«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2003-05-20 | #96, 2003-05-21 | #97, 2003-05-22


ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ՄՐՑԱՆԱԿԸ ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ

Մոտ 1 տարի առաջ «HSBC բանկ-Հայաստանը» հայտարարեց մրցույթ, որի հաղթողի համար սահմանված էր 10 հազար դոլարի մրցանակ։ Մրցույթի նպատակն էր խրախուսել արտահանման լավագույն ցուցանիշն ունեցող ընկերությանը։ Ինչպես երեկ «Կոնգրես» հյուրանոցում մրցանակի հանձնման արարողության ժամանակ նշեց բանկի տնօրեն Չարլզ Գրեգորին, մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 28 ընկերություններ։ Հանձնաժողովը, որի կազմում, բացի բանկի ղեկավարից, ընդգրկված էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը, Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում, Հայկական զարգացման գործակալության տնօրենը, առանձնացրեց առավել լավ ցուցանիշներ ունեցող 5 ընկերությունների։ Դրանք ստացան հետեւյալ միավորները. «Արտաշես» ՍՊԸՙ 45 միավոր, HPLAՙ 47, «Եվրոթերմ»ՙ 48, «Մշակ»ՙ 51, Արտաշատի պահածոների գործարանՙ 54։ Հետեւաբար հաղթող ճանաչվեց վերջինս, որի նախագահ եւ գործադիր տնօրեն Սերգո Կարապետյանին էլ հանձնվեց մրցանակը։

Իր ելույթում գործարանի ղեկավարն այս հաջողությունը պայմանավորեց միջազգային մի քանի կառույցներիՙ Համաշխարհային բանկի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի, «Լինսի» հիմնադրամի, «Անդրե գրուպի» հետ համագործակցությամբ, ճիշտ մարկետինգով եւ որակի ու սանիտարական պայմանների խիստ հսկողությամբ։ Նա նշեց, որ ամեն տարի ձեռնարկությունն ունենում է 40¬50 տոկոս աճ բոլոր ցուցանիշների գծով, իսկ եկող տարի նախատեսվում է կրկնապատկել արտադրության ծավալները։ Միջազգային շուկա դուրս գալու եւ տեղ զբաղեցնելու գլխավոր պայմանը տնօրենը համարեց որակյալ արտադրանք թողարկելը։

Հաղթողին շնորհավորանքի խոսք ասաց նաեւ ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը նշեց, որ այս քայլով «HSBC բանկ-Հայաստանը» երկու կարեւոր խնդրի է նպաստում։ Առաջինն արտահանման խրախուսումն է, երկրորդըՙ բանկային համակարգի եւ տնտեսության իրական հատվածի միջեւ կապի հաստատումը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4