7 նախարարություններ կտեղավորվեն նույն շենքում
Անցած տարվա օգոստոսին «Միջազգային բիզնես կենտրոն» կազմակերպությունը շարունակեց կառավարության թիվ 3 կիսակառույց շենքի շինարարությունը, պայմանով, որ շինարարության ավարտից հետո տնօրինելու են կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության նախարարությունների շենքերը։ Կիսակառույցը գտնվում էր Երեւանի կենտրոնում, բոլորի աչքի առաջ, իսկ պետբյուջեն փող չէր նախատեսել շենքի ավարտի համար։ 7 հարկանի, ժամանակակից եվրահարդարումով, յուրաքանչյուր հարկում 31 հարմարավետ առանձնասենյակներով շենքում կտեղավորվեն կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության, գյուղնախարարության, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին մերձակա կառույցի հանդիսավոր նորամուտը կայացավ երեկ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ։ Բնականաբար ներկա էին նաեւ շենքի տարբեր հարկերի նոր բնակիչներըՙ 7 նախարարներն ու վարչապետը։ Սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն հունիսի սկզբից իրենք նոր շենք կտեղափոխվեն, իսկ ինչ վերաբերում է յուրօրինակ օպտիմալացման արդյունքում սպասվելիք կադրային փոփոխություններին, ապա կոնկրետ իրենց մոտ տեխնիկական աշխատողների կրճատումներ կլինեն, քանի որ հոսանքի, ջրի եւ սպասարկման այլ խնդիրներով շենքում կզբաղվի մեկ ընդհանուր ծառայություն։ «Միջազգային բիզնես կենտրոնի» գլխավոր տնօրեն Խաչատուր Զաքարյանը տեղեկացրեց, որ շինարարությունում աշխատել է 300¬400 մարդ, իսկ շենքի կառուցման ծախսը կազմել է 2 մլն դոլար։ Կառույցը սեյսմակայուն է, կարող է դիմանալ 9 բալ ուժգնությամբ ցնցումների։
Մեր տնտեսության համար ոչ սովորական բիզնեսով զբաղվող կենտրոնը ներդրումային ծրագրեր է իրականացնում հիմնականում արդյունաբերության մեջՙ «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», Գյումրու «Քարմշակ» եւ Ապարանի «Արագած» գործարաններում։ Փորձում է լիովին նորացնել այդ ձեռնարկությունների գործունեությունըՙ նոր տեխնոլոգիաներ տեղադրելով, արտադրանքի իրացման նոր շուկաներ որոնելով։ Կենտրոնի հետաքրքրությունների մյուս շրջանակում շինարարությունն է, վերջերս նաեւՙ բանկային համակարգը։ Հայաստանում առ այսօր կենտրոնի իրականացրած այդօրինակ ներդրումների ծավալը կազմում է 13 մլն դոլար։
Կենտրոնի գլխավոր տնօրենի գնահատմամբ, իրենց տնօրինությանն անցած 3 նախարարությունների հին շենքերում եւս մեծ ներդրումների կարիք կա, քանի որ դրանք վատ վիճակում են։ Եվ առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի՞ն կլինի վերանորոգումների ծախսը եւ կհամապատասխանի՞ շենքերի շուկայական արժեքին։
Այնուամենայնիվ, նկատի առնելով, որ բիզնես կենտրոնին բաժին հասած 3 նախարարությունների շենքերը գտնվում են քաղաքիՙ վարչական սպասարկման ու գործարարության համար ամենանախանձելի հատվածներում, համոզված կարելի է ասել, որ բիզնես կենտրոնը փայլուն գործարք է կատարել։
Իսկ ինչ վերաբերում է մնացած նախարարությունների շենքերի ճակատագրին, ապա, ըստ վարչապետի, դրանք վաղուց վաճառվել են, նաեւ այդ գումարների հաշվին է ավարտվել նոր շենքի շինարարությունը։
Նախարարական կառույցի նորամուտի վերաբերյալ արտահայտվեց նաեւ նախագահը։ Ըստ նրա, կիսակառույցի ճակատագրի վճռման նման օրինակն իբրեւ ընդհանրական լուծում կարելի է կիրառել նման դեպքերում։ Ներկա ընթացքում արդեն իսկ բիզնես կենտրոնը նույնօրինակ ծրագիր է իրականացնում քաղաքապետարանի հետՙ ձեռնարկելով քաղաքապետարանի նոր շենքի շինարարությունը։ Ի վերջո, այս նախադեպն ապացուցեց, որ գործարքից բոլորը շահեցինՙ Երեւանը շահեց, քանի որ հրապարակի ձեւավորումը նոր երանգ ստացավ, կառավարությունը շահեց, քանի որ միանգամից 7 նախարարությունների միատեղումը միայն շենքերի պահպանման առումով 180 մլն դրամի խնայողություն կապահովի, այն գործարարները շահեցին, ովքեր նախարարությունների հին շենքերում գործարար ծրագրեր կիրականացնեն, եւ վերջապես, շինարարության ընթացքում 300¬400 մարդ 1 տարի բարձր վարձատրվող աշխատանքով ապահովվեց, եւ երեւի հիմա էլ կընդգրկվեն հին շենքերի վերակառուցման մեջ։
Տնտեսական ցուցանիշների մասին
Առիթն օգտագործելով ՀՀ նախագահը հպանցիկ անդրադարձավ նաեւ վերջին 4 ամսվա տնտեսական ցուցանիշների պատկերին։ Այս ընթացքում արձանագրվել է 12,1 տոկոս տնտեսական աճ, որը նա նորմալ գնահատեցՙ նկատի առնելով ընտրարշավի «միջամտությունը» մեր կյանքի բոլոր գործընթացներին։ Մասնավորապես արդյունաբերությունն «աճել» է 14 տոկոսով, կապիտալ շինարարությունըՙ ավելի քան 40 տոկոսով, արտահանումըՙ 15 տոկոսով։
Ինչ վերաբերում է «Լինսի» հիմնադրամին, ապա, ըստ նախագահի, մինչ այժմ մատնանշված թերությունները վերացնելու միջոցառումներ են ծավալվել։ Առաջիկայում նույնպես մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվելու։ Ե՛վ շինարարները, ե՛ւ «Լինսի» գրասենյակը մեծ պատասխանատվության առջեւ ենՙ ծրագիրը ժամանակին ավարտելու եւ որակ ապահովելու առումով։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ