Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները։
Նշելով, որ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ խորհրդակցության բոլոր հրավիրյալներն այս կամ այն չափով պատասխանատու են ընտրությունների օրինական անցկացման համար եւ յուրաքանչյուրն այդ առումով ունի իր անելիքը։ Նախագահի խոսքով, քարոզարշավը, թեեւ անցնում է բավականին հանգիստ մթնոլորտում, այնուամենայնիվ, ունի իր բարդությունները կապված մեծամասնական ընտրատարածքների, կուսակցությունների միջեւ հարաբերությունների հետ։ «Այս դեպքում խճանկարը շատ ավելի բարդ է», ասել է նա եւ ավելացրել, որ ընտրություններին մասնակցում են քսանմեկ կուսակցություն կամ դաշինք եւ երկու հարյուր յոթանասուներեք պատգամավորության թեկնածու։
Երկրի ղեկավարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի կարեւոր հարցերի։ Նրա խոսքով, սովորաբար վերջին օրերի ընթացքում կրքերն ավելի են բորբոքվում, եւ իրավապահ մարմինները պետք է մինչեւ մայիսի 25-ը եւ հատկապես այդ օրը շատ ավելի զգոն լինեն։ Ռոբերտ Քոչարյանն առաջնահերթ խնդիր է դիտել հասարակական կարգի պահպանությունը։ Նա շեշտել է նաեւ, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ այն ընտրատարածքների նկատմամբ, որտեղ կա լարվածություն եւ հնարավոր են երեւույթներ, որոնք կարող են ստվեր գցել ընտրությունների ընթացքի վրա։