«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


«ՆԱԽՔԱՆ 1122 Թ. ԹԲԻԼԻՍԻՆ ԵՂԵԼ Է ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՔԱՂԱՔ»

Ադրբեջանցիները Վրաստանից ունեն տարածքային պահանջներ

Ադրբեջանի Շեկիի շրջանից ընտրված խորհրդարանի պատգամավոր, Բաքվի պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Յաղուբ Մահմուդովը հայտարարել է, որ նախքան 1122 թվականը Թբիլիսին եղել է մահմեդական քաղաք, եւ, ըստ էության, ադրբեջանական կողմը Վրաստանից տարածքային պահանջների իրավական հիմքեր ունի, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը։

«Մենք այսօր այդ հարցերն օրակարգում չենք դնում, քանի որ Վրաստանի հետ ունենք լավ հարաբերություններ։ Կա տեղեկատվություն, որ սահմանային շրջաններում վրացի միսիոներներն ակտիվ աշխատում են ինգիլոյցիների հետ։ Այդ մասին մենք չենք խոսումՙ հարգելով երկկողմ հարաբերությունները», ասել է Մահմուդովը։

Ինգիլոյցիները մահմեդականություն ընդունած վրացիներ են եւ պատմական հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանի Սելոկանի շրջանի բնակիչներ են։

Ադրբեջանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր, տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Գարալովը, վկայակոչելով 1768 թ. մի քարտեզ, ասել է, որ Շեկին, ինչպես նաեւ Բելոկանի շրջանի մի հատված մինչեւ 18-րդ դարը պատկանել է Վրաստանին։

Այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդհանուր սահմանը ձգվում է 381 կմ, որի երկու երրորդ հատվածում ավարտվել են սահմանազատման աշխատանքները։ Ըստ «Էխո» թերթի, մայիսի վերջերին- հունիսի սկզբին Թբիլիսիում վրացի եւ ադրբեջանցի փորձագետները կքննարկեն որոշ վիճելի տարածքների հետ կապված հարցեր։ Մասնավորապես վրացական կողմը մտադիր է Ադրբեջանից խնդրել 19-րդ դարի վրացական Դավիթ Գարեջի վանքը, որն այսօր Ադրբեջանի տարածքում է։

Ադրբեջանական կողմը երբեք չի թաքցրել, որ ինքը կարող է տարածքային հավակնություններ ունենալ Վրաստանի նկատմամբ։ Օրինակ, Վրաստանում բնակվող ադրբեջանցիների «Գեյրաթ» ժողովրդական շարժման առաջնորդ Ալիբալա Ասկերովը Բաքվի «Զերկալո» թերթի (2002 թ. հունիսի 10) հետ հարցազրույցում Վրաստանի Բվեմո Քարթլի երկրամասը կոչում է պատմական Բորչալու, որի «բնակչության 80 տոկոսն ադրբեջանցի է»։

Ըստ 1989 թ. մարդահամարի, Վրաստանում ադրբեջանցիների թիվը կազմել է 307.556, հիմնականում բնակվում են Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսի, Գարդաբանի շրջաններում, Ռուսթավի, Թբիլիսի քաղաքներում։

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ էթնիկ փոքրամասնությունների հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, «Վրաստանում եւ ամբողջ Կովկասում ադրբեջանական բնակավայրերը երեւան են եկել 14-րդ դարումՙ թուրքմենական ցեղերի ներխուժումից հետո»։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4