Դրանք բաց աչքով տեսանելի էին յուրաքանչյուրիս, եւ ոչ արտակարգ ըմբռնողություն, ոչ էլ օտարերկրյա դիտորդներ էին անհրաժեշտՙ մատնանշելու այն ամենը, որ հատկանշական է դարձել ընտրությունների համար։ Շուրջ 9 ամիսՙ սեպտեմբերից, մեր հասարակությունը հարկադրաբար ընկղմվել էր նախընտրական ու ընտրական գործընթացների հորձանուտը, եւ այդ ընթացքում լիուլի ճաշակելով ընտրախոստումների առատ կերակուրը, հասցրեց դասեր առնել ու սեփական եզրահանգումներն անել։ Դատելով մասնակցության ցածր ցուցանիշներից, կարելի է համոզված ասել, որ ընտրազանգվածի մի գերակշիռ հատված վերջնական ու խոր հիասթափության մեջ էր եւ պարզապես չգնաց ընտրությունների։ Գուցե նա արդեն հասկացել է, որ քաղաքական հայտնի ու նորահայտ ուժերի ուշադրությունը, սիրո անսպասելի պոռթկումները թիթեռի կյանքի պես կարճատեւ են եւ հեռավոր ու խուլ իր գյուղն այցի եկած քաղաքական ծանոթ կամ նորածանոթ դեմքերին դեմ առ դեմ տեսնելու է առաջին եւ վերջին անգամ։ Այդպիսին է հայկական ընտրաիրականության բարոյականությունը 100-ից 90-ի դեպքում։ Եվ երեւի այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ոչ ոք չի ժխտում, որ քաղաքականությունն ինքն անբարո ոչինչ չի բացառում։ Իսկ խոստումների բացահայտ խաբեբայական բնույթն ակնհայտ էր նույնպես 100-ից 90-ի դեպքում։ Քարոզամոլուցքի մեջ ընկած քաղաքական կուսակցություններից մեկը կոկորդ էր պատռումՙ խորհրդային տարիների ավանդները վերադարձնելու խոստումն իբրեւ խայծ օգտագործելով։ Քաղաքականապես կիսագրագետ, ամենօրյա հոգսերի մեջ տապակվող, արդեն ծերացած, տարեց մարդկանցից, ովքեր խնայբանկերում ժամանակին պատկառելի գումարներ են տնտեսել, ավելի խորամանկ ուրիշ ի՞նչ հունարով ձայներ կարելի էր կորզել։ Նախագահական ընտրությունների ժամանակ այդ մարդիկ, որ կոճակի պես կարվել էին նախագահի կոստյումին, առանց աչք թարթելու լսում էին նրա կոչը ժողովրդինՙ չհավատալ այն մարդկանց, ովքեր խոսում են կորցրած գումարները փոխհատուցելու մասին։ ԱԺ հավակնորդների մի մասն էլ քարոզչական դրոշակի վրա պարզել էր իր «հայտնագործությունը»ՙ ձեւավորենք միջին խավ, եւ բարեկեցությունն այցի կգա նաեւ մեզ։ Բայց թե տասնամյակից ավելի սոցիալական առաջնահերթություն դարձած այդ հիմնախնդրին ի՞նչ միջոցով, ի՞նչ լծակներով են կյանք տալու, անհասկանալի է։
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկն էլ չէր ալարել եւ իր ընտրատեղամասերի բոլոր կանանց ու աղջիկներին մարտի 8-ին շնորհավորական բացիկներ էր ուղարկել։ Ուշադրության այդ անսպասելի արտահայտությունից զարմացած կանանց մնում էր ուսերը թոթվելՙ ո՞վ է այդ թեկնածուն, որտեղի՞ց հայտնվեց։ Հընթացս խոստացել էր նաեւ համակարգչային անվճար դասընթացներ կազմակերպել տեղամասերի բնակչության մեծ ու փոքրի համարՙ հին, կյանքը սպառած համակարգիչներ տրամադրելով այդ նպատակին։
Եվ որ մեծ ու փոքր ստերի գերին դարձած հասարակությունը նրանց ամենեւին չէր հավատում, ապացույց է այն իրողությունը, որ շատ անգամ ինքն էլ փորձում էր նույն լկտիությամբ պատասխանելՙ ընտրակաշառք, դրամ պահանջելով եւ ստանալով ու ընտրելով ուրիշին։ Եվ ձեռի հետ միայն իրեն բնորոշ նրբամտությամբ իրադրությանը համարժեք զվարճալի զրույցներ հորինեց, որոնց դերն անգնահատելի է ժամանակի տվյալ պահի նյարդը զգալու համար։ Մեկին հարցնում ենՙ ինչո՞ւ չես գնում ընտրությունների, արդեն ուշ է։ Պատասխանում էՙ երկու թեկնածու փողն արդեն տվել են, երրորդին եմ սպասում։ Ափսոս, որ ոչ ոք չի զբաղվում ժողովրդական մտքի այս ինքնօրինակ արձանագրությունները հավաքելով ու պահպանելով։ Ընտրողների մի հատված ակտիվորեն ներքաշվեց «դիփ» խաբելու ու խաբվելու գործողությունների մեջ եւ այն էլ մտքի ինչպիսի՜ թռիչքներով։ Թիվ 0059/3 ընտրատեղամասում այդպիսի մի միջադեպի ականատես եղա։ Քվեասրահից դուրս եկած ու քվեաթերթիկն արդեն քվեատուփի մեջ գցած մի կին հանկարծ հարայ-հրոց բարձրացրեց, թե իբր շփոթվել ու թերթիկն առանց կնքելու է գցել։ Երդվում էր, խնդրում հավատալ իրեն։ Խնդիրը պարզ էրՙ տիկինը մտածել էր մի հնարքով մի ձայն էլ ավել պարգեւել իր թեկնածուին։ Իհարկե, 2 մասի բաժանված իրականության մի բեւեռում ընտրողների մի շերտ էլ կա, որ ատելությամբ է նայում իր ձայնն ու ընտրաիրավունքը ոտնահարողներին եւ առիթի է սպասում վրդովմունքի կապերն արձակելու։
0364/16 ընտրատեղամասում Հանրապետության 85ա շենքի բնակիչ, ընտրող Ժան Գյուլբենկյանը հանկարծ հայտնաբերեց, որ իր տան հասցեի դիմաց ընտրացուցակում նշված է վաղուց մահացած հարեւանիՙ Խոյունց Հասմիկի անունը։ Հանգուցյալն, ի դեպ, արդեն «քվեարկել» ու «ստորագրել» էր։ Վստահված անձանցից դեպքը կոծկելու ու մանր վրիպում ներկայացնելուՙ հանձնաժողովի ղեկավարների փորձերին հակընդդեմ մարդը համառորեն պնդեց տեսածը, ավելինՙ հասավ նրան, որ համապատասխան արձանագրություն կազմվեց ու ուղարկվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ընտրական օրվա տրամադրության բարոմետրը նույնպես բավական հետաքրքրական գծագրումներ է ձեռք բերել։ Հանրահայտ ֆիլմի նման արշալույսներն այս դեպքում էլ առավոտները խաղաղ են, բայց այնպիսի խաղաղությամբ, որի արգանդում ամպրոպն է հասունանում։ Նյարդերը սկսում են լարվել, մանրախնդրությունը սկսում է տիրապետող դառնալ, կրքերը չեն թաքցնում հուզումն արդեն կեսօրից հետո, երբ ընտրաժամանակը սպառնալից մոտենում է ավարտին, իսկ անելիքը դեռ կիսակատար է կամ նույնիսկ չեն սկսել։ Թե ինչպես են հաջողում իրականացնել շատերի համար գործելաոճ դարձած քվեատուփեր լցնելը, ընտրակարգի այլազան խախտումները, հանելուկային է մնում։ Նույն տեղամասում մի «նորույթի» էլ հաղորդակից եղա։ Վստահված անձանց «տեղադրել» էին քվեատուփից անմատչելի հեռավորության վրա եւ պարզապես արգելում էին որեւէ միջամտություն ու հսկողություն։ Եվ վերջիններիս մնում էր միայն խեղճացած ու անզոր հեռվից նայել կատարվածին։ Քաղաքականության մեջ վաղուց փորձված միջոցըՙ սադրանքը, ընտրաիրականության մեջ էլ այս տարի արդյունավետ կիրառվեց։ Ասենք, ինչ-որ մեկը աղմուկ է բարձրացնում, թե հա՜յ-հարա՜յ, լցնում են քվեատուփը։ Բնականաբար, բոլորը խառնվում են իրար, երբ իրականում այդպիսի բան չկա։ Փոխարենը համատարած իրարանցման մեջ ինչ-որ մեկին հաջողվում է կանխավ ծրագրած ինչ¬որ սցենար իրականացնել։ Ի դեպ, բոլոր կարգի այս գործողություններում բավական ակտիվ էին միջին տարիքի, նույնիսկ տարեց կանայք։ Նրանց էներգիան անսպառ է, նրանք տղամարդկանցից ավելի ակտիվ են։ Կանայք, ովքեր թերեւս միայն Հայաստանում սահմանագծված աշխատանքային տարիքըՙ 18¬25 տարին վաղուց են անցել։ Զարմանալի է, որ այդ անհեթեթ սահմանափակումը դեռ քաղաքականություն չի մտել։
Ընտրաիրականության տրամաբանությանն արժանի կերպարանք ունեն նաեւ ընտրացուցակները։ Դեռեւս տարեսկզբից թաղապետարաններում ձեռնարկվեցին դրանց մաքրման աշխատանքները։ Հատուկ այս նպատակի իրագործմանը լծվեց համակարգչային «Ուրբան» ծրագիրը։ Ընտրությունները հաջորդեցին մեկը մյուսին, բայց ընտրացուցակներն այդպես էլ մնացին չհստակված, մեռած հոգիներով ու արտագաղթածներով լի, ողջ մարդկանց բացակա անուններով, եւ շարունակաբար խնդիրների առջեւ կանգնեցրին ընտրողներին։ Մի՞թե այդքան բարդ էր խնդիրը, թե՞ թաղապետարանները, անձնագրային բաժինները ժամանակ ու միջոցներ վատնելով, պարզապես աշխատելու ձեւ էին անում։ Շարունակաբար մերժվեց նաեւ հաշմանդամների քվեարկության իրավունքը։ Ոչ ոք չհիշեց նրանց։ Ի՞նչ է եղել որ, եթե բնակչության գրեթե կեսը չմասնակցեց ընտրություններին, մի 10 հազար հաշմանդամի բացակայությունն ի՞նչ էր անելու։ Բարձրաձայն չարտասանված այս տրամաբանությամբ կրկին դուրս մղվեցին հասարակությունից ոչ միայն հաշմանդամները, այլեւ ծեր ու անկարող մարդիկ։
Չար լեզուներն ասում են, որ այս տարի ընտրակեղծիքների տեխնոլոգիան մի նորույթ էլ է գրանցելՙ ԲՇՏ-ների ու համատիրությունների մասնակցությունը։ Մարդը գալիս է ընտրության, ընտրացուցակում, բնականաբար, նրա անունը չկա, որովհետեւ տվյալ տարածքի բնակիչ չէ։ Շահագրգիռ այլ կառույցների ու ԲՇՏ-ի հետ կանխավ պայմանավորվածությամբ, տվյալ տարածքում բնակվելու տեղեկանք է հայթայթում, վերականգնում ընտրելու իրավունքը եւ քվեարկում ըստ հարկի։
Իսկ լուսավոր խորշեր ընտրաիրականությունն այնուամենայնիվ ունի, թեեւ նվազ, քիչ նկատելի, բայց կան դրանքՙ նվիրված, հավատավոր, անկաշառ մարդկանց գոյությունը թե հանձնաժողովներում, թե ընտրազանգվածի մեծ մասում։ Լուռ, համբերությամբ ու գլխահակ նրանք իրենց գործն են անումՙ խղճի ու պատասխանատվության թելադրանքով։ Եվ փառք Աստծո, որ կան նրանք, որոնց ժամը դեռ տիրապետող չի դարձել, բայց ամեն հասարակություն երկարատեւ ու ծանր հիվանդությունից առողջանում է նրանց շնորհիվ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ