով եզրափակիչում, մշտապես խաղադաշտը թողել է պարտված։ 1993 եւ 1994 թթ. շիրակցիները 2 անգամ գավաթը զիջել են «Արարատին» (1¬3, 0¬1), իսկ 1999 թ. եզրափակիչում պարտվել «Ցեմենտին» (2¬3)։ Իսկ ահա, «Միկան» 2000¬01 թթ. 2 տարի անընդմեջ նվաճել է ՀՀ գավաթը, իսկ անցյալ տարի կիսաեզրափակիչում պարտվել «Փյունիկին»։ 2000 թ. «Միկան» գավաթակիր դարձավ հաղթելով «Զվարթնոցին» (2¬1), իսկ հաջորդ տարի 11 մ հարվածներով (հիմնական ժամանակումՙ 1¬1) առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ Գավաթի խաղարկություններում «Շիրակն» ու «Միկան» առայժմ միայն անցյալ տարի են հանդիպել։ Քառորդ եզրափակիչ առաջին խաղում շիրակցիները խաղավերջում կորզեցին հաղթանակըՙ շնորհիվ Կարեն Ալեքսանյանի խփած միակ գոլի։ Իսկ ահա, Գյումրիում «Միկան» ռեւանշի հասավ (2¬1)։ Այդ խաղում թեեւ հաշիվը բացել էր շիրակցի Դավթյանը, սակայն հետագայում Դավիթ Գրիգորյանն ու Շահգելդյանն ապահովեցին «Միկայի» ընդհանուր հաղթանակը։

«Միկան» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է։ «Դինամոյի» (10¬0, 6¬0) եւ «Սպարտակի» (3¬0, 2¬0) հետ չորս հանդիպումներում աշտարակցիները խփել են 21 գնդակ, որոնցից 8-ի հեղինակը գավաթի մրցաշարի լավագույն ռմբարկու Արամ Ոսկանյանն է։ 4 գոլ է խփել Դավիթ Գրիգորյանը, 3ՙ Կարեն Մուրադյանը։ 2 անգամ աչքի է ընկել Արտաշես Ադամյանը, մեկական անգամՙ Վարդան Հովհաննիսյանը, Արտյոմ Ադամյանը եւ Էդիկ Մանուչարյանը։ Մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել «Դինամոյի» խաղացող Վարդան Թաղարյանը։

«Շիրակի» ցուցանիշներն ավելի համեստ են։ «Կոտայք¬2003»-ի (2¬0, 1¬0) եւ «Կիլիկիայի» (1¬0, 0¬0) հետ հանդիպումներում շիրակցիները խփել են ընդամենը 4 գոլ, որոնցից 3-ի հեղինակն Արտյոմ Հակոբյանն է։ Մեկ գոլ էլ խփել է Կարեն Ալեքսանյանը։ «Շիրակը» 7 անգամ հանդես գալով կիսաեզրափակիչում, 3 անգամ մտել է եզրափակիչ, որտեղ անհաջողության է մատնվել։ Իսկ «Միկայի» 3 փորձերից 2-ը պսակվել են հաջողությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4