«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ՀՀ ԳԱՎԱԹԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»

Ֆուտբոլի ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներն ի հայտ բերեցին եզրափակիչի մասնակիցներին։ Մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում պատվավոր մրցանակը կվիճարկեն Երեւանի «Բանանցն» ու Աշտարակի «Միկան»։

«Միկան» Ոսկեհատում շատերի համար անսպասելի խոշոր հաշվով (3-0) հաղթեց «Շիրակին»։ Արդեն 18-րդ րոպեին թիմի ռմբարկու Արամ Ոսկանյանը 11 մ հարվածով բացեց հաշիվըՙ խփելով գավաթի ընթացիկ մրցաշարում իր 9-րդ գնդակը։ 8 րոպե անց Մարատ Մկրտչյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսում Դավիթ Գրիգորյանն ամրապնդեց թիմի հաղթանակը։

Գավաթային հանդիպումներին բնորոշ արտակարգ լարված ու սուր մրցակցություն ծավալվեց «Փյունիկ»- «Բանանց» խաղում, որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1-1)։ Այդ հաշիվը ստիպում էր երկու թիմերին էլ գործել հարձակողական ոճով։ Սակայն ի տարբերություն առաջին հանդիպման, պատասխան խաղը հարուստ չէր գոլային պահերով։ Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էր «Փյունիկը», որն էլ Լեւոն Փաչաջյանի եւ Էդգար Մանուչարյանի ջանքերով 17-րդ րոպեին բացեց հաշիվը։ Հիշարժան էր նաեւ Աղվան Մկրտչյանի հեռահար հարվածը, որը հետ մղեց Վորոբյովը, ինչպես նաեւ Տրաորեի հարվածը, որը շեղ ստացվեց։ «Բանանցը» միայն մեկ անգամ լրջորեն սպառնաց դարպասին, սակայն նպաստավոր դիրքից Կարեն Սիմոնյանի հարվածը նպատակին չհասավ։

Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացավՙ ստիպելով «Փյունիկին» գրեթե ողջ թիմով նահանջել եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնել սեփական դարպասի պաշտպանությանը։ Առաջին վտանգավոր լուրջ պահը ստեղծվեց 57-րդ րոպեին, երբ Աշոտ Գրիգորյանի գլխի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց «Փյունիկի» դարպասում։ Հաշիվը կարող էր հավասարվել նաեւ 74-րդ րոպեին, սակայն այս անգամ էլ մարզական բախտը ժպտաց «Փյունիկին»։ Արա Հակոբյանը հիանալի իրացրեց տուգանայինը, բայց վերջին պահին չեմպիոնին օգնության եկավ դարպասի հորիզոնական ձողը։ Այնուամենայնիվ, շուտով «Բանանցի» համառությունը փոխհատուցվեց։ Տուգանայինի խաղարկումից հետո Արամ Հակոբյանը խառը իրադրությունում ճիշտ կողմնորոշվելով, վերջապես գրավեց դարպասը։ Մնացած ժամանակահատվածում հաշիվը փոփոխելու միայն մեկ հնարավորություն եղավ, սակայն Տրաորեի գլխի հարվածը շեղ ստացվեց։

Մրցակարգի համաձայն, հաղթողին պետք է որոշեր «ոսկե» գոլը»։ Եվ այն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Խաղի հերոսը դարձավ հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Արա Հակոբյանին փոխարինած Արամ Սարգսյանը։ Վերջինս լրացուցիչ ժամանակի 9-րդ րոպեին հաղթական վերջակետ դրեց լարված հանդիպմանը։ Դա գավաթի ընթացիկ մրցաշարում «Բանանցի» ռմբարկուի 7-րդ գնդակն էր, որը եզրափակիչի ուղեգիր պարգեւեց թիմին։

Սուպերգավաթի խաղում կրած անհաջողությունից հետո «Փյունիկն» իր երկրորդ պարտությունը կրեց գավաթի վճռորոշ հանդիպումում։ Առջեւում մեր չեմպիոնին սպասում են չեմպիոնների լիգայի մրցաշարի խաղերը, որոնց անհրաժեշտ է պատշաճ մարզավիճակում ներկայանալ։ Իսկ «Փյունիկի» խաղի որակը չի գոհացնում։ Բոլոր խաղային օղակներում էլ, հատկապես պաշտպանությունում եւ հարձակման գծում, կազմի ուժեղացման կարիք է զգացվում։ «Բանանցը» 2 գոլերն էլ խփեց ազատ պաշտպանի գոտուց, որտեղ շատ է զգացվում Ալու Տրաորեի բացակայությունը։ Եվ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ «Փյունիկի» ղեկավարությունը հրաժարվեց Տրաորեի եւ Մամադու Դիավարայի ծառայություններիցՙ չունենալով նրանց արժանի փոխարինողներ։

Եվ այսպես, «Բանանցն» ու «Միկան» իրավունք ստացան վիճարկելու գավաթը։ Երկու թիմերի համար առայժմ գավաթի եզրափակիչ խաղը հաղթական է եղել։ Հիշեցնենք, որ «Բանանցը» հանրապետության առաջին գավաթակիրն է (1992 թ. հաղթել է ՀՄԸՄ-ինՙ 2-0), իսկ «Միկան 2000 եւ 2001 թթ. նվաճել է գավաթըՙ համապատասխանաբար հաղթելով «Զվարթնոցին» (2-1) եւ «Արարատին» (1-1, 4-3ՙ 11 մ)։ Տեղին է հայտնել մի նկատառում։ Երկու ակումբներն էլ ղեկավարների անհեռատեսության, գուցե առաջնության եւ գավաթի մրցակարգին ծանոթ չլինելու հետեւանքով գավաթի վճռորոշ խաղում (ինչպես եւ նախորդ փուլերում) զրկվել են հիմնական կազմի մի քանի խաղացողներից, որոնց հայտավորել էին դուստր թիմերումՙ «Սպարտակում» եւ «Միկա-2»-ում։ «Բանանցում» դա ՀՀ եռակի գավաթակիր Կարեն Բարսեղյանն է, «Միկայում»ՙ ՀՀ կրկնակի գավաթակիր Գրիգոր Մկրտչյանն ու 2000 թ. թիմի կազմում մրցանակը նվաճած Հայկ Բաբայանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4