Ամեն տարի Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը (այս տարի մայիսի 18-ին) Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ խաչի երեւման տոնըՙ մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը եւ խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը։ Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է. 351 թ. մայիսի 7-ին, Կյուրեղ Երուսաղեմցի հայրապետի օրոք, ժամը 9-ին երկնքում երեւում է Փրկչի խաչի նշանըՙ տարածվելով Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց լեռը։ Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլեւ տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ։ Խաչի երեւումից անգամ արեգակն է մթագնում։ Երկնային հրաշքի շնորհիվ շատերը հավատում են Հիսուսին, մկրտվում Սուրբ Կյուրեղի ձեռքովՙ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն։ Աստվածորդին միացավ խաչափայտինՙ սրբագործելով այն եւ մեզ տալով «զէնն յաղթութեան»ՙ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների։
Եթե մինչեւ Քրիստոս խաչն անարգանքի եւ նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը։
Մայիսի 18-ին, ժամը 11-ին, Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագՙ նվիրված Սուրբ խաչի երեւման տոնին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ