«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2003-05-17 | #95, 2003-05-20 | #96, 2003-05-21


«ՄԵՆՔ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

Ասում է մեր երկրում ԱՄՆ դեսպանը

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մամլո ասուլիս էր հրավիրել ներկայացնելու իր երկրի նախագահիՙ «Հազարամյակի հիմնախնդիրների հաշվեկշիռը» ծրագիրը։ Ջ. Օրդուեյի տեղեկացմամբ, մայիսի 12¬13-ին կայացած ԱՄՆ-Հայաստան սոցիալական հանձնաժողովի վեցերորդ հանդիպմանը քննարկվել է նաեւ այսՙ աշխարհի երկրներին օժանդակելու ծրագիրը։

«Այս ծրագրով դրամաշնորհներ ստանալու համար երկրները պետք է մրցեն իրենց տնտեսական գործունեության եւ բարենպաստ կառավարման ցուցանիշներով։ Կգնահատվի երկրների հասարակական նվիրումը կոռուպցիայի նկատմամբ վերահսկողություն հաստատող, ազատ, արդար ընտրություններ ապահովող գործելակերպին», վստահեցրեց ԱՄՆ դեսպանը։

Այստեղ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներն անցան խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերինՙ ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, ինչպե՞ս կվարվի ԱՄՆ-ը, եթե ընտրախախտումներ լինեն եւ այլն։

«Քարոզարշավի ընթացքում կան թերություններ, որոնք առկա էին նախագահական ընտրություններում եւս, բայց կան նաեւ բարելավումներ։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն սկսել է առավել հավասարակշռված բաշխել իր եթերը թեկնածուների միջեւ։ Սակայն լրատվամիջոցների մեծ մասում թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ստեղծված», ասաց Ջ. Օրդուեյը։ Նա շեշտեց, թե հույս ունի, որ նախորդ ընտրությունների նման այս անգամ էլ ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը մանրակրկիտ կհետեւի ընտրությունների ընթացքին եւ կտա մանրամասն եզրակացություն, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային չափանիշներին։

Լրագրողները դեսպանին խնդրեցին մեկնաբանել նաեւ ՀՀ արտգործնախարարի մի հայտարարությունը մեր երկրի արտաքին քաղաքականության կոմպլեմենտար սկզբունքների մասին, թե 90 տոկոսով ուղղված է Ռուսաստան, 10 տոկոսովՙ ԱՄՆ։ «Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտում է հասնել հավասարակշռության ու վարում է այնՙ հաշվի առնելով ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆ-ին։ Մենք ունենք հարցեր, որոնցում ակնկալում ենք Հայաստանի աջակցությունն ու շատ հարցերում այդ աջակցության համար շնորհակալ ենք ձեր երկրից։ Կան հարցեր էլ, որոնցում դիրքորոշումները տարբեր են։ Բայց յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպես հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը։ Մենք բավարարված ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններով», ասաց դեսպանը։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4