Այս օրերին, երբ համայն հայությունը շարունակում է Սարդարապատի ճակատամարտում տարած մեծ հաղթանակին նվիրված տոնակատարությունները, Երեւանում, Բաղրամյանի անունը կրող պողոտայում բացվեց հայ մեծ զորավարի հուշարձանը։
Նժույգի վրա նստած, հայացքն ուղղած Արարատյան դաշտավայրին (Սարդարապատ), ժպիտը դեմքին հետեւում է կենաց եւ մահու մղվող ճակատամարտի հաղթական ավարտին։ Իմաստուն նժույգը, որ նույնպես կռահում է ճակատամարտի ցանկալի (ելքը) ավարտը, սմբակով դոփում է հարազատ հողնՙ ի նշան մեծ հաղթության։ Այսպիսի դրվագով է ներկայացրել Բաղրամյանի արձանն անվանի քանդակագործ Նորայր Կարգանյանը։
Արձանի մանրակերտը 1995-ին կայացած մրցույթում ստացել էր առաջին մրցանակ։ Արձանի պատրաստման գործում օժանդակություն են ցուցաբերել «Մարշալ Բաղրամյան» ֆոնդը եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 9 մ է, բրոնզե քանդակի չափերըՙ 4x4մ։ Գրանիտե պատվանդանի ճարտարապետն է Էդուարդ Արեւշատյանը։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 24-ին, ժամը 12-ին։ Բացմանը խոսք ասացին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, զինվորականներ, պատերազմի վետերաններ, մշակույթի գործիչներ։ Վերջում իր շնորհակալական խոսքնՙ ուղղված արձանի հեղինակներին, նրա կառուցմանն օժանդակողներին, հայտնեց Բաղրամյանի թոռնուհին։
ԱՐԹՈՒՐ ԽԱՆՋՅԱՆ