Ապրիլի 16-ին, երբ ստորագրվեց Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցության պայմանագիրը, Թուրքիան կանգնեց փաստի առջեւ։ Այն առումով, որ անդամակցությունն առանց թուրքական հատվածի էր կատարվել, հունական կողմը կիպրացի թուրքերին քաղաքացիություն էր շնորհում, իսկ վերջիններս, նկատի ունենալով Եվրոպայի մաս կազմելու հանգամանքը, հակառակ թուրքական հատվածի ղեկավար Ռաուֆ Դենքթաշի հորդորներին, արձագանքում էին դրան։ Այդ ընթացքում Կիպրոսում տեղակայված 40 հազարանոց թուրքական բանակը ԵՄ-ի տարածքի նկատմամբ օկուպանտ էր դառնում։
Թուրքիայի կառավարող շրջանակների համար իրավիճակն ավելի էր բարդանում այն պատճառով, որ նրանք Դենքթաշի միջոցով մերժել էին Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը, դրա «կատարելագործված» երկրորդ տարբերակով հանդերձ։ Ավելինՙ կղզու հյուսիսային թուրքական հատվածում Դենքթաշի դեմ բողոքի հուժկու ալիք էր բարձրացել, օրակարգում էր նրա հրաժարականի հարցը։ Ակնհայտ է, որ հրաժարականից հետո օրակարգ էր մտնելու Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերումը, ընդ որումՙ հենց կիպրացի թուրքերի պահանջով։
Հատկանշական է, որ եթե ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշում էր գործադրում ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձեւը մերժելու համար, ապա ԵՄ-ի ճնշումների հիմքում դրվում էին Կիպրոսի միասնականության ու տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ստեղծված միջազգային իրադրությունը թուրքական իշխանություններին ստիպեց քաղաքական նախաձեռնություն ցուցաբերել։ Նրանք էլ, թերեւս, հունական կողմի համար անակնկալ որոշումով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» սահմանները բացեցին կիպրացի հույների առջեւՙ հայտարարելու, որ «Կիպրոսի երկու հատվածները վերամիավորվել են»։
Իրականում Թուրքիայի նպատակը ոչ թե Կիպրոսի վերամիավորումն էր, այլ վերամիավորման պատրանքի ստեղծումը։ Այդ մասին «Ազգի» մայիսի 17-ի համարում վկայում է Նիկոսիայում մեր թերթի թղթակից Ջորջ Տեր-Բարթողը։ Ինչո՞վ դա բացատրել։ Ըստ երեւույթին, Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը շրջանառությունից վերջնականապես դուրս մղելու թուրքական նկրտումներով։
Թեեւ պատրանքի ստեղծումը հեռու է հարցի լուծումից, սակայն չպետք է մոռանալ, որ անմիջականորեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանին վերագրվող վերոհիշյալ բանաձեւի բուն հեղինակը պաշտոնական Վաշինգտոնն է։ Ուրեմն Թուրքիան, մերժելով ՄԱԿ-ի բանաձեւը, իրականում մերժել է Կիպրոսի հարցին Վաշինգտոնի անմիջական միջամտությունը։ Միաժամանակ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման ներկա փուլում Կիպրոսի առնչությամբ նախապատվությունը ԵՄ-ին տալու պատրաստակամություն է հայտնել։
Ըստ երեւույթին, պատրաստակամությունը նպատակին ծառայել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի սահմանների բացման նախաձեռնությանը հետեւեց Թուրքիայի սահմաններում կիպրացի հույների համար անցագրային ռեժիմի վերացման նախաձեռնությունը։ Այլ կերպՙ թուրքական կառավարությունը կիպրացի հույներին արտոնեց առանց մուտքի վիզայի Թուրքիա այցելելու իրավունք, ինչի մասին մայիսի 21-ին պաշտոնապես հայտարարեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հաջորդ օրը, ինչպես այդ մասին նախապես տեղեկացրել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, կիպրացի հույների առաջին խումբը Հունաստանի սահմանից մուտք գործեց Թուրքիա։
Թուրքական այս երկու նախաձեռնությունները հազիվ թե հանգեցնեն Կիպրոսի հիմնահարցի վերջնական լուծման։ Բայց որ հիմնահարցի շուրջ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ նոր մրցակցություն կառաջացնեն, ակնհայտ է։ Մրցակցության պայմաններում թուրքական կառավարությունն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ խուսանավելու հնարավորություն կստանա։ Միաժամանակ անհամեմատ կմեծանան թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը ԵՄ-ին մերձենալու միջոցով հակակշռելու հավանականությունները։ Հետեւաբար վերոհիշյալ նախաձեռնությունները թուրքերի տեսանկյունից միանգամայն տեղին են, դրանք ծառայում են այն նպատակին, ինչին դրանց միջոցով փորձում է հասնել Թուրքիան։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ