«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2003-05-20 | #96, 2003-05-21 | #97, 2003-05-22


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ

Լարվածությունը ընտրարշավում թույլ է նախատեսվածից

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը մոտենում է եզրագծին։ Եթե ուշադրություն ենք դարձնում դրանում նկատվող առանձնահատկություններին, ապա կարելի է արձանագրել, որ շատ ավելի զուսպ է ընթանում, քան նախագահական ընտրությունների ընթացքում էր։ Դրա հիմնական պատճառն այն է թերեւս, որ արմատական ընդդիմությունը միավորվեց, եւ միասնական քարոզչական քաղաքականությունը ստիպում է նրանում ընդգրկված ուժերին ծայրահեղ միջոցների չդիմել։ Եվ պետք է նշել, այս քաղաքականությունը իր արդյունքները տալիս է։ Առավել եւս, որ կարծես ամեն ինչ չէ, որ կարգին է հակառակ ճամբարում։ Քարոզչության սկզբնական շրջանում նախկինում միասնական ճակատով հանդես եկող քաղաքական ուժերը ակնհայտ պայքար են սկսել խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու նպատակով։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ ներկա պայմաններում եւ՛ այդ ուժերից յուրաքանչյուրը, եւ՛ ընդդիմությունը գրեթե հավասար հնարավորություններ ունեն խորհրդարանում տեղեր զբաղեցնելու առումով, եւ իրենքՙ այդ բոլոր ուժերը գիտակցում են առկա իրավիճակը։ Ներկայումս հիմնական խնդիրը նրանց համար դարձել է այդ տպավորության վերացումը հանրության մեջ, եւ նրանցից ամեն մեկը աշխատում է այդ տպավորությունը խաթարել իր օգտին։

Դա է գլխավորապես պատճառը, որ նախկինում հանդարտ, զուսպ քարոզչություն իրականացնող դաշնակցության վարքագծում որոշակի ագրեսիվության նշաններ են դրսեւորվում։ Եթե ոչ վաղ անցյալում ՀՅԴ-ն քարոզարշավը տանում էր առանց մյուս ուժերին քննադատելու, ապա վերջին շրջանում նման երեւույթներ են նկատվում նրա վարքագծում։ Հավանաբար ՀՅԴ-ն գիտակցում է, որ իր մաքսիմալիստական նպատակներըՙ մեծամասնություն ձեւավորելու առումով իրատեսական չեն։

Ընդհանրապես նույն խնդիրն ունի նաեւ Հանրապետական կուսակցությունը։ Վերջինս նախընտրական քարոզարշավը կառուցում է առկա իրավիճակի արդարացման, ավելի ճիշտ սկսած գործընթացները շարունակելու գաղափարի վրա, որը հազիվ թե ընտրողներին դուր է գալիս։ Սակայն հանրապետականներն այլընտրանք չունեն, քանի որ այսպես թե այնպես նրանք են կառավարության գործունեության պատասխանատուները։ Դրականը հանրապետականների մեջ այն է, որ ցուցակում ընդգրկելով ներկայիս կառավարության հիմնական մասին, ՀՀԿ-ն փաստորեն չի խուսափում այդ պատասխանատվությունից, հանգամանք, որ բացակայել է նախորդ բոլոր նման իրավիճակներում։ Սակայն ՀՀԿ-ն եւս չի կարողանում թաքցնել ներքին լարվածությունը հիմնականում ՀՅԴ-ի հետ։ Ըստ էության իրենց մյուս «համախոհի»ՙ «Օրինաց երկրի» խնդիրը նրանք լուծված են համարում, քանի որ խորհրդարանական ընտրությունների դեռ մեկնարկին փաստացի «լքեցին» նրան։

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա դատելով վերջինիս ակտիվ քարոզչությունից, այդ բացը կուսակցությունը փորձում է լրացնել սեփական միջոցների հաշվին։ Իսկ այդ միջոցներըՙ այսինքն քաղաքական ուղեգիծը, կառուցված են պոպուլիզմի վրա։ Հանգամանք, որը «Օրինաց երկրին» անդրադառնալիս քննադատում են ինչպես այս, այնպես էլ ընդդիմադիր թեւերից։ Ըստ էության «Օրինաց երկիրը» մնացել է մենակ։ Նրա վարած քաղաքականությունը չեն ընդունում անգամ ազատական գաղափարախոսության ուժերը, համարելով, որ «Օրինաց երկիրը», դավանելով այդ սկզբունքներին, խորհրդարանում շատ դեպքերում դրանց հակասող օրինագծերի է կողմ արտահայտվում։ Սակայն պետք է արձանագրել նաեւ, որ որդեգրված պոպուլիստական մարտավարությունը իր ազդեցությունը թողնում է ընտրող շերտերի վրա։

Էական տարբերություններ են նկատվում ընդդիմադիր դաշտի վարքագծում։ Գրեթե ամբողջովին լիցքաթափություն է նկատվում։ Արմատական ընդդիմությունը նույնիսկ հրաժարվել է հանրահավաքային իր մարտավարությունիցՙ նախընտրելով գլխավորապես տեղերում ընտրողների հետ հանդիպման գործելաոճը։ Չնայած դրանց ընթացքում դեռեւս չեն դադարել իշխանափոխության կոչերը, սակայն գլխավորն այն է, որ «Արդարություն» դաշինքը ինչ-որ չափով կառուցողական հարթություն է վերադարձել։ Միայն այն փաստը, որ «Արդարության» ղեկավարներն արդեն շեշտը դնում են խորհրդարան մտնելու եւ նախագահի իմփիչմենթի հարցը օրենքների շրջանակներում բարձրացնելու վրա, խոսում է այդ մասին։ Բացի դրանից ընդդիմության համեմատաբար մեղմ մարտավարությունը բացատրվում է նաեւ այն գիտակցմամբ, որ խորհրդարանական ընտրությունները ավելի ազատ անցնելու հույսեր կան, քանի որ իրենց կողմից ընտրախախտումները հովանավորելու մեջ մեղադրվող քաղաքական ուժերն են մրցակցության դուրս եկել, ինչը փոխադարձ հակակշռման հնարավորություն է ստեղծում։

Փափկություն է նկատվում նաեւ «Ազգային միաբանության» պարագայում։ Արտաշես Գեղամյանը, միջանկյալ դիրք գրավելով, այժմ ենթարկվում է «Արդարության» բուռն քննադատությանը։ Գեղամյանը իհարկե փոխադարձում է, սակայն փաստարկումներն են չափազանց թույլ ստացվում, ինչը նաեւ չի կարողանում արդարացնել Գեղամյանի երբեմնի ընտրողը, որը մշտապես հիանում էր «Ազգային միաբանության» ղեկավարի հռետորական արվեստով։ Բոլոր դեպքերում Գեղամյանը թերեւս միակն էր վերը հիշատակված քաղաքական ուժերի մեջ, որը մեծ հավակնություններ չի դրսեւորում մեծամասնություն կազմելու։

Այդ տեսակետից չափավոր մոտեցումներ են որդեգրել ոչ խորհրդարանական ուժերը։ Նրանցից երկուսը հաջող քարոզչություն են տանումՙ ՀՌԱԿ-ը եւ ՀԺԱՄ-ը։ Ազատական գաղափարներ դավանող այս ուժերը հիմնականում խնդիր ունեն հաղթահարելու 5 տոկոսի արգելանքը։ Այդ հարցում նրանց բավականին օգնում է ընտրած մարտավարությունը։ ՀԺԱՄ-ը որպես կարգախոս ընտրել է միջին խավ, այսինքն պետության իրական հասարակական- սոցիալական հենարան ձեւավորելու անհրաժեշտության հարցը։ Իսկ ՀՌԱԿ-ը շեշտադրումը կատարում է հեռանկարային տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա եւ այս առումով լայն համագործակցություն է սկսել «Ռուսաստանի հայերի միության» հետ։ Այդպիսի մի ծրագիր արդեն իսկ կյանքի է կոչվում, ինչը տեսանելի ու շոշափելի է հատկապես հանրապետության գյուղական շրջաններում, որտեղ եռանդուն կերպով նոր տեխնոլոգիաներ են ներդրվում։

Ինչեւէ, ընտրարշավը կարծես թե բավականին սահուն է ընթանում հատկապես համամասնական ցուցակների կտրվածքով։ Իսկ մեծամասնական ընտրատարածքներում իրավիճակը փոքր-ինչ բարդ է ու առանձին քննարկման առարկա։ Սակայն գլխավորն այն է, որ հասարակական բեւեռացվածությունը ընդհանուր լարվածության թուլացման հետեւանքով նվազել է։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4