«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ԹԱԻԼԱՆԴՅԱՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Անընդմեջ ցրտին ու անձրեւներին վերջապես հաջորդեց տաք եղանակը։ Վերջին տարիների համար սովորական դարձած եղանակային փոփոխությունների տրամաբանությունը հուշում է, որ ամառն էլ թեժ է լինելու։ Եվ ինչպես ամեն անգամ, չորայնությունը դառնալու է գյուղացու հիմնական մտահոգությունը, հատկապես հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը։

Տաք եղանակը ստեպ-ստեպ ընդմիջող անձրեւների առատությունն էլ չի լուծում խնդիրը։ Եթե Հայաստանի մի հատվածում դրանք գերհագեցնում են հողը եւ նույնիսկ փտեցնում գյուղատնտեսական կուլտուրաները, մեկ այլ տարածքում բույսն ու ծառը շարունակում են պապակել։ Եվ ինչպես ցանկացած նման դեպքում, այս անգամ էլ մարդը հարկադրաբար ստիպված է միջամտել բնական գործընթացներին։

Վերջերս Թաիլանդից բազմամարդ պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Մեր հանրապետությունը մթնոլորտային երեւույթների վրա ներգործության մեծ փորձ ունի եւ այս բնագավառում, հատկապես կարկտաբեր ամպերի դեմ պայքարելու խոր ու լայնածավալ աշխատանքներ են իրականացվել։ Ամենատարբեր մեթոդներով ժամանակին արհեստական անձրեւներ են ստացվել նաեւ Սեւանի ջրահավաք ավազանում, որի շնորհիվ հնարավոր է եղել 10¬15 տոկոսով ավելացնել տեղումների քանակը։ Թաիլանդի գյուղատնտեսների մշտական մտատանջությունը լրացուցիչ տեղումներ ապահովելն է։ Այստեղ տարեկան 1500 մմ ծավալի անձրեւներ են տեղում, այն էլ երկրի ամենաչորային հատվածներում։ Հայաստանում տարեկան տեղումների քանակը 300 մմ է։

Հայ եւ թաիլանդցի մասնագետների հանդիպման ընթացքում քննարկվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցըՙ թաիլանդյան անձրեւները Հայաստան ներմուծելու հնարավորությունը։ Չնայած մեր հանրապետության համեմատ 5 անգամ ավելի շատ տեղումներին, Թաիլանդում մշտապես կիրառվում է արհեստական անձրեւների պրակտիկան։ Նույնիսկ տեղումների մեծ քանակի դեպքում այնտեղ տարեկան 12 մլն դոլարի աշխատանքներ են իրականացնում օժանդակ անձրեւներ ստանալու համար։ Թաիլանդում կլիման բնորոշվում է 2 կտրուկ սահմանագծումովՙ չորային եւ անձրեւային եղանակներ։ Անձրեւների ժամանակ խոնավության մեծ քանակություն կորչում էՙ թափվելով գետերի ու ծովերի մեջ։ 7¬8 ամիս տեւող չոր եղանակի ժամանակ ստիպված են լինում բնությունից հարկադրաբար կորզել անձրեւները։

Ըստ հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ Գենադի Կոջոյանի, Հայաստանի շահերից է բխում Թաիլանդի օրինակով արհեստական անձրեւներ ստանալու հնարավորությունը։ Թաիլանդցի մասնագետների հետ ծրագրեր իրականացնելու նախագծեր քննարկվեցին, բանակցեցին համագործակցել եւ նույնիսկ նախագիծը փորձարկել ո՛չ Հայաստանում, ո՛չ Թաիլանդում, այլ մի երրորդ երկրում։ Ի՞նչ կտան թաիլանդական անձրեւները Հայաստանին։ Մասնագետների համոզմամբ, դա կայուն բերք ու բարիքի երաշխիք է։ Չոր եղանակին երբեմն-երբեմն առատ անձրեւներ տեղալով, բնությունն, այնուամենայնիվ, խոնավությունը տեղաբաշխում է իր քմայքներին համապատասխան։ Ջրի կարիք ունեցող գյուղատնտեսական հողահանդակների խնդիրը պիտի լուծեն թաիլանդյան անձրեւները։

Ի դեպ, թաիլանդյան անձրեւների հեռանկարը որոշակի անհանգստություն է առաջացրել հայ էկոլոգների շրջանում։ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների հանդիպումներից մեկի ժամանակ փաստը դատապարտվեցՙ հիշատակելով տարիներ առաջ Արարատյան դաշտավայրի վրա նման գիտափորձի անհաջող նախադեպը։

Այն ժամանակ ակադեմիայի գիտնականները բողոքի ալիք բարձրացրին, եւ արհեստական անձրեւների ծրագիրը դադարեցվեց։ Այժմ էլ բնապահպանները մտավախություն արտահայտեցին, որ նոր ծրագիրը կարող է իրականացվել առանց փորձաքննության, առանց էկոլոգների գիտության ու նրանց հետ համագործակցության։

Բանն այն է, որ ամպերը գրգռելու եւ անձրեւներ առաջացնելու համար մինչ այսօր էլ որոշ երկրներում իբրեւ կատալիզատոր օգտագործում են այնպիսի նյութեր (ինչպես արգենտիում 7-ը), որոնք վտանգավոր են, եւ իրենց գործն անելուց հետո, քամիներից քշվելով կամ այլ գործոնների ազդեցությամբ կրկին կարող են վերադառնալ երկիր եւ վնասել հողը։ ՀՀ գյուղնախարար Դավիթ Զադոյանն այս առիթով մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ անձրեւների առաջացման թաիլանդյան մեթոդը քիմիկատների օգտագործում չի նախատեսում, խոնավություն ստեղծվում է այլ սկզբունքովՙ էլեկտրական դաշտի առաջացման շնորհիվ խտացնում են ամպերը եւ շարժում ցանկացած ուղղությամբ։

Համենայն դեպս, բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս քննարկվում է Հայաստանում թաիլանդյան անձրեւներ ներմուծելու անվտանգության ու նպատակահարմարության խնդիրը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4