«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ՖԻՖԱ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Զեպ Բլատերն անչափ զգացված էր ջերմ ընդունելությունից

Պաշտոնական այցով Երեւանում էր ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, ծաղկեպսակ դրեց իր վաղեմի բարեկամ, հայկական ֆուտբոլի մեծ երախտավոր Հակոբ Տոնոյանի շիրիմինՙ իր հարգանքի տուրքը մատուցելով նրա հիշատակին։ Այնուհետեւ ՖԻՖԱ-ի նախագահը մասնակցեց ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը։ ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրի միջոցներով վերակառուցված ֆուտբոլային համալիրն այդ օրը տոնական տեսք էր ստացել։ Դպրոցի սաներն ու կոլեկտիվը, միջոցառմանը մասնակցող հյուրերը ծափողջույններով դիմավորեցին բարձրաստիճան հյուրին, որը ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կտրեց ժապավենը։ Այդ հաճելի արարողությունից եւ պատանի ֆուտբոլիստներին ողջունելուց հետո, Զեպ Բլատերը շրջեց մարզադպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Իրոք, հաճելի նվեր են ստացել պատանի ֆուտբոլիստները։ Հիմնովին վերանորոգվել են վարչական շենքերը, լողավազանը, փոքրիկ մարզադաշտը, հանդերձարանները, իսկ ֆուտբոլային չորս խաղադաշտերի կանաչը պարզապես աչք էր շոյում։ Մի խոսքով, պատանի ֆուտբոլիստների համար ստեղծված են մարզումային հիանալի պայմաններ։

Հանդիսավոր արարողության բացման խոսքով հանդես եկած ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց Զեպ Բլատերին, որի անմիջական նախաձեռնությամբ, ֆինանսական խոշոր աջակցությամբ վերակառուցվեց ֆուտբոլային այդ համալիրը։ Նա հույս հայտնեց, որ դպրոցի սաները կշարունակեն հայկական ֆուտբոլի լավագույն ավանդույթները, իսկ ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը հետագայում էլ կշարունակվի։

Ողջունելով Զեպ Բլատերին, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ մայիսյան այս գեղեցիկ օրը տոն է բոլոր երեւանցիների, պատանի ֆուտբոլիստների համար եւ իր շնորհակալությունը հայտնեց հիանալի նվերի համար։ Նա ընդգծեց, որ ՖԻՖԱ-ի նախագահը միշտ իր անձնական ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի ֆուտբոլը եւ կարողանում է լավագույնս աջակցել մարզաձեւի զարգացմանը մեր հանրապետությունում։ Ռոբերտ Նազարյանը հույս հայտնեց, որ ՀՖՖ-ի եւ ՖԻՖԱ-ի համագործակցությունն առաջիկայում մեզ նոր հաճելի անակնկալներ կմատուցի։

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը նշելով, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Զեպ Բլատերին, եւ որ ՖԻՖԱ-ի ու ՀՖՖ-ի համագործակցությունը շարունակվելու է, բարձրաստիճան հյուրին պարգեւատրեց ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով։ Ի դեպ, ՖԻՖԱ-ի նախագահը միջազգային մարզական կազմակերպության առաջին ներկայացուցիչն է, որ արժանանում է նման պարգեւի։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանն էլ ընթերցեց գիտական խորհրդի որոշումը պարոն Բլատերին պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու մասին։

Պատասխան խոսքում ՖԻՖԱ-ի նախագահն ասաց. «Անչափ զգացված եմ Հայաստանում չափազանց ջերմ ընդունելությունից։ Այս օրը պատմական է ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, այլեւ ՖԻՖԱ-ի համար։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, բարեմաղթանքների ու պարգեւների համար, ողջունում եմ բոլորիդ։ Սիրելի պատանի ֆուտբոլիստներ։ Այն, ինչ կառուցվել է, ձեզ եւ հաջորդ սերնդի համար է։ ՀՖՖ-ի նախագահի հետ մեկտեղ դուք եք այս երկրի ֆուտբոլային հույսը, որպեսզի միջազգային մակարդակի հասցնեք հայկական ֆուտբոլը։ Հենց այս միտքն էլ արծարծվել է ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ իմ հանդիպումների ընթացքում։ Նաեւ մեծ պատասխանատվություն է ընկած ձեր ուսերին։ Ձեր տրամադրության տակ է լավ մարզաբազան, ունեք լավ մարզիչներ, ֆուտբոլային տաղանդ։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ։ Ես բոլորիդ սիրում եմ, սիրում եմ Հայաստանը»։

ՖԻՖԱ-ի նախագահը հուշադրոշ ու հուշանվեր հանձնեց Ռուբեն Հայրապետյանին։ Ապա նա դիտեց պատանի ֆուտբոլիստների խաղը, որից հետո մտավ խաղադաշտ եւ գնդակներ նվիրեց պատանիներին։ Լրագրողների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ Զեպ Բլատերն իր գոհունակությունը հայտնեց ՀՖՖ-ի հետ համագործակցությունից եւ խոստացավ, որ այսուհետ եւս ամեն կերպ կաջակցի Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Իր հերթին Ռուբեն Հայրապետյանը պատվարժան հյուրին ծանոթացրեց Ավանում նախատեսված ֆուտբոլային համալիրի նախագծին, որն ունենալու է նաեւ արհեստական ծածկույթով խաղադաշտ։ Նա հույս հայտնեց, որ ՖԻՖԱ-ի աջակցությամբ կհաջողվի այդ նախագիծը եւս կյանքի կոչել։ Բլատերը խոստացավ այդ հարցում եւս օգնել, ինչպես նաեւ աջակցել, որպեսզի շուտափույթ լուծվի Հունգարիայում հանդես եկող Յավրումյանիՙ ՀՀ հավաքականում խաղալու թույլտվության հարցը։ Օրվա երկրորդ կեսին Բլատերը Երեւանից մեկնեց Թբիլիսիՙ մասնակցելու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4