«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանցիներին չգիտեմ որքան օգնեց կամ խանգարեց ընտրապաստառների այսքան առատությունը։ Ընտրատեղամասեր տանող Կիեւյան փողոցը հագեցած էր հանրապետականների, դաշնակցականների պլակատներով կողք-կողքի 20¬30 պաստառներՙ հայացքը հոգնեցնող, ու թե որքան ազդեցություն ունեցավ այս ձեւը, դժվար է ասել։ Համենայն դեպս, ամեն ինչ չափի մեջ է լավ, հակառակ դեպքում հակազդեցություն է առաջանում, պատառոտում կամ արհամարհում են դրանք։ Մանավանդ որ հեռուստաեթերն էլ գրավել էին հատկապես մի քանի կուսակցությունների («Օրինաց երկիր», ՀՅԴ) գովազդներն ու տեսահոլովակները։ Անվերջ թմբկահարելով իրենց առավելությունները, մեկ անգամ եւս ժողովրդին հիշեցնում էին նրա թշվառ վիճակը եւ կյանքը փոխելու անհրաժեշտությունը։ Որքան ջանքեր, հաճոյանալու ճիգեր, քննադատական պաթոս, մանր ու միջին խոստումներ, ու իբրեւ ընտրակաշառք ընկալվող նվերներ։ Այս ամենը մայիսի 25-ի համար էր արվում։ Բայց արի ու տես նախընտրական իրարանցումն այնքան էլ չէր տպավորել մարդկանց եւ նախագահական ընտրությունների ժամանակ անտարբերության թմբիրից դուրս եկած ժողովուրդն արագորեն կարծես մտավ դարձյալ իր պատյանի մեջ։ Նախագահական ընտրությունների ժամանակ մի երիտասարդ ժամը 19.45-ին երկրորդ հարկի պատշգամբից ներս էր մտել տուն անձնագիրը վերցնելու համար (տանը մարդ չէր եղել, ինքն էլ բանալի չէր ունեցել)։ Զարմացած նայում էինք, թե ինչ արագությամբ էր մագլցում պատն ի վեր եւ գրեթե շնչակտուր ընկերոջ հետ 19.57-ին հասել էին ընտրատեղամաս։ Իսկ հիմա բակում արեւածաղիկ էր չրթում ու ընտրություններին չմասնակցեց։ Ընդհանրապես շատ-շատերն էին ասում. «Ինչ նշանակություն ունեն մասնակցությունը կամ մեր ձայները, միեւնույն է իրենք իրենց արածն անում են, իսկ նախընտրական ներկայացումները պարտադիր պայմաններ ենՙ ժողովրդավարության քող»։

Արաբկիր համայնքի իմ այցելած մի քանի ընտրատեղամասերի (0114/06, 0113/06, 0116/06, 0118/06, 0119/06, 0122/06) հանձնաժողովների նախագահները, անդամները եւ վստահված անձինք խոսքներն ասես մեկ արած գոհ էին ընտրությունների ընթացքից, ըստ նրանց, անցել են բնականոն, առանց լուրջ խախտումների եւ միջադեպերի, միակ դժգոհությունը մարդկանց ցածր հաճախականությունից էր։ Ընտրողների պասսիվությունը հիմնականում պայմանավորում էին ժողովրդի հիասթափությամբ եւ անվստահությամբ. «Հոգնել են, զոռով հո չենք բերի» (ՀԿԿ)։ «Մեծ մասամբ ընկերության, հարազատության խաթր են գալիս» («Արդարություն»)։ «Տոնական տրամադրություն է ստեղծված այս տեղամասում (0122), ասես վերջին զանգի շարունակություն լինի։ Մեծահասակներն ավելի ակտիվ մասնակցություն ունեն, քան երիտասարդները։ Համոզված եմՙ ինչ-որ բան կփոխվի» («Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք»)։ «Կուսակցությունները շատ են, մարդիկ չեն կարողանում տարբերել, հեռուստատեսությունն էլ չի օգնել»։ «Մասնակցությունը մեզ մոտ ակտիվ է (0122/06), ավտոբուսներով շատ կազմակերպված մարդկանց բերում են, չգիտեմ ով, բայց ամեն ինչ շատ հանգիստ ու խաղաղ է»։ «Տեսան, որ իրենց ձայնը նշանակություն չունի, վիրավորված են, մարդը վստահ չէ, որ իր քվեն տեղ կհասնի, ինչքան էլ քարոզեցին, հավատ չներշնչեց։ Նախագահականի ժամանակ խանդավառությամբ եկան ու ջարդվեցին։ Հնարավոր է հաջորդ ընտրությունների նկատմամբ հավատ լինի, եթե այս մեկն արդար անցնի» («Արդարություն»)։ Այսպես հաշտ ու խաղաղ էին հակառակորդ կուսակցությունների վստահված անձինք, միայն 0113/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհեց «Շանթ» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններից։ Երկաթյա պահարանիՙ զուտ տեխնիկական պատճառով 1¬2 րոպե ուշացումը հեռուստաընկերությունները ներկայացրել են 20 րոպե եւ «անհիմն հայտարարություններով վարկաբեկել են մեզ», ասաց նախագահը։ Իհարկե, այս «րոպեները» չեն վարկաբեկում, կարեւորը ժամը 20.00-ից հետոն է, երբ իրենք մենակ կմնան իրենց խղճի եւ պարտադրանքների միջեւ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4