Ինչպե՞ս կարող եմ Միացյալ Նահանգներում աշխատելու համար վիզա ստանալ
Նախորդ ամիս այս շարքում մենք փաստեցինք, որ զբոսաշրջության վիզայով ԱՄՆ-ում ապրելն ու աշխատելն անօրինական է։ Սակայն դա չի նշանակում, թե օտարերկրացիների համար անհնար է աշխատել ԱՄՆ-ում։ Իրականում կան վիզաների մի քանի տեսակներ, որոնք կամ ժամանակավոր, կամ մշտական օրինական աշխատանքի իրավունք են շնորհում։ Այսօր այս շարքում մենք կքննարկենք ժամանակավոր աշխատանքային վիզաները համակարգող կանոնակարգը։ Ապագայում այս շարքում կքննարկենք մշտական աշխատանքի եւ մշտական բնակության վիզաների կանոնակարգերը։
Ժամանակավոր աշխատանքային վիզայի առաջին կարգը H վիզան է։ H վիզա ստանալու համար գործատու կազմակերպությունը, որը գտնվում է ԱՄՆ-ում, պետք է դիմի ԱՄՆ ներգաղթի ծառայությանըՙ համապատասխան թույլտվություն ստանալու համար։ Թույլտվություն ստանալուց հետո դուք արդեն կարող եք այցելել ԱՄՆ դեսպանատուն եւ դիմել վիզայի համար։ Գոյություն ունեն H վիզայի մի քանի տարատեսակներՙ նախատեսված աշխատանքային տարբեր բնագավառների համար։ H1B տեսակի վիզան նախատեսված է մասնագետների համար, որոնք աշխատելու են «մասնագիտացված պաշտոնում»։ Այդ թվում են ճարտարապետության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, բժշկության, կրթության եւ իրավագիտության բնագավառները։ Այս տիպի վիզայի դիմորդները պետք է ունենան համապատասխան մասնագիտացում տվյալ ասպարեզում աշխատելու համար, ինչպես նաեւ ապահովել գործատուիՙ ներգաղթի ծառայությանն ուղղված դիմումում նշված պահանջները։ H2 տեսակի վիզան նախատեսված է գյուղատնտեսության ասպարեզի հատուկ աշխատողների կամ նրանց համար, ովքեր ի վիճակի են կատարել այնպիսի աշխատանք, ինչի համար գործատուն չի կարողացել համապատասխան աշխատող գտնել ԱՄՆ-ում։ H3 տեսակի վիզան նախատեսված է տվյալ աշխատանքի համար հատուկ վերապատրաստում անցնելու համար։ Այս դեպքում հնարավոր է, որ վերապատրաստվողը չշարունակի աշխատանքը վերապատրաստումից հետո։
Աշխատանքային վիզայի մյուս տեսակը L վիզան է, որը նախատեսված է աշխատակիցների տեղափոխությունների համար։ Այս տեսակի վիզան թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին իրենց ղեկավար աշխատակիցներին այլ երկրներից տեղափոխել Միացյալ Նահանգներ։ L տեսակի վիզա ստանալու համար նույնպես պահանջվում է, որ գործատուն դիմի ԱՄՆ ներգաղթի ծառայությունՙ թույլտվություն ստանալու համար։ Վերոհիշյալ վիզան ստանալու համար դիմորդը պետք է ներկայացնի ԱՄՆ ներգաղթի ծառայության հաստատած թույլտվությունը, եւ պետք է լինի այդ կազմակերպության ղեկավար պաշտոնում, կամ մի պաշտոնում, որը պահանջում է հատուկ մասնագիտացում, եւ դիմորդը զբաղեցրել է տվյալ պաշտոնը առնվազն 1 տարի վերջին 3 տարվա ընթացքում։
Օ տեսակի վիզան նախատեսված է գիտության, արվեստի, կրթության, գործարարության, սպորտի, կինո-հեռուստաարդյունաբերության բնագավառի արտասովոր կարողություններով օժտված օտարերկրացիների համար, ովքեր մեկնում են ԱՄՆՙ շարունակելու իրենց գործունեությունըՙ շնորհիվ իրենց արտասովոր կարողությունների։ Դիմորդի «արտասովոր կարողությունները» պետք է արժանացած լինեն ազգային կամ միջազգային հանրության գնահատանքին։ P տեսակի վիզան նախատեսված է մարզիկների եւ մշակույթի այն ներկայացուցիչների համար, ովքեր մեկնում են ԱՄՆ մասնակցելու հատուկ մրցույթների կամ ելույթների։ P տեսակի վիզա կարող են ստանալ նաեւ մշակութային այն գործիչները, որոնք ելույթների են մեկնում Միացյալ Նահանգներՙ վերջինիս եւ մեկ այլ երկրի միջեւ գործող մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում կամ այնպիսի մշակութային ծրագրի շրջանակներում, որը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Եվ Օ տեսակի, եւ P տեսակի վիզաների դեպքում ԱՄՆ-ում գտնվող ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է դիմի ԱՄՆ ներգաղթի ծառայությանը եւ ստանա վերջինիս թույլտվությունը։
Որոշ դեպքերում J-1 վիզայով ԱՄՆ մեկնող փոխանակման ծրագրերի մասնակիցները կարող են աշխատել այնտեղ։ Այս տեսակի վիզայի դեպքում անհրաժեշտ է նաեւ DS-2019 ձեւըՙ տրված ԱՄՆ համապատասխան լիազոր մարմնի կողմից։ J-1 վիզայով ԱՄՆ մեկնողներն այնտեղ աշխատում են միայն միջազգային փոխանակման ծրագրերի շրջանակներում։ Դրանք սովորաբար գիտության բնագավառի մասնագետներ են, ովքեր Միացյալ Նահանգներ են մեկնում միջազգային գիտահետազոտական նախագծերին մասնակցելու։ J-1 տեսակի վիզաներ տրվում են նաեւ «Աշխատանք եւ ճամփորդություն» ծրագրի շրջանակներում ԱՄՆ մեկնող ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց ամառային արձակուրդների ընթացքում ժամանակավորապես կատարել այս ծրագրի համար նախատեսված աշխատանք, որից հետո ճամփորդել Միացյալ Նահանգներումՙ ավելի մոտիկից ճանաչելու երկիրը եւ բարելավել անգլերենի իրենց իմացությունը։
Ինչպես նկատեցիք ժամանակավոր աշխատանքային վիզաների նկարագրություններում ընդգծվում են երկու կարեւոր գործոններ։ Առաջինՙ վիզան չի կարող տրվել, եթե առկա չէ ԱՄՆ ներգաղթի ծառայության հաստատած գործատուի դիմումը, եւ երկրորդՙ աշխատողը պետք է լքի Միացյալ Նահանգները աշխատանքի թույլտվության ժամկետի ավարտից հետո։ ԱՄՆ ներգաղթի ծառայության թույլտվությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ կառավարությանը կարգավորել երկիր մուտք գործող աշխատողների թիվը եւ տեսակը։ Ամերիկյան աշխատանքային շուկայի պաշտպանության ու կարգավորման համար պատասխանատու է ԱՄՆ կառավարությունը, եւ աշխատուժի անկառավարելի հոսքը երկիր կհանգեցնի աշխատավարձերի նվազեցման եւ գործազրկության աճի։ ԱՄՆ կառավարությունը պետք է օտարերկրյա աշխատողներին պահպանի նաեւ ամերիկյան գործատուների շահագործումից, որոնք չեն ուզում համապատասխան աշխատավարձ վճարել իրենց աշխատակիցներին եւ փորձում են աշխատանքի վերցնել աշխատանքի իրավունք չունեցող օտարերկրյացիներին։ ԱՄՆ կառավարությունը նաեւ պետք է վստահ լինի, որ Միացյալ Նահանգներում աշխատողները վճարում են նախատեսված հարկերը։ H, L, O եւ P տեսակի վիզաների գործողության ժամկետները տատանվում են մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի, սակայն դրանք մշտական բնակության իրավունք չեն շնորհում։
Եթե դուք ժամանակավոր աշխատանքային վիզաների մասին ավելի մանրամասն տեղեկության կարիք ունեք, խնդրում ենք զանգահարել ՀՀ-ում ամերիկյան դեսպանության հյուպատոսարան 52¬16¬11 կամ 52¬46¬61 (ներքինՙ 4665) հեռախոսահամարներով։ Աշխատանքային վիզայի դիմորդները, ովքեր արդեն ունեն ԱՄՆ ներգաղթի ծառայության թույլտվությունը, կարող են ներկայանալ դեսպանություն յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 15։00-ին։ Խնդրում ենք բերել անձնագիրը, լրացրած դիմումը, աշխատանքի թույլտվությունըՙ հաստատված ԱՄՆ ներգաղթի ծառայության կողմից, եւ ԱՄՆ 100 դոլար։