«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ՈՐՈՇԱԿԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՆԿԱՏՎՈՒՄ ԷՐ

Մայիսի 25-ի առավոտվա ժամը 8-ն անց 5 րոպեին եղանք Գյումրու 14-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված 49/1521 ընտրատեղամասային կենտրոնում, որտեղ քվեարկության էին պատրաստվում առաջին ընտրողները։ Կենտրոնը տեղակայված էր դպրոցի մարզադահլիճի ընդարձակ տարածքում, որտեղ բավարար աշխատանքային հնարավորություններ եւ ազատ տեսադաշտ կար ինչպես հանձնաժողովի անդամների, այնպես էլ վստահված անձանց համար։ Իսկ նախասրահում փակցված էին ընտրողին օգնող տպագիր նյութերՙ կուսակցությունների համամասնական ցուցակները, դրանց քվեաթերթիկի նմուշը, ՀՀ սահմանադրության փոփոխված նախագիծը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Կարապետյանը նշեց, որ իրենք աշխատել են անհրաժեշտ բոլոր չափորոշիչները պահպանել, ինչպես նաեւ ապահովել հանձնաժողովի անդամների բավարար պատրաստվածությունը։ Առաջին ընտրողը, ում հետ զրուցեցինք, ցավոքՙ գործազուրկ էր։ Մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ Խաչիկ Կոստանյանը, ցանկություն հայտնեց, որ լավ պատգամավորներ ու Ազգային ժողով ունենանք, որ նրանք մեզ ոչ միայն այս օրերին հիշեն։ Ժամը 8.20-ին այստեղ արդեն քվեարկել էր 6 մարդ։

Քիչ անց լինելով նույն ընտրատարածքի 1522 տեղամասում, տեղեկացանք, որ այստեղ արդեն քվեարկության է եկել 20 մարդ։ Ի դեպ, առաջ գնալով ասենք, որ օրվա ընթացքում մեր այցելած տեղամասերում ընտրողների ակտիվությունը կարծես թե մեծ չէր։ Ճիշտ էՙ առանձին տեղերում որոշ ժամերի նաեւ ընտրողների հերթ է եղել։ Կոնկրետ այս, ինչպես նաեւ 48/1448 ընտրատեղամասերում մեր այցելության պահին քվեարկությունն ընթանում էր հանգիստ ու բնականոն հունով։

Լրագրողիս ոչ հաճելի անակնկալ էր սպասում Գյումրու քաղաքապետարանի «Հույս» մանկատան շենքում տեղակայված 47/1421 ընտրատեղամասում։ Այստեղ նախ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Համազասպ Խոցանյանը, ապա հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը գրանցելու եւ տեղամասում ներկայությունս թույլ տալու համար «Ազգի» թղթակցի վկայականից բացի պահանջեցին անձնագիր, հետոՙ անձնական հավատարմագիր, ինչը նաեւ փորձեցին հիմնավորել ԿԸՀ-ի տպագիր որոշումներով։ Մասնավորապես հանձնաժողովի երիտասարդ քարտուղարը մեկնաբանեց, թե գրանցելու համար իրեն հարկավոր է անձը հաստատող իրավական փաստաթուղթ, իսկ լուսանկարով վկայականը իր համար այդպիսի փաստաթուղթ չէ։ Հանձնաժողովի նախագահն էլ շատ քաղաքավարի ասաց, որ կարող եմ իրեն հարցեր տալ, բայց... այդ սրահից դուրս։ Հարկ եղավ գնալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Վերջինիս նախագահ Էդիկ Բաղրամյանը կատարվածը համարեց հիշյալ հանձնաժողովականների չիմացության հետեւանք եւ մեզ սիրահոժար տրամադրեց ԿԸՀ նախագահի ստորագրությամբ, 24.05.2003 ամսաթվով պաշտոնական գրության մի օրինակ, որտեղ գրված է. «Ապահովել ՀՀ ԿԸՀ-ում հավատարմագրված հետեւյալ ԶԼՄ-ների (ցուցակը կցված էր - Գ. Մ.) բոլոր ներկայացուցիչների անարգել մուտքն ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներՙ տվյալ ԶԼՄ-ի վկայականով»։ Այլ տեղամասերում մեր դեմ այսպիսի արգելք այլեւս չեղավ։ Համանման առարկություն եղավ արդեն ժամը 18.20-ին մեր այցելած 48/1451 ընտրատեղամասում, որտեղ թեեւ հանձնաժողովի նախագահը համաձայն էր զրույցի, այնուամենայնիվ մեր իրավունքը փաստելու համար ստիպված էինք ցույց տալ «հրաշագործ» գրությունը։

Գյումրու 25-րդ հանրակրթական դպրոցի շենքում հանգրվանած, 1572 ընտրող ունեցող 49/1526 ընտրատեղամասում, ուր այցելեցինք կեսօրին, անհրաժեշտ 3 քվեատուփի փոխարեն տեսանք 2-ը։ Հանձնաժողովի նախագահ Գագիկ Ստեփանյանը հանգստացրեց, թե խնդիր չկա, երրորդ քվեաթերթիկը կողքի սենյակում է... Հանձնաժողովի նախագահը նաեւ քվեատուփերը հսկողն էր, ինչն էլ նա պատճառաբանեց երկու հանձնաժողովականների բացակայությամբ։ Այստեղ մի երիտասարդ կասկածելի երկար մնաց քվեախցում, ինչը նկատել էին վստահված անձանցից ոմանք։ Երիտասարդի կողմից քվեաթերթիկները տուփը գցելու պահին նրանցից մեկը «բռնացրեց», թե այս տեղամասի ընտրող չէ, իսկ մյուսը պահանջեց արձանագրություն կազմել։ Որոշ աղմուկից եւ անձնագիրն ու ցուցակը կրկին ստուգելուց հետո հայտարարվեց, թե ամեն ինչ կարգին է, ընտրողը ճիշտ է եկել իր տեղամասը, ինչին առարկություն այլեւս չեղավ։ Որոշ, հատկապես տարեց ընտրողներ էլ, գուցե չիմացությունից, քվեատուփին էին մոտենում գրեթե բաց քվեաթերթիկներով, այնպես, որ նրանց օգնող հանձնաժողովի նախագահը ցանկության դեպքում կարող էր տեսնել նշումը։ Հիմնականում հանդարտ ընթացք էր 46/1383, 46/1380, Ախուրյանի 49/1528 ընտրատեղամասերում։ Նշվածներից առաջինում որոշ վեճ առաջացավ կույր տարեց կնոջ հարցում. մի երիտասարդ ուզում էր քվեարկության խցում նրան օգնելՙ ասելով, որ իր մորաքույրն է, վստահված անձերից մեկը դրա դեմ բողոքում էր, իսկ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ինքը օգնելու համար դրսից անծանոթ մարդու կբերի։ Իսկ 46/1380 տեղամասում վատ տեսնող ընտրողին քվեախցիկ մտնելուց հետո թույլ տվեցին բարձրաձայն ասել, թե ում է ընտրելու, եւ այդ անունը գտնելու հարցում նրան օգնեց հանձնաժողովի նախագահը, ինչը բոլոր դեպքերում օրենքի խախտում է։ Այս տեղամասում «Հզոր հայրենիքի» վկայականով վստահված անձ Ցոլակ Վարդանյանը բողոքեց անարդարություններից, իսկ ՀՌԱԿ-ի վստահված անձ Անդրանիկ Ալեքսանյանը հավաստեց, թե քվեարկության ընթացքը հիմնականում նորմալ է։

Որքան կարողացանք տեղեկանալ մի քանի ընտրողների հետ զրույցից, մարդիկ տեղյակ չէին սահմանադրական փոփոխությունների բովանդակությունից եւ տարակուսած էին, իսկ եղել են նաեւ ընտրողներ, որոնք նույն պատճառով պարզապես հրաժարվել են այդ քվեաթերթիկը վերցնելուց ու քվեարկելուց։

Որպես զարմանք նորություն իմացանք (մի տեղ էլ ականատես եղանք), որ Գյումրիում տեղամասային հանձնաժողովների անդամներ են նշանակվել, ապա դարձել նախագահ, տեղակալ ու քարտուղար նաեւ... երեւանցիներ։ Իսկ «Շանթ» հեռուստատեսության մեր գործընկերների հաղորդումից տեղեկացանք, որ մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ գյուղում համենայն դեպս մինչեւ ժամը 18-ի տվյալներով ոչ մի ընտրող չի գնացել քվեարկության։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4