«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2003-05-21 | #97, 2003-05-22 | #98, 2003-05-23


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Ընտրակեղծիքների դեպքում անգամ...

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժուռնալիստների միությունը հանդիպումների շարք անցկացրեց ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետՙ իմանալու նրանց կարծիքները ԶԼՄ¬ներում քարոզարշավի լուսաբանումների, ընտրություններից նրանց ակնկալիքների եւ այլ խնդիրների մասին, իսկ լրագրողներինՙ հնարավորություն տալու իրենց դեռեւս հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու։ Երեկ մամուլի ասուլիսի էին հրավիրել «Արդարություն» դաշինքի խորհրդի անդամ Շավարշ Քոչարյանին, շտաբի պետ Ստեփան Զաքարյանին եւ լրատվական ծառայության պետ Ռուզան Խաչատրյանին։

Ստեփան Զաքարյանը վերստին ասաց, որ իրենք չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, հետեւաբար խորհրդարանական ընտրությունները համարում են երրորդ փուլ։ Արդար եւ թափանցիկ ընտրությունների դեպքում ակնկալում են ձայների ամենից բարձր տոկոս։ Նա համոզված է, որ կեղծիքների դեպքում անգամ իրենք կստանան ընտրողների մեծամասնության քվեն։ Իսկ ընտրախախտումներն արդեն ակնհայտ են։ Օրինազանց իշխանություններից բողոքող պրն Զաքարյանը վճռական է տրամադրված, քանի որ Եվրախորհրդի դիտորդները խոստացել են գրանցել բոլոր խախտումները։ Ինքը ավելի քան վստահ է, որ խորհրդարանում կունենան նվազագույնը 44 ձայն։

Ռուզան Խաչատրյանն առանձնապես դժգոհեց հանրային հեռուստատեսությամբ քարոզարշավի խիստ կողմնակալ մեկնաբանումից, որից զերծ չեն նաեւ մասնավոր հեռուստաընկերությունները։

Եվրոպական չափանիշներին անհամապատասխան ընտրություններ արձանագրելու վտանգին անդրադարձավ Շավարշ Քոչարյանը։ Նա խիստ տագնապով հիշեցրեց խորհրդարանական ընտրությունների խախտումների վերաբերյալ Եվրախորհրդի համապատասխան օրենքը։ Այնպես որ, եթե ընդդիմությունը խախտումների եւս մեկ փաթեթ կազմի, ապա վայն եկել է ու տարել իշխանություններինՙ հարցը կլուծվի ուղիղ եվրոպական դատարանում։ Դաշինքի ներկայացուցիչները խստորեն քննադատեցին նաեւ «Օրինաց երկրի» երկդիմի կեցվածքըՙ նախագահական ընտրությունների ժամանակ նրանց կոչերով երկիրը շենանում էր, խորհրդարանականի ժամանակ քանդվում է։ Իրենց ընտրազանգվածն այսօր կայունացել եւ հավատում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու գաղափարին։

Նկատելի էր սակայն, որ բանախոսները կոտրված տրամադրության մեջ էին, պակասում էր ինքնավստահությունը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4