Ապրիլի 21¬23-ը Երեւանի մամուլի ակումբն իրականացրել է Հայաստանի ԶԼՄ-ների ՀՀ ԱԺ 2003 թ. ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման մոնիտորինգ։
Երեկ ժուռնալիստի տանը հրավիրված ասուլիսի ժամանակ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրեց մոնիտորինգի նախնական արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն էր պարզել հեռարձակող (ամենից առաջՙ հանրային) լրատվամիջոցներում ընտրարշավի լուսաբանման օբյեկտիվության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների գովազդային հնարավորություններն օգտագործելուՙ ընտրությունների մասնակիցների շահագրգռվածության աստիճանը։ Քանակական մոնիտորինգն ընդգրկել է 4 համազգային եւ 3 տեղական հեռուստաընկերություններ, 1 համազգային ռադիոընկերություն, 10 առաջատար հասարակական-քաղաքական թերթեր։
Մոնիտորինգի խումբն, ամփոփելով նախնական տվյալները, նշում է, որ ՀՀ նախագահի ընտրությունների համեմատ դրական քայլ էր ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության կարգի վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ի ընդունած մարտի 28-ի որոշումը, որում վերացվում էին հիմնական թերությունները։ Մոնիտորինգի ընթացքում քաղաքական քարոզչության համար եթերաժամանակ տրամադրելու, գովազդային նյութերի մատուցմանն առնչվող օրենսդրության որոշ խախտումներ են արձանագրվել։ Եղել են առանձին դեպքեր, երբ հաղորդումները չեն ուղեկցվել համապատասխան լուսագրով։ «ԱԼՄ» հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, որոնք ակնհայտ նախընտրական քարոզչական էին, չէին ուղեկցվում քաղաքական լուսագրով, որը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Հանրային հեռուստատեսությունը, ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրությունների, դրսեւորել է լուսաբանման հավասարակշռվածություն։ Նույն հավասարությունն է եղել նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի լրատվական թողարկումներում։ Հետաքրքրական են մոնիտորինգի արդյունքներըՙ «ԱԼՄ» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների լուսաբանումների համեմատությունը։ Այս երկու հեռուստաալիքների սեփականատերերն էլ (Տիգրան Կարապետյան եւ Գուրգեն Արսենյան) մասնակցում էին համամասնական ու մեծամասնական ընտրակարգով։ «ԱԼՄ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանն իր հեռուստաընկերության եթերն օգտագործել է սեփական կուսակցության քարոզարշավի նպատակներով, եւ «ԺԿ» լուսաբանումը մի քանի անգամ գերազանցել է մյուսներին։ Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքներն օգտվել են ՀՀՀ-ում իրենց հատկացված անվճար գովազդային եթերաժամանակից, իսկ նրանց մեծ մասըՙ նաեւ վճարովիից։ Կուսակցությունների եւ դաշինքների մի մասն է միայն օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հատկացված անվճար ու վճարովի գովազդային տարածքը, եւ սահմանափակ ծավալով, վճարովի գովազդ տեղադրել «Նովոյե վրեմյա», «Օրրան», «Այբ-ֆե», «Հայոց աշխարհ» թերթերում։ Այս թերթերն ընդհանրապես համամասնական ընտրակարգով գովազդներ չստացան։
Մոնիտորինգի խումբն արձանագրել է նաեւ, որ մի քանի թեկնածուներ անընդհատ երեւում էին եթերումՙ իբրեւ լրատվական կամ հեղինակային հաղորդումներ վարողներ։ Թեպետ դա օրենքով արգելված չէ, բայց, ըստ Մ. Հարությունյանի, մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է։ Մոնիտորինգի վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից, մեկ ընդհանուր գրքույկով։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ