Մեկ տարի առաջ ստեղծվեց «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» ոչ առեւտրային, կիսապետական կազմակերպությունը։ Այդ կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը նաեւ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նա նշեց, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) աջակցելու հիմքը դրվել է 2000 թ., որից հետո այն հայտարարվեց գերակա ուղղություն։
Ինչ վերաբերում է կենտրոնին, ապա անցյալ տարվա ընթացքում ՓՄՁ-ին աջակցելու նպատակով նրան տրամադրվել է 20 մլն դրամ պետբյուջեից եւ 27 մլն դրամ դոնորներից։ 2003 թ. համար պետբյուջեից նախատեսված գումարն աճել է 12 անգամՙ կազմելով 250 մլն դրամ։ Անդրադառնալով փոքր եւ միջին ձեռնարկությունների դերին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձեւավորման մեջ, նախարարը տեղեկացրեց, որ 2002 թ. այս ճյուղը տվել է ՀՆԱ 35 տոկոսը։
Երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 17 տոկոս։ Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սովորաբար ՓՄՁ չափաբաժինը ՀՆԱ մեջ հաշվարկվում է առանց գյուղատնտեսության բնագավառի փոքր ձեռնարկությունների ստեղծած արդյունքի։ Վերջինս էլ իր հերթին կազմում է ՀՆԱ 30 տոկոսը։
Առաջիկա 4¬5 տարիներին 8¬10 տոկոս տնտեսական աճի դեպքում ՓՄՁ չափաբաժինը ՀՆԱ-ում, ըստ նախարարի կանխատեսման, կկազմի առնվազն 55 տոկոս։
Կենտրոնի մինչ այժմ կատարած աշխատանքների եւ ապագայում նախատեսված ծրագրերի վերաբերյալ մանրամասները ներկայացրեց գործադիր տնօրեն Ռշտուն Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ 3500¬4000 փոքր եւ միջին ձեռնարկություններ 2002 թ. ուղղակի աջակցություն են ստացել պետբյուջեից եւ դոնորներից։ Տեղեկություն է տրամադրվել վարկային գծերի, շուկաների մասին, իրականացվել են ուսուցողական ծրագրեր։ Շուրջ 650 ընկերությունների մասնագետներ հաշվապահության, շուկայական դասընթացներ են անցել եւ վերապատրաստվել։ Աջակցության հաջորդ ուղղությունը խորհրդատվություն էՙ իրավական, շուկայավարման, բիզնես-ծրագրերի կազմման համար։ Եվ վերջապես ֆինանսավորումը, որը պետք է սկսվի այս տարվա հուլիսից։ Մասնավորապես կենտրոնը երաշխավոր կհանդիսանա, որ բանկերն առանց գրավի վարկեր տրամադրեն։ Դա հատկապես անհրաժեշտ է մարզերում, որտեղ գրավադրման խնդիրներ կան։ Այսինքնՙ բանկերը գրավ չեն վերցնում։ Ռշտուն Մարտիրոսյանը հայտնեց, որ կենտրոնը մասնաճյուղեր է ստեղծելու 3 մարզերումՙ Շիրակում, Տավուշում եւ Սյունիքում։
Ֆինանսավորում ստանալու համար ձեռներեցները պետք է դիմեն կենտրոն, որտեղ ծրագիրը քննարկվում է եւ 1 շաբաթվա ընթացքում որոշում կայացվում։ Տրամադրվող վարկի նվազագույն գումարը 600 հազար դրամ է, առավելագույնըՙ 6¬7 մլն դրամ։ 600 հազար դրամ տրամադրելու որոշումը կարող է կայացնել գործադիր տնօրենը, իսկ դրանից բարձրՙ միայն հոգաբարձուների խորհուրդը։ Տրամադրվող վարկերը կլինեն 15¬16 տոկոսից ոչ բարձր, ինչն այժմ ամենացածր տոկոսադրույքն է Հայաստանում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ